«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2003-05-16 | #94, 2003-05-17 | #95, 2003-05-20


ԳՈՒՅՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Հակոբ Հակոբյանի ծննդյան 80-ամյակի առիթով

Բաց տարածություններՙ հեռուների անդիմադրելի կանչով, լռությամբ ամփոփուն, հոգու եւ մտքի հանկարծակի շարժում առաջացնող վիճակներով, կյանքըՙ արտահայտված խոր դրամատիզմով, իրերի բնույթըՙ պարզ, խիստ, զուսպ գծապատկերների մեջ։ Հակոբյանական ոճն է, աշխարհը տեսնելու իր կերպը, զգացողությունները, վերաբերմունքն ու ընկալումները։ Իր ձեռագիրը, մեզանում դեռեւս չեղած նկարչական, նոր ձեւերը, հայ գեղանկարչության մեջ նոր մոտեցում էր, նոր գույն, նոր որակ։ Մտածող նկարչություն, որտեղ աշխարհը ներկայանում է առաջին հայացքից իրեն ոչ այնքան նման, ավելի գունազերծ-քողազերծ, ավելի ռեալ, բայց հարցականներով լի։ Իրերի թանձր լռության մեջ թաքնված շարժումը հոգեբանական խտացումներովՙ Հակոբ Հակոբյանի նկարչությունը դարձնում է սպասումի ընթացք մեծ ճանապարհներին։ Հարուստ հուզաշխարհ, դրամատիզմ, տագնապներ ու անհասանելություն։ Իրերի դասավորության կարգը ստեղծում է ներկա-բացակա կերպարների մի շարք, դրանց միջեւ առաջացած լռության մեջ տեսանելի է դառնում բացական, ասենք, շինական կինըՙ սխտորների ու հողաթափերի անշարժ գոյությամբ։ Առաջանում է մի ուրիշ զգացում եւսՙ ժամանակը կանգ առած է թվում։ Կյանքի ցավն ու լարվածությունը վտիտ, պրկված մկաններով, կծկված ու ինքնամփոփ վիճակները լրացնում են տխուր մարդկանց կերպարների շարքը։

Հետեւելով իրերի անշարժ շարժումին (ձեռնոց, վերարկու, աքցան, հողաթափեր, աթոռ)ՙ թախծի, մենության ու լքված իրականության զգացումներ ես ապրում։ Հեռաստան-դաշտավայրերըՙ հեռագրասյուներով, ցանկապատերով, մերկ ծառերովՙ ձգտումներ, երազներ, ինչ-որ տեղ անորոշություն են ծնում։ Հակոբյանի բնապատկերները նուրբ, փխրուն ձեւերի մեջՙ ծառի, թփի, բույսի գեղեցկության եզակի զգացողություններով են գծագրված, թեթեւ երանգներով («Առավոտը Աղավնաձորում»)։

Մի շարք աշխատանքներում պատկերված գորշ, լերկ կամ քարոտ տարածքները, սակայն դրամատիզմով են բնութագրելի։ Աշխարհի տերըՙ մարդը, մտազբաղ, անտերունչՙ լերկ քարերին («Տերը»), անզորության հասած անգթությունըՙ մորթվածի սառած աչքով («Մսի պասաժ»), բազմամարդ տեսարաններըՙ տխուր պատկերներով, մտքի որոնումներն ու խաբուսիկ իրականությունը («Ամպը»), կարելի է այսպես շարունակել։ Հակոբ Հակոբյանի արվեստում բնության ներքին ռիթմը, նյարդը արթուն են, կյանքի երակըՙ բաց։

Ուրբաթ օրը նկարիչների միության սրահում կազմակերպած ցուցահանդեսը Հակոբ Հակոբյանի 80-ամյակի առիթով, հոբելյանական նվեր էր վարպետին, իր երկարամյա վաստակի գնահատանքըՙ շնորհավորանքների, բարեմաղթանքների ձեւով, սրահի բազմամարդությամբ։ «Հակոբյանն ինձ համար այն հազվագյուտ մարդկանցից է, առանց որի ներկայության Հայաստանում շնչահեղձ կլինեմ», այսպես արտահայտվեց Հակոբյանի արվեստի երկրպագու, Այնթափի դպրոցի տնօրեն Ալլա Սահակյանը։

«Հակոբյանը բերեց իր Հայաստանը, ավելի ռեալ գունային աշխարհով։ Նա գտավ Հայաստանի գույնը։ Մեր երկինքը, հողն այսպիսի գույն ունենՙ թույլ օխրայանման։ Բայց ասել, թե տխրության ու հոռետեսական գույների նկարիչ է, սխալ կլինի։ Նա բաց է, բացը ազնիվն է։ Նկարի ընկալումը բառերով թարգմանելի չէ, եւ ոչ էլ մեկնաբանության անհրաժեշտություն ունի։ Այս ամպը լույս է։ Իրերի, նշանների երկիր է սա, ու պարզունականում է, երբ բացում ես, ընկալման մեջ է ամբողջանում նկարը», այսպիսին է Հակոբ Հակոբյանի գեղանկարչությունը հրատարակիչ, գրող Վան Արյանի աչքերով։

Այս ապրված ու վերարարված աշխարհը ստեղծագործական բեղուն կենսագրությամբ, կյանքի փիլիսոփայական ընկալմամբ, խտացված է «Մարդը եւ բույսը» կտավում։ Ավազուտների մեջ կքած մարդը ձեռքերի ափերում փայփայում է մի փոքրիկ բույս։ Սա նոր կյանքի սկիզբ է ու հավատի վերընձյուղում։ Նաեւ շարունակության, լինելիության խոստում։ Շահեն Խաչատրյանի վկայությամբ այս գործը վարպետը սկսել է Եգիպտոսում եւ ավարտել Հայաստանում։ Մինչ Հայաստան գալը (1962 թ.) Հակոբյանն իր լավագույն աշխատանքներից 10-ը նվիրել է հայրենիքին։ «Նա ետեղեռնյան առաջին սերնդի այն ներկայացուցիչն էր, այն մտավորականը, որ կարողացավ ամփոփել սփյուռքում ապրող մեր հայրենակիցների հոգեբանությունը եւ անհայրենիք ապրող ժողովրդի մի հատվածի հոգեւոր երգիչը դարձավ։ Հայաստան գալովՙ նա մեզ համար բացեց նոր աշխարհ, նոր Հայաստան։ Մենք սովոր էինք Սարյանի Հայաստանին, դա երազային հայրենիքն էր։ Հակոբյանը բերեց իրական, տանջվող Հայաստանը, բացեց մեր երկիրը յուրահատուկ տեսնելու կերպ, որտեղ մեր խոհերն են, մեր զգացումները։ Բայց միշտ զուգահեռաբար տարել է այն լուսավոր գիծը, որ կոչում է մեր ժողովրդինՙ ապագայի հանդեպ լավատեսության», ասաց Շահեն Խաչատրյանը։ Ցուցահանդեսի բացման օրը վարպետը լավատեսական զգացումներ ուներ. «Ուրախ եմ, որ ողջ եմ, առողջ, կարողանում եմ շարունակել նկարել, շրջապատված եմ բարեկամներով, ասիկա մեծ բան է։ Հայաստանն ինձի համար անհամեմատելի է ուրիշ ոեւէ բանի հետ, ես ուրախ եմ, որ արեւն եմ տեսնում ամեն օր եւ լույս եմ տեսնում. դա քիչ բան չէ։ Մեր ժողովրդի պատմության բացառիկ պահն է։ Առաջին անգամ ըլլալով գոյություն ունինք աշխարհի վրա իբրեւ անկախ երկրի մը քաղաքացի։ Սա չի եղել հազարավոր տարիներ։ Այսօր մենք տարբեր որակի ենք, որովհետեւ ունինք մեր պետությունը եւ քաղաքացի ենք եւ ոեւէ պետության, ոեւէ ժողովրդի հետ հավասարը հավասարի պես նստելու իրավունք ունինք։ Պետք է այդ բանը գիտակցենք մենք, ոչ թե միշտ հիշենք, որ մեզ ջարդեր են, մեզ քշեր են եւ այլն։ Այսօր ես քաղաքացի եմ անկախ երկրի մը։ Փոքր է, կարեւորություն չունի, բայց անկախ է։ Այդ գիտակցությունն է, որ ուզում եմ ունենան բոլոր հայերը։ Երկիրը կրնա դժվարություն ունենալ, կրնա դյուրություն ունենալ։ Կարեւորն այն գիտակցումն է, որ դուն այս հողին տերն ես, ունիս քո պետությունը եւ դուն անկախ, ազատ քաղաքացի ես աշխարհի վրա ու իբրեւ հայ կարող ես եւ պետք է ներկայանաս»։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4