ՀՌԱԿ-ն ու ՌՀՄ-ն արդեն ստեղծել են փոքր ձեռնարկություններ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Երեկ Երեւանում բացվեց Հայ-ռուսական ներդրումային համաժողովը, որին մասնակցելու նպատակով ՌԴ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան էին ժամանել 80-ից ավելի գործարարներ։
Համաժողովի մասնակիցներին ողջունել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի ուղերձում ընդգծվեց հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող հանգամանքների բացակայությունը։ Այնուհետեւ համանման ելույթներ ունեցան Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Իլյա Կլեբանովը։ Հայաստանի տնտեսական վիճակը ներկայացրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Նա նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է միջին տարեկան 9 տոկոս աճ, իսկ անցյալ տարիՙ 12,9 տոկոս։ Լուրջ աճ է արձանագրվել արտահանման ծավալների մեջ։
Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանն ընդգծեց այս համաժողովի շարունակելիության անհրաժեշտությունը։ Նրա հավաստմամբ, Ռուսաստանում միտում կա Հայաստանը որպես ներդրումներ կատարելու համար հարմար երկիր դիտարկելը։ Արդեն համաժողովի ընդմիջմանն «Ազգի» թղթակցի հետ զրույցի ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահն այն կարծիքը հայտնեց, որ համաժողովը պետք է երկու մասի բաժանել։
Առաջինն այն է, որ արդեն կան մարդիկ եւ կառույցներ, որոնք սկսել են աշխատել իրենց գործընկերների հետ։ Օրինակ, ՌՀՄ-ն Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հետ արդեն մոտ 10 փոքր ու միջին ձեռնարկություններ է ստեղծել։ Արա Աբրահամյանը խոստացավ հոկտեմբերին բոլոր պայմանավորվածությունների, ստեղծված ձեռնարկությունների եւ դրանցում առկա աշխատատեղերի մասին տեղեկություն տրամադրել։ Երկրորդ նշանակությունը ճանաչողական բնույթի է։ Ռուսաստանցի գործարարները պետք է տեղում տեսնեն, ուսումնասիրեն պայմանները եւ ապա որոշեն իրենց անելիքը։
Լրագրողների հետ զրուցելիս Կարեն Ճշմարիտյանը ռուսաստանցի գործարարների համար գրավիչ գործոններ համարեց աշխատուժի որակը եւ էժանությունը, գիտական եւ գիտատեխնիկական մտավոր ներուժը։ Նա կարեւորեց Ռուսաստանի պատվիրակության մեջ բազմաթիվ հայ գործարարների առկայությունը եւ նրանց մասնակցությունը համաժողովին։ Նախարարն առանձնացրեց Ռուսաստանի հայերի միության համախմբող դերը եւ լուրջ աշխատանքն այս հարցում։ «Ռուսական ներդրումները ո՞ր ոլորտներում են նախընտրելի» հարցին Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց, որ նախ եւ առաջՙ գիտության եւ տեխնոլոգիաների։ Այժմ արդեն ներդրումներ կան քիմիայի, լեռնամետալուրգիայի ոլորտներում։ Ցանկալի համարվեց, որ դրանք տարածվեն նաեւ այլ ոլորտներումՙ բանկային կապիտալ, ֆինանսական ծառայություններ, ապահովագրություն։
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էլ այս միջոցառումը համարեց նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակությունը։ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կայունությունը եւ հուսալիությունը, ըստ վարչապետի, վստահություն են ներշնչում ներդնողների, հատկապես հայազգի ներդնողների համար։ Դա նշանակում է, որ հավատ կա պետության եւ տարվող քաղաքականության նկատմամբ։
Ըստ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովի, հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները զիջում են քաղաքականին։ Նա կարեւորեց հատկապես այն հանգամանքը, որ Հայաստանում ներդրումներ կատարելու նպատակով այստեղ են ժամանել հայազգի գործարարները։ Նրա կարծիքով, Հայաստանում ներդրումների համար առաջարկվող պայմանները տպավորիչ են։ Միակ խնդիրը, որը խոչընդոտում է գործընթացին, տրանսպորտայինն է։ Այդուհանդերձ, ՌԴ նախարարը հույս հայտնեց, որ առաջին համաժողովն իր շարունակությունը կունենա, եւ նման համաժողովներն ավանդույթ կդառնան։
Համաժողովի նպատակների եւ ՀՌԱԿ-ի ու Ռուսաստանի հայերի միության ծրագրերի ընդհանրական լինելու մասին հարց ուղղեցինք DCA եւ JCA ընկերությունների նախագահ Գագիկ Աբրահամյանին։ Նրա հավաստմամբ, այդ ծրագրերն ու համաժողովի նպատակները համընկնում են։ Մասնավորապես ներդրումներ են կատարվել շինարարության, թանկարժեք քարերի արտադրության, գյուղատնտեսության, գիտության բնագավառներում։ Գագիկ Աբրահամյանը կարեւոր համարեց նման խոշոր համաժողովի հրավիրումն արդեն գործող ծրագրերի շարունակության եւ նոր ծրագրեր սկսելու համար։