Մայիսի 19-ին Լոռու մարզպետարանում ստորագրվեց համատեղ պայմանագրի արձանագրություն Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ դ՚Ազուր մարզի ձեռնարկությունների ներկայացուցիչ Կոնստան Օմիրոյի եւ մարզպետ Հենրիկ Քոչինյանի միջեւ։ Արձանագրությամբ հավանություն է տրվում «Ձեռնարկությունների ընդհանուր ընկերակցության» ստեղծմանը, որի նստավայրը կլինի Վանաձորը։ Ընկերակցության տնօրինությունը կհանձնվի Կոնստան Օմիրոյին, որը Լոռու մարզի իրավասու մարմինների հետ միակ խոսակիցը, այն էՙ բանակցող իրավասու անձը կլինի։ Ընկերակցությանը կտրամադրվեն համապատասխան տարածքներՙ 10-ամյա ժամկետով։ Կստեղծվեն ջեռուցման, էներգիայի ստեղծման այլընտրանքային ձեւերի (արեւի, քամու էներգիա) սարքավորումների արտադրության հայկական ձեռնարկություններ։ Առաջարկությունների թվում նախատեսվում է նաեւ հեռախոսակապի, համակարգչային տեխնիկայի արտադրության եւ այլ ձեռնարկությունների ստեղծում։ Աշխատողները կհավաքագրվեն Լոռու մարզում (բացառությամբ բարձրաստիճան պաշտոնյաների)։
Պրն Օմիրոն Լոռու մարզպետի ուղեկցությամբ այցելեց «Ավտոմատիկա» ԲԲԸ, «Ավտոմատիկա» ԳՀԻ, «Էլեկտրոն» ՓԲԸՙ ծանոթանալով տարածքներին։
Ձեռնարկությունների ստեղծման շրջանակումՙ նյութական ու ֆինանսական ունեցվածքները, ըստ արձանագրության, մնալու են ներդնողների անձեռնմխելի սեփականությունը։ Լոռու մարզպետն այդ ձեռնարկությունների գործունեության երաշխավորողն է լինելու։
Կոնստան Օմիրոն հաջորդ անգամ Լոռու մարզ կայցելի Պրովանս Ալպ Կոտ դ՚Ազուրի ձեռնարկատերերի հետ, կստորագրվեն կոնկրետ պայմանագրեր։ Սեպտեմբերի երկրորդ կեսին Հայաստան է այցելելու Պրովանս Ալպ Կոտ դ՚Ազուրի նախագահ Միշել Վոզելը։
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ