«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2003-05-20 | #96, 2003-05-21 | #97, 2003-05-22


ԻՆՉՊԵՍ Է ՆՈՐՈԳՎՈՒՄ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ

Երեկ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը «Զվարթնոց» օդանավակայան էր հրավիրել մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների։ Նպատակն, ինչպես նշեց ընկերության կոմերցիոն տնօրեն Խուան Պաուլո Քեյչիջյանը, այս 1¬2 տարվա ընթացքում օդանավակայանի նոր կառավարչի աշխատանքներին ծանոթացնելն էր։

Առաջինը ներկայացվեց VIP բարձրակարգ սպասարկման սրահը, որտեղ հիմնական նորոգում է կատարվել։ Առանձնացվել են մեկնման եւ ընդունման անցումները, ստեղծվել է նոր սպասասրահ մինի բարով, սկսել է գործել DUTY FREE կոչվող մաքսազերծ առեւտրի գոտին։ Այս ամբողջն արժեցել է 2 մլն դոլար։ Եվս 2 մլն դոլար են արժեցել 2 նոր, հատուկ օդանավակայանների համար նախատեսված գերմանական ավտոբուսները, վերգետնյա ծառայության մյուս բոլոր սարքավորումները։ Ինչպես հաղորդեցին ընկերության ներկայացուցիչները, դեռեւս 1,5 մլն դոլարի սարքավորումներ էլ պետք է ներկրվեն մոտ ժամանակներս։ Վերգետնյա սպասարկման ծառայություններում ընդգրկված են 350 աշխատակիցներ, որոնց թիվը մեկ ամիս հետո կկազմի 400։ Կոմերցիոն տնօրենը տեղեկացրեց, որ մինչեւ 2002 թ. հունիսի 9-ը վերգետնյա սպասարկումն իրականացնում էր «Ավիասերվիս» ընկերությունը։ Սակայն սկսած այդ օրից կառավարությունն օդանավակայանի կառավարումը հանձնեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններին», որն էլ արդեն այս տարվա հունիսից, 1 տարի անց, կսկսի իրականացնել այդ ծառայությունը։

«Զվարթնոցի» հիմնական մասնաշենքում եւս կատարվում են նորոգումներ։ Այստեղ եւս գործում է DUTY FREE։ Մասնաշենքից դուրս նորոգվում էր երկու ղեկուղիներից մեկը։ Թռիչքուղում տեղադրվել է նոր լուսազդանշանային համակարգ։ Ֆիննական արտադրության այս համակարգը համարվում է լավագույններից մեկն աշխարհում։

Բեռնասայլակների տրամադրմամբ այժմ զբաղվում է մասնավոր ընկերություն։ Այդ ծառայությունն արժե 800 դրամ, իսկ բեռնակրի վարձման դեպքումՙ 2500 դրամ։

Ինչ վերաբերում է VIP-ին, ապա հիմնանորոգումից հետո այս ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ կլինի վճարել 25 հազար դրամ կամ 42 դոլարՙ նախկին 13 հազար դրամի փոխարեն։

«Որքա՞ն են կազմել ներդրումները» հարցին Խուան Պաուլո Քեյչիջյանը պատասխանեց, որ այս 1¬2 տարվա աշխատանքների համար ընդհանուր առմամբ ներդրվել է 18¬20 մլն դոլար։ Չնայած իսկապես կատարված որոշակի աշխատանքներին, ներդրումների այդ թիվն, այդուհանդերձ, չափազանցված է թվում։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4