«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2003-05-21 | #97, 2003-05-22 | #98, 2003-05-23


«ԺՈՂՈՎՐԴԻ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ, ՔԱՆ ՄՅՈՒՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆԸ»

Նշում է ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը

Այսօր նախընտրական քարոզարշավի վերջին օրն է։ Ի՞նչ տվեց քարոզարշավը Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությանը եւ արդարացա՞ն ակնկալիքները։ Այս հարցերով սկսեցինք հարցազրույցը կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանի հետ։

¬ Քարոզարշավը, նախ եւ առաջ, համարում ենք մեր գաղափարները, մոտեցումները, ծրագրերը ներկայացնելու եւ մի պարզ հարցիՙ «Ի՞նչ ենք անելու մենք Ազգային ժողովում», պատասխանելու հնարավորություն։ Այդ տեսակետից մենք ձգտել ենք անել հնարավորը։ Թե ինչպիսի արդյունքների ենք հասել, կգնահատվի մայիսի 25-ի ընտրությունների արդյունքում։ Անշուշտ, մենք հնարավորություն ենք ունեցել անցկացնելու մեկը մյուսին հետեւող զանգվածային միջոցառումներ։ Դրանք գուցե արտաքին տպավորություն թողնելու տեսակետից ազդեցիկ են, բայց մենք հեռու ենք այն մտքից, որ զանգվածային միջոցառումների ժամանակ կարելի է ծրագրերի մատուցումը տեղ հասցնել։ Այդ տեսակետից ավելի մեծ ուշադրություն ենք դարձրել մամուլին, հեռուստատեսությանը եւ մարդկանց հետ ուղղակի շփումներին։

¬ Հանդիպումների ընթացքում ինչպե՞ս եք պատասխանում «Ինչո՞ւ ընտրողը պետք է ընտրի ՀՌԱԿ-ին» հարցին։

¬ Եթե ընտրողն ունի իր կյանքը բարելավելու, ավելի լավ ապրելու ձգտում, ապա Ռամկավար Ազատական կուսակցությունն իր ունեցած հնարավորությունները, սփյուռքի ներուժը պատրաստ է ի սպաս դնելու դրա համար։

¬ Դուք վստահություն ունե՞ք, որ 5 տոկոսի արգելքը կհաղթահարեք եւ կդառնաք խորհրդարանական կուսակցություն։

¬ Կցանկանայի ասել մեկ ուրիշ վստահության մասին։ Հայտնվելով խորհրդարանում, մենք իրապես կարող ենք արմատական ձեւով բարելավել մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչն ընդհանրապես հատուկ չէ կուսակցություններին։ Ցանկացած կուսակցության ներազդման եւ այդ հարցերի լուծման կարողություններն ու հնարավորությունները սահմանափակ են։ Մեր դեպքում համեմատության մեջ այդ հնարավորություններն ավելի են։ Վստահ եմ, որ քաղաքականապես կապահովենք ներդրումային քաղաքականությունը Հայաստանում։

¬ Ըստ Ձեզ, 21 կուսակցություններից քանի՞սը հնարավորություն ունեն խորհրդարան մտնելու։

¬ 6-8 կուսակցություն։

¬ Պրն Միրզախանյան, այսօր մեր բնակչությանը հուզող հիմնական հարցը կենսամակարդակի բարելավումն է, սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների անմիջական ազդեցությունը կյանքում զգալը։ Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի դա տեղի ունենա։

¬ Տնտեսական աճը կա։ Սակայն չմոռանանք, որ մեզ մոտ բազային տվյալներն էին շատ ցածր, այսինքն անկումն էր մեծ։ Դրա համար էլ այսպիսի հակասություն է ստեղծվում, որ տնտեսական աճն աննախադեպ է, բայց ապրում ենք վատ։ Ճիշտ է, խնդիրը նաեւ եկամուտների անհամաչափ բաշխման մեջ է, բայց, այնուամենայնիվ, հիմնականն այն է, որ մեզ մոտ արտադրողական ուժերի զարգացումը շատ ցածր մակարդակի վրա է։ Քիչ են նյութական արտադրության ոլորտի ձեռնարկությունները, հետեւաբար քիչ են նաեւ դրանցում աշխատողները։ Ցածր կենսամակարդակի բուն պատճառը դա է։ Եթե մարդիկ նույնիսկ 150-200 դոլար են ստանում, դարձյալ բարձր կենսամակարդակ չեն կարողանում ապահովել, բայց խնդիրը, սոցիալական տագնապն այդ խավի մեջ չէ, այլ նրանց մեջ, ովքեր չեն աշխատում։ Իսկ դրանք շատ-շատ են։

¬ Այս օրերին մեղադրանքներ են հնչում ՀՌԱԿ-ի հասցեին ընտրակաշառք բաժանելու, ձեր կուսակցության օգտին օտարերկրյա քաղաքացիների քարոզչության վերաբերյալ։ Ի՞նչ կասեիք այս կապակցությամբ։

¬ Օգտագործելով հնարավորությունը կցանկանայի որոշ պարզաբանումներ տալ։ Որոշ լրատվամիջոցներ մեզ սկսել են մեղադրել երկու հանգամանքների մեջ։ Այդ մեղադրանքներից անմասն չեն որոշակի քաղաքական ուժեր եւ անձինք։ Առաջինը ընտրակաշառքն է։ Հայտարարում են, որ ՀՌԱԿ-ը եւ Ռուսաստանի հայերի միությունը միջնակարգ դպրոցներին համակարգիչներ են նվիրում։ Ես մեկ անգամ եւս շեշտում եմ, որ այդ աշխատանքն իրականացվել է մեկ տարի առաջ, իրականացվում է հիմա եւ իրականացվելու է հետո։ Սա ընտրակաշառքի բաժանում չէ։ «Ընտրական օրենսգրքում» հստակ նշված է, թե որն է ընտրակաշառքը։ Դա գումարի կամ ապրանքի տեսքով քվեի դիմաց բաժանվող արժեքն է։ Համակարգիչները տալիս ենք դպրոցներին, որպեսզի երեխաների համար համակարգչային դասարաններ բացվեն, իսկ երեխաները ընտրելու իրավունք չունեն։ Ոմանք սկսում են փիլիսոփայել, թե երեխաները ծնողներ ունեն, ես էլ կարող եմ ասելՙ պապիկներ-տատիկներ ունեն, բայց դա ի՞նչ կապ ունի։ Օրենքում ամեն ինչ հստակ նշվում է։ Ես կարող եմ ասել, որ դպրոցների համակարգչայնացումն իրապես ազգային ծրագիր էՙ մեծ հնչեղությամբ, մեծ շեշտադրումով, մեծ հեռանկարով։ Այն երբեք պետք չէ շփոթել 2-3 հազար դրամ բաժանելու կամ այլ բաների հետ։ Եվ ամենաշատն աղմկում են հենց նրանք, ովքեր քաղաքական գործչի դիմակի տակ երթուղայինների «գծեր նայողներ» են եւ անմակարդակ կերպարներ։

Հաջորդը, երեկ մի թերթուկ գրեց, թե ռամկավարները խախտելով օրենքը ընտրությունների գնում են Ռուսաստանի հայերի միության հետ դաշնակցած։ Այդպիսի բան չկա։ Մեր համամասնական ցուցակում ընդգրկված 60 հոգին բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ են, բոլորն էլ այստեղ են ապրում եւ աշխատում։ Այնուհետեւ քվեաթերթիկի վրա 14-րդ տեղում հստակ գրված է Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցություն, այլ ոչ թե կուսակցությունների կամ կազմակերպությունների դաշինք։ Այո, մենք ունենք հարաբերություններ Ռուսաստանի հայերի միության հետ, հպարտ ենք այդ հարաբերություններով եւ զարգացնելու ենք դրանք։ Այդ մասին մենք ասում ենք, բայց այդ կազմակերպության որեւէ անդամ մեր ցուցակում չկա, թեեւ նրանց շարքում տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ կան։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի պետական, քաղաքական գործիչների կողմից Հայաստանի տնտեսական զարգացման, ՀՌԱԿ-ի մասին խոսելուն։ Ճիշտ է, օրենքն արգելում է մասնակցել քարոզարշավին, հանդես գալ այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելու կոչերով։ Մեր բարեկամները երբեւէ նման կոչերով հանդես չեն եկել, քարոզարշավի չեն մասնակցել։ Նրանք հիմնականում մեկօրյա աշխատանքային այցերով են եղել այստեղ, որը համընկել է Հայաստանում քարոզարշավի անցկացման հետ։ Այդ ընթացքում, կրկնում եմ, ՀՌԱԿ-ի օգտին որեւէ անգամ կոչեր չեն եղել։ Ուստի մեկ անգամ եւս ցանկանում եմ հիշեցնել այդ մեղադրանքների հեղինակ գավառամիտ-տկարամիտներին, որ սուտն ու իրականության այլափոխումը տգեղ է եւ բացարձակապես չի նպաստում մեր երկրի առաջընթացին։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4