«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2003-05-13 | #91, 2003-05-14 | #92, 2003-05-15


«ԵՐԲԵՄՆ ՄԻ ՕՐԵՆՔԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՄԵԿ ԱՅԼ ՕՐԵՆՔ ԽԱԽՏԵԼՈՒՆ»

Հարկային քաղաքականության խնդիրներն անմիջականորեն շաղկապված են գործարարության աշխուժացման եւ զարգացման հետ։ Մեր հարցազրույցն այս ոլորտի խնդիրների շուրջ ՀՌԱԿ ատենադպիր Մեսրոպ Հարությունյանի հետ է։

¬ Որո՞նք են կուսակցության կողմից հարկային քաղաքականության մեջ առավել կարեւորվող ուղենիշները։ Ի՞նչ փոփոխություններ կցանկանայիք այստեղ տեսնել։

¬ Առաջին հերթին հարկային դաշտը պետք է պարզեցված լինի, որպեսզի ինչպես ներքին, այնպես էլ օտարերկրյա ներդնողները համոզված լինեն, որ իրենց բիզնեսի համար արհեստական դժվարություններ չեն լինի։ Իսկ մեր օրենքներն այնքան բարդ են, որոնց էլ ավելանում են դրանց անընդհատ փոփոխությունները։ Ես փորձել եմ հաշվել այս տարի միայն «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում կատարված լրացումները։ Երբ այդ թիվը գերազանցեց 200-ը, դադարեցի հաշվելը։ Բացի այդ, կան օրենքներ, որոնք հիմք են հանդիսանում խախտումներ կատարելու համար։ Օրինակ, երբ անցյալ տարվա դեկտեմբերին խորհրդարանում ընդունվեց հարկային բարեփոխումների փաթեթը, որն ուժի մեջ էր մտնում հունվարի 1-ից, դեռեւս հունվարի կեսերին տպագրված չէր։ Մինչդեռ շատերը, չիմանալով այդ փոփոխությունների մասին, փաստորեն խախտեցին օրենքը։ Կամ սոցիալական հիմնադրամին կատարվող վճարումները, որ պետք է կատարվեն մինչեւ հաջորդ ամսվա 15-ը։ Իսկ եթե բյուջետային կազմակերպությունը մինչ այդ ամսաթիվն աշխատավարձ չի՞ ստացել։ Այդ դեպքում նրա հաշվի վրա տույժ եւ տուգանքներ են ավելանում։ Դրանք բյուջետային կազմակերպությունները որտեղի՞ց պետք է վճարեն։ Ասում ենՙ այլ ծախսերից։ Բայց չէ՞ որ այդ ծախսերն էլ հատուկ նպատակներով են բյուջեից հատկացվում։

¬ Փաստորեն ստացվում է, որ որոշ օրենքներ նպաստում են, որ այլ օրենքներ խախտվե՞ն։

¬ Այո։ Հաջորդը, որի մասին կցանկանայի ասել, այն քաշքշուկն է, որ ստեղծվում է օտարերկրյա ներդնողների համար։ Շատ հաճախ տեղի օրենքները չիմանալով, նրանք հայտնվում են նման քաշքշուկի մեջ։ Պատճառը դարձյալ օրենքներում հաճախ կատարվող փոփոխություններն են։ Տեսեք, «Ավելացված արժեքի հարկի մասին», «Գույքահարկի մասին», «Եկամտահարկի մասին» եւ մյուս բոլոր օրենքներում փոփոխություններ կատարեցին։ Իմ կարծիքով, ճիշտ չէ նաեւ սանդղակների գոյությունը, օրինակ, եկամտահարկի դեպքում։ Բացի այդ, շատ հաճախ մեր օրենքներն ուղղակիորեն թարգմանվում են եւ առանց տեղական առանձնահատկությունները հաշվի առնելու ընդունվում։

Սակայն ուրախալի է, որ ավելացված արժեքի հարկի մասով արտոնություններից կամաց-կամաց հրաժարվում ենք։ Արտոնություններ կարելի է տալ նոր սկսվող բիզնեսներին։ Ժամանակին նման դրույթ կար շահութահարկի համար։ Պետք է շահագրգռել, որ հատկապես արտադրության մեջ մարդիկ իրենց ֆինանսական միջոցները ներդնեն։ Մանավանդ առանձին արտադրատեսակներ կան, որոնք արտադրելուց մի քանի տարի հետո են եկամուտ տալիս։ Օրինակՙ Հայաստանում շատ զարգացած է քիմիական գիտությունը, որտեղ ներդրումներ կատարելով շատ նյութեր կարող ենք ստանալ։

¬ Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նախընտրական շրջանում քաղաքական տարբեր ուժերի կողմից հարկային դրույքաչափերի իջեցման մասին տրվող խոստումներին։

¬ Չի կարելի նման բան խոստանալ։ Եթե իջեցնենք, ապա ինչպե՞ս ենք համալրելու պետբյուջեն։ Մի՞թե մենք ցանկանում ենք մշտապես 420 մլն դոլարի չափով բյուջե ունենալ։ Պետք է նախ հնարավորություններ ստեղծել բյուջեի ավելացման համար, ապա նոր գնալ իջեցման։ Շատերը քարոզարշավի ժամանակ ասում ենՙ ձեր թոշակները միանգամից կբարձրացնենք։ Ինչպե՞ս։ Հարկերն իջեցնելո՞վ։ Եթե մեր բյուջեն բաժանում ենք մեր ամբողջ բնակչության թվի վրա, ստանում ենք յուրաքանչյուրին 10¬12 դոլարի եկամուտ ամսական։ Թոշակների բարձրացման համար նախ եւ առաջ պետք է հարկերը լավ հավաքել։

¬ Ի դեպ, հարկերը լավ հավաքելու մասին։ Ձեր կարծիքով, ստվերային տնտեսության ծավալներն ինչպիսի՞ն են։ Այստեղ կա՞ն լուրջ ռեսուրսներ։

¬ Ես շատ եմ նկատել, որ ներկրողներն ապրանքագրերը ներկայացնում են ցածր գներով եւ հարկն էլ վճարում այդ գումարից։ Այստեղ այլ օգտվողներ էլ են լինում, որից տուժում է պետբյուջեն։ Բացի այդ, պատահում է, որ ոչ բոլոր ներկրվող ապրանքներն են մաքսազերծվում։ Ասենքՙ 100 միավոր ներկրվող ապրանքից երեւում է 90 միավորը, 10-ը չի երեւում։ Մյուս կողմից էլ մեր ժողովրդի մտածողությունն է նպաստում ստվերային շրջանառությանը։ Տնտեսագետներից շատերն ասում են, որ պետք է հարկերն այնպիսին լինեն, որ դրանց չվճարելը ձեռնտու չլինի։ Սակայն մեր տնտեսվարողները, որքան էլ ցածր դրույքաչափով հարկվեն, միեւնույն է, աշխատելու են գոնե դրա մի մասը չվճարել։ Գաղտնիք չէ նաեւ, որ հարկային մարմինների ստուգումների արդյունքում ոչ միշտ եւ ոչ բոլոր գումարներն են պետբյուջե մտնում։

Ներքին շուկայում առեւտուրն ու սպասարկումը ստվերային զգալի շրջանառություն ունեն։ Տոնավաճառներում հայտնի չէ, թե որքան եւ ինչ արժեքով ապրանք է վաճառվում, քանի որ շրջանառությունը չի հարկվում։ Երթուղային տաքսիները նույնպես։ Թող գնան տեսնեն, թե քանի մեքենա է գրանցված եւ քանիսն է շահագործվում։ Եվ, իմիջիայլոց, դա չի էլ թաքցվում։

Մի բան էլ եմ նկատել։ Մեր հարկային տեսուչներն ավելի շատ ստուգում են փոքր շրջանառություն ունեցող տնտեսվարողներին։ Թող մի քիչ էլ խոշորներին ստուգեն։ Նման պայմաններում ինչպե՞ս կարող է փոքր եւ միջին բիզնես զարգանալ։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4