«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2003-05-15 | #93, 2003-05-16 | #94, 2003-05-17


ԽԵԼԱՀԵՂ ՊԱՐ ՈՒ ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊՈՌԹԿՈՒՄ ՀՌԱԿ-Ը, «ԱԼՖԱ ԷԼ» ՊՐՈԴՅՈՒՍԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ «ՌԱԴԻՈ ԵՐԵՎԱՆԸ» ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արտառոց ու բարձրաղմուկ երաժշտության հնչյունները շաբաթ երեկոյան ինքնամոռաց պարի կհրավիրեն երիտասարդներին։ Մինչեւ ուշ գիշեր Կարապի լճի մոտ նրանք հնարավորություն կունենան փոքր¬ինչ պարպելու իրենց մեջ հորդացող երիտասարդական անսպառ ավյունըՙ այս անգամ Անգլիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից ժամանած դիջեյների մասնակցությամբ։

Տարբեր երկրների երիտասարդության հետ հայ երիտասարդների շփումներն աշխուժացնելու նպատակով 2001 թվականից Երեւանում անց է կացվում «Դը Ջեներասիոն» միջազգային փառատոնը։ Այս տարի փառատոնը հովանավորելու նախաձեռնություն են ցուցաբերել Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը, «Ալֆա էլ» պրոդյուսերական կենտրոնը եւ ռուսական «Ռադիո Երեւան» ռադիոկայանը։ Անցած տարի միջոցառման գլխավոր հովանավորն էր Ռուսաստանի հայերի միությունը, որի ջանքերով ջերմ կապեր հաստատվեցին արտասահմանցի երիտասարդների հետ, միաժամանակ ամուր հիմքերի վրա դնելով մեզանում դեռեւս նոր սկզբնավորվող դիջեյական արվեստը։ Եթե տարիներ առաջ դժվարությամբ կարելի էր հայտնաբերել մի քանի դիջեյների, ապա այսօր նրանց թիվը հասնում է 500¬ի։

Այս մասին մեզ տեղեկացրեց «Ալֆա էլ» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Լեւոն Աբրահամյանըՙ փառատոնի կազմակերպիչների հետ «Հրազդան» հյուրանոցում երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Մեր երիտասարդությանն աշխուժացնելու եւ բարձր տրամադրություն պարգեւելու նպատակով ՀՌԱԿ փոխատենապետ Մեխակ Գեւորգյանի հետ նրանք մշակել են մի շարք ծրագրեր, որոնցից առաջինը վաղվա միջոցառումն է։ Կմասնակցեն 20 դիջեյներ, որոնցից 8¬ը օտարազգիներ են։ Տարեցտարի կընդլայնվի վերջիններիս մասնակցության աշխարհագրությունը, որը կբերի փորձի մեծ փոխանակում, ինչպես նաեւ կմտերմացնի տարբեր երկրների երիտասարդությանը։

Մեխակ Գեւորգյանի կարծիքով, քանի որ դիջեյական մշակույթի հանդեպ հետաքրքրությունն այսօր բավականին մեծ է աշխարհում, հետեւաբար մեր երիտասարդները չպետք է անմասն մնան դրանից։ Նրանց առօրյան գունագեղ, աշխույժ ու զվարճալի դարձնելու նպատակին է ծառայում նաեւ այս օրերին կրթական օջախներին համակարգիչներ բաժանելու ռամկավարների ծրագիրը։ Վաղվա միջոցառումն ապահովված է տեխնիկական հրաշալի միջոցներով։

խորհուրդ չի տրվում բացօթյա դիսկոտեկ գնալ տոնական կոստյումներով։ Նախ շոգ է, եւ ապա խելահեղ պարի ժամանակ ում խելքին ինչ ասես կարող է փչել...

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4