Սրտի վիրաբույժ Հրայր Հովակիմյանի ծննդյան 50-ամյակի առիթով
Երկու օր առաջ «Նորք-Մարաշ» կենտրոնում սրտի ծանր վիրահատության ենթարկված հիվանդը քնած էր, չարթնացրինքՙ ավելորդ ծանրաբեռնվածություն ստեղծելուց խուսափելով։ Նրան խնամում էր քույրը, խնդրեցի մի քանի խոսք ասել։ «Ի՞նչ կարող եմ ասել, ձայնը կերկերուն էր, աչքերինՙ արցունքներ։ Հանճարեղ պարզություն ու համեստություն ունի, ինքը հրաշք է արարում, մարդկանց վերադարձնում ամենաթանկըՙ կյանքը։ Վիրահատությունը գիշերվա 3-ին ավարտվեց։ Ծանր, շատ ծանր վիրահատություն էր։ Լուսադեմինՙ ժամը 6-ին, նրան տեսանք հիվանդանոցի բակում, թենիսի ձեռնաթիակը ձեռքին, կռացել, մի ծաղկից հոտ էր քաշում։ Ե՞րբ էր հանգստացել։ Քրոջս հարցրել էրՙ ինչպե՞ս ես։ ¬ Ինչպե՞ս կարող եմ լինել, երբ դուք եք ինձ վիրահատել։ ¬ Շնորհակալ եմ,¬ գլուխը խոնարհել էր բժիշկը»։
Հրայր Հովակիմյան։ Բժիշկ, սրտի վիրաբույժ, ծնված Հալեպում։ Սովորել է տեղի բժշկական համալսարանում, ապա տեղափոխվել է ԱՄՆ, շարունակելով ուսումը եւ աշխատանքըՙ Նյու Յորքի «Բիկման դաունաթաուն» հիվանդանոց, Պորտլենդ Օրեգոնի Սբ. Վինսենթի կլինիկա, Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոց, Ալբեր Սթարի ակադեմիական կենտրոն։
Սկիզբՙ որոնումներ
1988-ի Սպիտակի երկրաշարժը ցնցեց աշխարհի հայությանը, եւ մարդասիրական օգնության աննախադեպ հոսք ուղղվեց Հայաստան։ Միացյալ հայկական ֆոնդն անմասն չմնաց այդ օգնությունիցՙ տարեկան տրամադրելով 200 հազար դոլարՙ 100¬150 երեխայի վիրահատության համար։ Բժիշկ Հրայր Հովակիմյանը «Medical Autreach for Armenians» ընկերության միջոցով Ամերիկայից եկավ Հայաստանՙ սրտի բնածին արատ ունեցող երեխաներին օգնելու ծրագիրն իրականացնելու։ «Առաջին անգամ Հրայրին հանդիպեցի 1992-ին, 2¬3 ամսով եկել, վիրահատություն էր կատարում Միքայելյան հիվանդանոցում։ Երիտասարդ էր, զուսպ, մի տեսակ վախվորածՙ Հայաստանում դեռեւս անորոշ ապագայից։ Մտքովս չէր անցնում, թե կգա մեր հիվանդանոց, այստեղ կձեւավորի թիմ, երբ երկրում բարձիթողի վիճակ էր, երբ ցուրտ էր, խավար, ժողովուրդը կիսաքաղց վիճակում էր։ Առաջին տարիներին վեց ամիս Հայաստանում էր աշխատում, վեց ամիսՙ ԱՄՆ-ում։ Իր գնալուց հետո ծառայությունը փակվում էր, որովհետեւ անձնակազմի վիրահատական ուժը պատրաստ չէր։ 1996-ից, երբ կենտրոնում ներդրվեց մեծահասակների սրտի վիրահատության ծրագիրը (մինչ այդ գործում էր միայն մանկականը), Հրայրը երկարաձգեց Հայաստանում գտնվելու ժամկետը», պատմում է կենտրոնի տնօրեն Լիդա Գեւորգյանը։ Հպարտություն կա խոսքերում նաեւ փորձառությամբ հարստացած, բայց ինչ-որ տեղ մտազբաղ վերլուծություն։
Հրայր Հովակիմյանը Միքայելյանում ձեւավորված իր թիմով տեղափոխվեց Նորքի 2-րդ մանկական հիվանդանոց։ Ծանր տարիներ էին, պայմանները բոլորովին անբարենպաստ, բայց թիմն ուներ «համառ ու նպատակային» ղեկավար ու նվիրյալ երիտասարդ բժիշկներ։ Նրանք արեցին անհնարինըՙ ի հեճուկս խավարի, ցրտի, հացի պակասի, հիվանդանոցի կիսավեր վիճակի, աշխատեցին զարմանալի նվիրումով ու համոզմունքով։ Հիվանդանոցի տնօրենությունը սիրով ընդունեց նրանց։ Դժվարությամբ հաղթահարելով խորհրդային բժշկական ծառայության ստերեոտիպերը, հանդես բերեց ճկունություն, որովհետեւ տեսնում էր արդեն ուրվագծվող հիվանդանոցի ապագանՙ իբրեւ սրտի վիրաբուժության կենտրոնի։ «Փաստը, մասնագետը եկել եւ ուզում է ծառայություն ստեղծել, ու գիտեինք արդեն, որ համառ է իր նպատակներն իրագործելու մեջ։ Վճռական խոսքը Հրայրին էր պատկանում, եթե նա չմնար, ո՛չ թիմ կլիներ, ո՛չ մասնագետ։ Որոշումը կայացրեց 3 տարի աշխատելուց հետո միայն, աստիճանաբար, երբ համոզվեց, որ կարող է մնալ եւ ստեղծագործել իր երկրի համար, որ այս հիվանդանոցում կարող է ազատ ներդրումներ անելՙ ե՛ւ գաղափարական, ե՛ւ նյութական, ու խոչընդոտներ չունենալ»։
Ձեռքբերումներ, արժեքներ
Հայաստանն այսօր ունի տարածաշրջանում հեղինակավոր սրտի վիրաբուժական կենտրոնՙ բարձր մասնագիտական օժտվածությամբ վիրաբույժների ու սրտաբանների անձնակազմով, նորագույն բուժական սարքավորումներով, գիտական-հետազոտական խոստումնալի պահեստային ուժերով, զարգացման անընդհատական ընթացքով։ Հրայր Հովակիմյանի աշխատանքի արդյունքներից է հիվանդանոցում հիմնված վիրաբույժների եւ քույրերի մասնագիտական դպրոցըՙ իր պատրաստած կադրերով։ Այս տարիների ընթացքում վիրահատվել է 4300 հիվանդ, տասնյակ հազարավորներ հետազոտվել եւ ախտորոշվել են։
1998 թ.-ից գործող «Նորք» մանկական ծրագրով կենտրոնը հարաբերություններ է ստեղծել ԱՊՀ երկրների մանկական ֆոնդերի հետՙ հնարավորություն տալով նրանց հիվանդ երեխաներ ուղարկելու Հայաստան, որտեղ բժշկական ամենաբարձր օգնություն է ցուցաբերվելՙ անվճար վիրահատություն կատարելով շուրջ 50 երեխայի, իսկ 200 երեխա հետազոտվել են, որն էլ դարձել է ամենավստահելի, այսպես ասածՙ քայլող գովազդ կենտրոնի համար։ 3 տարի է, կենտրոնիՙ միջազգային չափանիշներին համապատասխան բուժական եւ սպասարկման համակարգին հավելվել է նոր ծրագիր, որն իրականացվում է ամերիկյան համալսարանի համագործակցությամբ։ Համալսարանի մասնագետները ծրագրեր են մշակում վարչական աշխատանքի մեջ ժամանակակից ձեւեր եւ մեթոդներ, բուժսպասարկման ոլորտում որակական փոփոխություններ մտցնելու ուղղությամբ։
Գնահատանք-երախտիք
Արդեն ազգային հարստություն դարձած «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը կայացավ ու զարգացում ապրեց շնորհիվ հալեպահայ մեր հայրենակից Հրայր Հովակիմյանի բացառիկ նվիրումի, անձնազոհության ու անշահախնդրության։ ԱՄՆ-ում ունենալով ամենաթանկ գնահատվողՙ սրտի վիրաբույժի մասնագիտություն, հեղինակավոր կենտրոններից մեկում բարձր վարձատրվող աշխատանք, համբավ, նա թողեց անձնական հետաքրքրություններն ու եկավ Հայաստան։ Բնակվում է հիվանդանոցի սենյակներից մեկումՙ ապրում համեստ առօրյայով, անանձնական կյանքով։ «Սա այն հատկանիշն է, որ հազվադեպ է պատահում։ Հրայրից բացի երկրորդ դեպքը չգիտեմ։ Ինքը փայլուն վիրաբույժ է, հրաշալի կազմակերպիչ։ Արդեն 30 տարի աշխատում եմ այս ոլորտում, բժշկական աշխարհի մարդ եմ, շատ խելացի բժիշկների եմ հանդիպել։ Հրայրի մեջ հանճարեղ մի բան կա, որ տարբերել է տալիս իրեն մյուսներից։ Նա ոչ միայն հրաշալի մասնագետ է, այլեւՙ մտածող, հարցերինՙ փիլիսոփայական մոտեցումներով։ Հեռատես է, լավ է ճանաչում մարդուն, կռահում մտքերը, իր շուրջը համախմբել գիտի մարդկանց ու գրավել, վարակել իր եռանդով։ Ցանկացած հարց հանդարտ կարող է լսել, լուծումը հանդարտ գտնել եւՙ համոզիչ բոլորի համար։ Հաշվի է նստում ընկերոջ, աշխատակցի հետ, վստահում, էթիկայի կանոնները չի խախտում, բարեկիրթ, սակայն պահանջկոտ է, ազդեցիկ է խոսքըՙ հատու, խստաբարո։ Աշխատասեր է, նրա բոլոր ժամերը զբաղված են, երբեք չի հոգնում, պատահում էՙ օրական նույնիսկ 4 վիրահատություն է կատարում, երբ անհրաժեշտ է, դրան զուգահեռ դասընթացներ, վերլուծություններՙ վիրահատությունից առաջ եւ հետո։ Նրա ամեն օրը տարբեր է մյուսիցՙ մշտական պրպտումներով ու ստեղծագործ առաջարկներով լի։ Ինքը Հայաստանի պատվավոր քաղաքացի է, Մխիթար Հերացու մեդալակիր, Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր, եւ այս ամենն իր արժանապատիվ պահվածքի, խենթ ու խելառ, համառ գործունեության, ստեղծագործ աշխատանքի շնորհիվ, որի համար նա ոչինչ չի խնայում, նույնիսկ ամենակարեւորըՙ առողջությունը, կյանք է տալիս ուրիշներինՙ մարելով իրեն»։
Սրտի վիրաբուժության հեղինակավոր կենտրոն, 4300 կյանքը վերագտած մարդիկ, հեշտ է թվեր ասելը։ Սակայն ինչ ապրումներ, ճիգեր են թաքնված դրանց հետեւում։ Պայքարՙ կյանքի ու մահվան միջեւ, մարդկային ճակատագրեր, աննկարագրելի սպասում ու մազե կամրջին երերացող հույս, որի միակ ապավենը վիրահատարանում աշխատող բժիշկն էՙ նրա շնչառու ձեռքերն են, սիրող սիրտն ու ջերմ հոգին։ Վստահաբար այս կարելիությունը, մասնագիտական բարձր որակներից բացի, կյանքի ու մարդու նկատմամբ Հրայր Հովակիմյանի անսովոր սիրուց ու հավատից է, հակառակ դեպքում իր ձեռքերը նման հրաշքներ չէին կարող գործել։
Իր նկարագրի պարզությունը եւ համեստությունը հայտնի է ամենքին, ու թող բառերը շռայլ չթվան, որովհետեւ իր մասին բոլորն են զարմացած հիացմունքով խոսում, նաեւ չվիրահատվածներըՙ մարդկային սովորական շփումներից, թեկուզ մեկ զրույցի տպավորությամբ։
Այսօր իր կյանքի 50 տարին է բոլորում Հրայր Հովակիմյանը, ու շնորհավորանքի բառերը հանկարծ շատ փնտրելի են դառնում, որովհետեւ ավելի անսովոր, զգայուն են ուզում լինելՙ ափի մեջ թրթռացող մարդկային սրտի պես տաք։ Շնորհակալ ենք իրեն, որ այդպիսին կաՙ շռայլ, ջերմ, հուսադրող։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ