«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2003-05-17 | #95, 2003-05-20 | #96, 2003-05-21


ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԵՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ

Իսկ ադրբեջանական հուշարձաններ դեռեւս չեն հայտնաբերվել....

Հազարամյակների հնություն ունեցող հայոց բազմաքանակ պատմամշակութային կոթողները հպարտության պահեր են պարգեւում մեզ, իսկ օտարներինՙ զարմանք ու հիացմունք։ Օտարազգիների պատմական հուշարձանները մեծ թիվ չեն կազմում մեր երկրում, սակայն մշակութային արժեքներ ստեղծելու եւ պահպանելու հայերի յուրահատուկ հատկությունը մշտապես հիացրել է օտարներին։

Պատմում են, որ Երեւանի կենտրոնում գտնվող իրանական Կապույտ մզկիթի վերականգնման աշխատանքների ժամանակ քանդված նկարազարդ հախճասալիկները երեւանցիները վերցրել ու պահ են տվել իրենց տներումՙ գնահատելով դրանց մշակութային արժեքը։ Պարսիկներին դա անկեղծորեն զարմացրել էր։

Վայոց ձորի Եղեգիս գյուղում 14-րդ դարից պահպանված հրեական գերեզմանների վրա հայերը ամեն գարուն ծաղիկներ են դնում։ Երբ ծաղիկներ դնող հայ կնոջն ասել են, որ դրանք հայկական տապանաքարեր չեն, այլՙ հրեական, կինը պատասխանել է. «Գերեզման է, ուրեմն պետք է խնամել»։ Այս պատմությունը խորապես հուզել էր 2000 թվականի գարնանը այնտեղ այցելած Երուսաղեմի հրեական համալսարանի հնագետին։

Հայաստանում այսօր պետական մակարդակով պահպանվում են այլազգիների պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, որոնք հիմնականում պատկանում են ուշ միջնադարյան շրջանին։

Ահա դրանց հիմնական ցանկը, որ մեզ տրամադրեց ՀՀ պատմական հուշարձանների պահպանության վարչության պետ Գագիկ Գյուրջյանը։

2001 թ. Երեւանի Աբովյան փողոցում հայտնաբերվեց մոնղոլական տիրապետության ժամանակ կառուցված դամբարան (1319 թ.), որն արժեքավորվում է տվյալ շրջանում հայ¬մոնղոլական եւ հայ¬իրանական առնչությունների տեսանկյունից։

Նույն թվականին պեղումներ կատարվեցին Վայոց ձորի Եղեգիս գյուղում, որտեղ գտնվել էին 14¬17-րդ դարերի հրեական տապանաքարեր։

Արարատի մարզի Արգավանդ գյուղում 1413 թ. կառուցված դամբարանը, ըստ արաբատառ արձանագրության, թուրքմեն էմիրների տոհմական դամբարանի օրինակ է։ Հուշարձանի կառուցողական տեխնիկան եւ միջնադարյան հայ ճարտարապետական ձեւերին ոճական նմանությունը, ինչպես նաեւ քարերի հայատառ նշանագրերը մասնագետներին հիմք են տալիս ենթադրելու, որ դրա կառուցմանը մասնակցել են նաեւ հայ ճարտարապետներ ու վարպետներ։

Պարսկական Կապույտ մզկիթը, ուր երկար տարիներ տեղավորված է եղել Երեւանի պատմության թանգարանը (Մաշտոցի պող. 12), կառուցվել է 1766թ. եւ վերականգնվել 1994¬1998 թթ.։ Այն արժեքավորվում է որպես Անդրկովկասում պահպանված ուշ շրջանի պարսկական շինարարական արվեստի աչքի ընկնող նմուշ։

19¬րդ դարի վերջին է կառուցված պարսկական Աբաս Միրզայի մզկիթըՙ Երեւանում (Խորհրդարանական փող. 40), որը Երեւանի բերդի համալիրի մաս է կազմում։

16¬18 ¬րդ դարերի քրդական գերեզմաններ կան Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում։

Արարատի մարզի Դիմիտրով գյուղում 19¬րդ դարի վերջին կառուցվել են Սբ. Կիրիլ, իսկ Վերին Դվին գյուղումՙ Ուրմա ասորական եկեղեցիները, որպես ասորի բնակիչների աղոթատեղիներ։

Ռուսական ամրոցի համալիրը կառուցվել է 1835 թվականին, իսկ 1877¬1878 թթ. ռուս թուրքական պատերազմից առաջ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում կառուցվել է ռուսական սահմանապահ զորքերի ուղեկալը։

Ռուսական եկեղեցիներ կառուցվել են 1895 թ. Վանաձոր (Ղարաքիլիսա) քաղաքում, իսկ Երեւանումՙ 1913թ., Քանաքեռ¬Զեյթուն թաղամասում։

Եվ վերջապես, Լոռու մարզի Շամլուղ գյուղում 1909 թվականից գործում է Սբ. Սավա հունադավան եկեղեցին, որպես տեղի հույն բնակչության աղոթատեղի։

Հիշյալ հուշարձանների պատմական տվյալներին անդրադառնալու հիմնական շարժառիթը անցած ամիս «Միր» հեռուստաընկերությունում ուղիղ կապի միջոցով հայ լրագրողների հետ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի «Ժողովրդական ճակատի» փոխնախագահ Ասիմ Մոլլազադեի այն հայտարարությունն էր, թե Երեւանի կենտրոնում կան ադրբեջանական պատմական հուշարձաններ, որոնք ներկայացվում են որպես թուրքմենական։ Միեւնույն պահին նա կտրականապես հերքեց Ջուղայի խաչքարերի ավերման փաստըՙ համարելով ոչ հավաստի եւ քաղաքական միտումներ կրող։ Ահա պրն Գյուրջյանի մեկնաբանությունն այդ հարցի կապակցությամբ։

«Ջուղայի խաչքարերի ավերումները 2002 թ. վերստին կրկնվեցին, ընդ որում, ավելի բարբարոսաբար, որովհետեւ հայկական պատմամշակութային հուշարձաններն ընդգրկված չեն Ադրբեջանի հուշարձանների պետական ցուցակներում։ Հենց դա է պատճառը, որ նրանք միշտ էլ պատրաստ են հայտարարելու, թե իրենց երկրում հայկական հուշարձաններ բնավ գոյություն չունեն։ Ի տարբերություն նրանց, մեր պետական ցուցակներում ընդգրկված են ասորական, հունական, թուրքմենական, իրանական, ռուսական պատմական հուշարձանները, որոնց պահպանման պատասխանատվությունը պետությունն է կրում։ Երբ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի մշակութային բաժնի ներկայացուցիչ Աշոտ Գալոյանը փաստերով ու լուսանկարներով ներկայացրեց Ջուղայի նյութը, դա, բնականաբար, առաջացրեց Ադրբեջանի ներկայացուցիչների կատաղի վրդովմունքը։ Այդուհանդերձ, որոշում ընդունվեց ուսումնասիրելու Ջուղայի խաչքարերի ավերումները։

Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով նմանատիպ հարցերի լուծումները հնարավոր են միայն միջազգային մակարդակով, քանզի Ադրբեջանի հասարակական կազմակերպությունները, բացահայտ կախման մեջ լինելով կառավարությունից, ստիպված են կեղծել այնպիսի ակնհայտ փաստեր, որոնց ճշմարիտ լինելը գեթ աննշան կասկած չի հարուցում։

Ինչ վերաբերում է պրն Մոլլազադեի հայտարարությանը, ապա կառաջարկեի, որ իրենց մասնագետները թուրքմենների հետ գան եւ ապացուցեն այդ հուշարձանների ադրբեջանական լինելը։ Մեզ համար որեւէ էական նշանակություն չունի, թե դրանք որ ազգին են պատկանում։ Բնավ չենք տառապում ազգային թերարժեքության բարդույթով։ Մեր խնդիրը արժեքավոր հուշարձանների պահպանումն ու վերականգնումն է։

Ադրբեջանական եւ առհասարակ մահմեդական պատմական հուշարձանները Արցախում եւ ազատագրված տարածքներում պահպանվում են։ Դրանցից եւ ոչ մեկը չի ավերվել։ Այս փաստն ինքնին վառ ապացույց է, որ մեր ժողովուրդը մշակութային արժեքներ պահպանելու բացառիկ հատկությամբ է օժտված»։

Այնպես որ, Ադրբեջանի քաղաքական գործիչները որեւէ հայտարարություն անելուց առաջ պետք է նախեւառաջ իրենց ձեռքի տակ ունենան ճշգրիտ տվյալներՙ պատմական իրողությունները խեղաթյուրելու հոգնեցուցիչ քաղաքականությանը վերջ տալու համար։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4