Նկարիչների միությունը, դիմակայելով այսօրվա շատ դժվարությունների, ոչ միայն կարողանում է պահպանվել, այլեւ ակտիվ գործունեություն ծավալել, բազում ցուցահանդեսներ եւ միջոցառումներ կազմակերպել։ Այս աշխատանքներում մեծ է նկարիչների միության նախագահիՙ Կարեն Աղամյանի ջանքերը։ Նկարիչ, դիզայներ, 100-ից ավելի հանրապետական, համամիութենական, միջազգային ցուցահանդեսների մասնակից, միջազգային տարբեր մրցանակների դափնեկիր, 1978-ից սկսած կատարել է 11 համաշխարհային ցուցահանդեսներում Հայաստանի տաղավարների դիզայնը եւ ձեւավորումը, շուրջ 33 տարի դասավանդում է գեղարվեստի ակադեմիայի դիզայնի բաժնում, պրոֆեսոր է, արդեն 5-րդ տարին նկարիչների միության նախագահն է։ Կարեն Աղամյանը ՀՌԱԿ համամասնական ընտրակարգով մասնակցում է ԱԺ ընտրություններին։
¬ Պրն Աղամյան, ինչպե՞ս եք պատկերացնում մշակույթ եւ քաղաքականություն հարաբերությունները։
¬ Սկսած հնագույն ժամանակներիցՙ բոլոր երկրներում իշխանությունները ստեղծել են պետական համապատասխան կառույցներ իրենց գաղափարախոսությունը պահպանել-ամրապնդելու համար, այս խնդրում մշակույթն ունեցել է գուցե աննկատ, բայց շատ կարեւոր դեր, եւ որեւէ իշխանություն առանց դրա չի կարող կայացված համարվել։ Համաշխարհային լավագույն մշակութային արժեքներն ըստ էության ստեղծվել են իշխանության հովանավորչությամբ եւ պատվերով։
¬ Այս դեպքում գաղափարական պարտադրանքը ստեղծագործողի ազատության վրա չի՞ ներազդում արդյոք։
¬ Իսկ ո՞վ ասաց, թե Միքելանջելոն, Վելասկեսը կամ ուրիշները ստեղծագործել են ազատ վիճակում։ Պատմության մեջ սկսած հելլենիստականից ու ավելի վաղ որեւէ շրջանում ստեղծված մշակութային բարձրագույն արժեքները (եգիպտական բուրգեր, սֆինքս, թե մեկ այլ բան) եղել են պատվերներՙ ուղղված որոշակի գաղափարախոսության իրականացմանը, կրոնական թե քաղաքական, միեւնույն է։ Ոչ վաղ անցյալում ինքս ապրել եմ նման ժամանակներում եւ գիտեմ ինչպես էր օգտագործում խորհրդային իշխանությունն իր երկրի մշակութային ներուժը, որի արդյունքում ստեղծվում էին մշակութային արժեքավոր գործեր, ինչն այսօր չի արվում։ Զարմանալի է, թե ինչու մեր իշխանությունները չեն տեսնում այն հնարավորությունը, որ կարող է տալ մշակույթը։
¬ Ինչպե՞ս եք վերաբերում այսօրվա հայ հասարակական եւ քաղաքական կյանքում տեղի ունեցող երեւույթներին։
¬ 2¬3 միլիոնանոց բնակչությամբ երկրում այսքան կուսակցությունների եւ կազմակերպությունների առկայությունը պառակտման, քայքայման գործընթաց է նշանակում։ Երբեմն մտածում ես, թե ծրագրված քաղաքականություն է իրականացվում, եւ մենք դեռ չենք հասկանում, որ ապրում եւ գործում ենք ոչ ի նպաստ մեր ազգի բարօրության։
¬ Կուսակցությունների այս առատության պայմաններում անդամագրվել եք ՀՌԱԿ-ին, ինչո՞ւ։
¬ Մեզ համար 4¬5 կուսակցությունների գոյությունն արդարացված էՙ հաշվի առնելով ազգային մեր որոշ հատկություններ եւ խայտաբղետություններ։ Ինչո՞ւ ՀՌԱԿ։ Որովհետեւ բոլորից ավելի ավանդույթ ունեցող եւ պահպանող կուսակցություններից մեկն է, որն ունի ավելի հստակ, քան մյուսները, մշակութային ուղղվածություն։ Սրա լավագույն վկայությունը Թեքեյան մշակութային միության գործունեությունն է։ Այս միության ներքո բազում անելիքներ կան եւ այսօր Հայաստանում նրա հնարավորությունները չեն օգտագործվում, երբ միությունն ունեցել է փայլուն անցյալ եւ այժմ գործում է սփյուռքում, այսօր Հայաստանում ինչ-ինչ առումներով կորցրել է իր դերը։ Շատ ուրախ կլինեմ իմ մասնակցությամբ դեր ունենալ Հայաստանում Թեքեյան մշակութային միության ավանդույթները վերականգնելու աշխատանքներում։ Այս պարագայում, երբ իշխանությունները, մեղմ ասած, չեն կարողանում մշակույթին հատկացնել բավարար ուշադրություն, նման մշակութային միությունների դերը պետք է ավելի բարձրանա։ Նկարիչների միության այսօրվա ակտիվությունը եւս դրանով է բացատրվում։
¬ Օրենսդրական ինչպիսի՞ փոփոխություններ եք ակնկալում նորընտիր Ազգային ժողովիցՙ կրթամշակութային ճիշտ քաղաքականություն իրականացնելու համար։ Ընտրվելու դեպքում ի՞նչ ծրագրեր ունեք։
¬ 33 տարվա դասախոսական աշխատանքի փորձ ունեմ գեղարվեստի ակադեմիայում եւ այս ոլորտում մեծ թերություններ եմ տեսնում։ Նախ եւ առաջ սահմանափակել է պետք այսքան բուհերի քանակը։ Բուհը կարծես դառնում է բանակից խուսափողների ջանքերը լեգալացնող հաստատություն, արդյունքում ոչ որակյալ մասնագետ ենք ունենում, ոչ զինվորական։
Կարծում եմ, պետք է առանձին կարգավիճակ եւ արտոնություններ տալ մի շարք ստեղծագործական միությունների։ Նման փորձ ԱՊՀ շատ երկրներում արվել է արդեն։ Մերձբալթյան երկրներում երկու տարի առաջ ընդունվեց օրենք, ըստ որի ալկոհոլի եւ ծխախոտի բիզնեսով զբաղվող ֆիրմաները տարեկան եկամտի 2 տոկոսը պարտավոր են մուծել մշակույթի հատուկ ֆոնդին։
Հարկային դաշտում եւս լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա։ Այս ոլորտում նույնպես հստակություն չկա, եւ օրենքների ոչ ճիշտ մեկնաբանությունը փաստորեն խոչընդոտում է հայ կերպարվեստի զարգացմանն ու վնաս հասցնում յուրաքանչյուր նկարչիՙ անհատապես։ Նման հարցերը մշտապես իմ ուշադրության կենտրոնում են, անկախ ընտրությունների արդյունքից։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ