«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2003-05-14 | #92, 2003-05-15 | #93, 2003-05-16


ԲԱՆԿԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԿԳՈՐԾԵՆ

Հայաստանի բանկերի միության նոր խորհուրդ եւ նախագահ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի բանկերի միության 6-րդ համագումարը թերեւս բեկումնային նշանակություն կունենա ինչպես միության, այնպես էլ բանկային համակարգի համար ընդհանրապես։ Երեկ «Կոնգրես» հյուրանոցում Հայաստանի 16 բանկերի ղեկավարներ փոփոխություններ կատարեցին միության կանոնադրության մեջ, ինչը հնարավորություն կտա առավել գործուն եւ ազդեցիկ դարձնել այդ կառույցը։ Համաձայն այդ փոփոխությունների, ընտրվեց 6 հոգուց կազմված խորհուրդ, որի մեջ ընդգրկվեցին «Անելիք», «Կոնվերս», «Հայխնայբանկ», ACBA, «Հայներարտբանկ», «HSBC բանկ-Հայաստան» բանկերի ղեկավարները։ Այնուհետեւ ընտրվեց բանկերի միության նախագահՙ «Անելիք» բանկի նախագահ Սամվել Ճզմաչյանը։

Համագումարին ողջույնի խոսք ուղղեցին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը։

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարն անդրադարձավ վերջին 3 տարիների տնտեսական ցուցանիշներին, կարեւորեց բանկային համակարգի դերը դրանց բարելավման հարցում։ Նա առանձնացրեց անցյալ տարվա ընթացքում անառողջ բանկերի դուրս գալը, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց ավանդների ապահովագրության ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

Արսեն Ղազարյանն ընդգծեց, որ գործարարության ոլորտում բանկային համակարգն ամենակայացած շերտն է, որին ձգտում են հասնել մյուսները։ Երկու միությունների համագործակցությունը Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը համարեց գործարարության արդյունավետության երաշխիք։

Կենտրոնական բանկի նախագահը, անդրադառնալով միության նախորդ համագումարում (2 տարի առաջ) իր ունեցած ելույթին, նշեց, որ դրանում հիշատակված բոլոր ծրագրային նպատակները կյանքի են կոչվել։ Մասնավորապես վարկային ռեգիստրը կայացել է, շրջանառության մեջ է դրվել ավանդների երաշխավորման հիմնադրամի ստեղծման փաստաթուղթը, պլաստիկ քարտերի ArCa համակարգը ստեղծվել է, վարկային կազմակերպությունների մասին օրենքն ընդունվել եւ գործում է, արդեն 4 այդպիսի կազմակերպություններ կան։

Տիգրան Սարգսյանն, ընդգծելով անցյալ տարվա ընթացքում 10 բանկերի դուրս մղվելը, նշեց, որ դա ոչ միայն բացասաբար չազդեց, այլ ընդհակառակըՙ նպաստեց մնացած 20 բանկերի ֆինանսատնտեսական ցուցանիշների բարելավմանը։ Նրանք տարին ավարտեցին շահույթով, ինչը «շատ հուսալի» է։ Սակայն ԿԲ նախագահը դա բավարար չհամարեց, ասելով, որ դեռեւս կան մի շարք լուրջ խնդիրներ։

Ելույթներից հետո հայտարարված ընդմիջմանը միության առաջիկա անելիքների մասին տեղեկանալու նպատակով զրուցեցինք նորընտիր նախագահ Սամվել Ճզմաչյանի հետ.

¬ Այս կառուցվածքն, իմ կարծիքով, պետք է իրեն արդարացնի, ինչը չէի ասի գործողի մասին։ Ես առաջարկել էի, որ խորհուրդը պետք է մշակի ռազմավարությունը եւ իրականացնի ներկայացուցչական գործառույթներ։ Գործադիր տնօրենը պետք է իրականացնի ընթացիկ աշխատանքները։

Միությունը համագործակցելու է Կենտրոնական բանկի հետ։ Գործող բանկերը վերջնականապես համոզվել են, որ Կենտրոնական բանկն այսօր հակված է բանկերին օգնելու, այլ ոչ թե փակելու, ինչպես էր տարիներ շարունակ։ Դա երեւի ոչ թե միայն եւ ոչ այնքան Կենտրոնական բանկի դերն էր։ Պարզապես բանկերի ղեկավարները չէին կարողանում իրենց գործունեությունն իրականացնել այնպես, որ տվյալ բանկը շարունակեր կանոնավոր գործել։

Հաջորդն այն է, որ օրենսդրական դաշտում էլ բավականին անելիքներ ունենք։ Միանշանակ է, որ Կենտրոնական բանկը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, Ազգային ժողովը բանկային համակարգին վերաբերող օրենքներ քննարկելիս համագործակցեն մեզ հետ։ Ոչ ոք ավելի լավ չի պատկերացնում մեր ցավերն ու անելիքները, քան մենք։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4