«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2003-05-09 | #89, 2003-05-10 | #90, 2003-05-13


ԿՐԿԻՆ ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԹԱՓԱՆՑԻԿ ՔՎԵԱՏՈՒՓԵՐԸ

Երեք քվեատուփի դեպքում մեկը մյուսի գլխին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստը սկսեց Զավեն Պլուզյանի ներկայացրած նախագծով, համաձայն որի ԿԸՀ-ն հաստատեց թափանցիկ քվեատուփի ձեւը եւ ուժը կորցրած ճանաչեց ոչ թափանցիկ քվեատուփի չափը հաստատելու մասին իր իսկ որոշումը։

ԿԸՀ օրակարգի 2-րդ հարցը վերաբերում էր ԱԺ ընտրությունների եւ հանրաքվեի անցկացրած կարգին։ Նախագիծը ներկայացնում էր Պավել Եդիգարյանը։ Համաձայն վերջինիս, ընտրատեղամասերում կդրվեն 2 կամ 3 թափանցիկ քվեատուփեր, որոնցից մեկն առանձին նախատեսված կլինի հանրաքվեի համար։ Կախված ընտրողների թվից, ընտրատեղամասերն ԱԺ ընտրությունների համար կարող են ունենալ 1 կամ 2 քվեատուփ։ Անկախ այն բանից, թե քվեատուփերը կլինեն մեկը, թե երկուսըՙ ԱԺ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով ընտրությունների քվեաթերթիկները կգցվեն մեկ տուփի մեջ։ Երկու քվեատուփի դեպքում դրանք կդրվեն իրար վրա, եւ մեկի լցվելուց հետո միայն կօգտագործվի մյուսը։

Այս նախագծի քննարկման ժամանակ խնդիր ծագեց, թե արդյոք նպատակահարմար կլինի՞ որոշմամբ կամ հրահանգչական նամակով նախատեսել, որ հանձնաժողովները համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն ամփոփեն առաջինը։

8 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ նախագիծն ընդունվեց այն հավելումով, որ ԿԸՀ-ն հրահանգչական նամակով կդիմի տեղամասային ընտրական հանձնաժողովներինՙ առաջինը համամասնական ընտրության արդյունքներն ամփոփելու առաջարկով։

Օրակարգի 3-րդ հարցը վերաբերում էր ընտրողների վերջնական ցուցակների ձեւը հաստատելուն, ինչն ընդունվեց միաձայն։

4-րդ հարցով ԿԸՀ-ն սահմանեց քաղաքացիների դիմում-բողոքների եւ առաջարկությունների քննարկման կարգ։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4