Ասում է ամերիկացի պրոֆեսոր Էնդրյու Հեսը
Ինչպես նախորդ համարում տեղեկացրել էինք, մայիսի 27-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում «Կովկասում ամերիկյան շահերի սպասվելիք ազդեցությունը թուրք-հայկական հարաբերությունների ներկա կարգավիճակի վրա» թեմայով դասախոսել էր Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավագիտության եւ դիվանագիտության դպրոցի պրոֆ. Էնդրյու Հեսը։ Հիշեցման կարգով նշենք, որ նա Մ. Նահանգներում Թուրքիայի, արաբական երկրների եւ նավթի հարցերի ամենահայտնի մասնագետներից է։
Ինչ վերաբերում է նրա դասախոսությանը, ապա դա եթե ոչ բովանդակությամբ, գոնե ժամանակացույցի առումով հետաքրքրական էր, որովհետեւ հետպատերազմյան Իրաքի վերակազմավորման ֆոնին, որն, ըստ ամենայնի, ենթադրում է Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների ռազմավարական վերախմբավորումը, միանգամայն արտացոլում էր պաշտոնական Վաշինգտոնի հարաճուն շահագրգռություններն ինչպես Անդրկովկասի, այնպես էլ Ռուսաստանի հետ զինակցող անդրկովկասյան միակ հանրապետությանՙ Հայաստանի նկատմամբ։
Այլ կերպ, անկախ պրոֆեսորի կոչումից, Էնդրյու Հեսի դասախոսությունը ոչ այնքան գիտական, որքան քարոզչական էր։ Այնուամենայնիվ, դա հնարավորություն տվեց պարզելու, որ թուրք-ամերիկյան տարաձայնությունները, որոնք ի հայտ են եկել հակաիրաքյան պատերազմի ընթացքում, ամենեւին չեն հանգեցրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի զիջումներով պայմանավորելու Վաշինգտոնի դիրքորոշման բարելավմանը։ Հետեւաբար այդ տարաձայնությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ, ամերիկահայ մտավորական Երվանդ Ազատյանի դիպուկ արտահայտությամբ, «համաձայնեցված անհամաձայնություն»։
Պրոֆ. Հեսն անդրադարձավ ԽՍՀՄ-ի փլուզմանը, դրա տնտեսական, քաղաքական պատճառներին եւ աշխարհաքաղաքական հետեւանքներին։ Նա առանձնացրեց խորհրդային հանրապետությունների անկախացումը եւ տարբեր անկարգությունների առաջացումը, դրանց թվին դասելով ղարաբաղյան հակամարտությունը։ Ամերիկացի պրոֆեսորն ասաց, որ Թուրքիան եւս անկարգություններից զերծ չէ։ Նա որպես օրինակ բերեց իբր 90-ական թթ. առաջացած քրդական հարցն ու իսլամական շարժումը։ «Այս ամենը, նշեց պրոֆ. Հեսը, բարդություն է ստեղծում եւ ազդում է թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։ ԱՄՆ-ը չի ցանկանումՙ հանձին Թուրքիայի, տարածաշրջանում տեսնել իսլամական եւս մեկ պետություն»։
Իրաքի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմը նա պայմանավորեց սեպտեմբերի 11-ի ահաբեկչությամբ, ապա եւ կարծիք հայտնեց, թե Թուրքիայի տարածքում ամերիկյան զորքերի տեղակայման գլխավոր նպատակը Հյուսիսային Իրաքում վերահսկողության հաստատումն էր։ Պրոֆեսորի պնդմամբ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայն էր տեղակայմանը, բայց Թուրքիան ժողովրդավարական պետություն է, եւ թուրք ժողովուրդը դեմ է քվեարկել։
Պրոֆ. Հեսն, ընդգծելու համար թուրքական ժողովրդավարության նվաճումները, չմոռացավ ավելացնել, որ թուրք զինվորականությունը վերոհիշյալ տեղակայմանը եւս կողմ էր։ Մինչդեռ տեղակայումը մերժելու համար Թուրքիային քննադատելիս ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Պոլ Վոլֆովիցը, փոխպետքարտուղար Մարկ Գրոսմանը եւ Պենտագոնի նախկին խորհրդական Ռիչարդ Փեռլը նշանառության գլխավոր թիրախ էին դարձրել հենց այդ զինվորականությանը։
Հատկանշական է պրոֆ. Հեսի եզրակացությունը։ Նա մի կողմից նշում է, որ այս ամենի հետեւանքով Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները դրվել են հարցականի տակ, ապա հակասելով ինքն իրեն, մատնանշում. «Մ. Նահանգները զգաց, որ առանց տարածաշրջանի երկրների աջակցության անհնար է Իրաքի պահելը, ուստի նա աշխատում է այլեւս չսրել հարաբերությունները Թուրքիայի հետ»։ Իրարամերժ այս մտքերը հիմք են տալիս ենթադրելու, որ խնդրո առարկան Թուրքիայի հետ տարաձայնությունները չեն, այլ ԱՄՆ-ի մտահոգությունը։ Դա, ըստ պրոֆ. Հեսի, այն է, որ Թուրքիայի քաղաքականությունն իսլամական ուղղղություն կվերցնի, ինչի հետեւանքով այդ երկրում կնվազի ԱՄՆ-ի դերը։
Ուրեմն պետք է օգնել Թուրքիային, այլ ոչ թե դժվարություններ առաջացնել։ Ակամա հարց է ծագումՙ ինչպե՞ս։ Այդ հարցին ամերիկացի պրոֆեսորը պատասխանեց. «Թուրքիայում քրդերը բավականին սփռված են, պետք է տեսնել, թե նրանք քաղաքական ո՞ր ուղղությամբ են շարժվելու»։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա նշեց. «Կարծում եմ, եթե հնարավոր լինի ստանալ Մ. Նահանգների օգնությունը, ապա կարելի է կարգավորել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները»։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամերիկյան միտումները հայտնի են։ Պարզապես անհայտ է մնում պրոֆ. Հեսի առաջադրած օգնության բնույթը։ Նա այդ մասին լռում է։ Սակայն դա չի խանգարում, որ հայերի հետ ամերիկյան օգնության խիստ կարիքի մեջ հայտնվեն նաեւ քրդերը։
Հարկ է սակայն նշել, որ անկախ Թուրքիային դժվարություններ չհարուցելու Մ. Նահանգների գործելակերպից, վերջինս, դիվանագիտական հարաբերությունների համար նախապայմաններ առաջադրելով, 1991 թ.-ից ի վեր դժվարին կացության մեջ է դրել Հայաստանին։ Քանի որ թուրքական նախապայմաններն ուժի մեջ են, ԱՄՆ-ի վերոհիշյալ օգնությունը իբր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման արդյունավետ միջոց, Հայաստանի համար հավելյալ դժվարություն է դառնալու։ Ընդ որում, որքան էլ պրոֆ. Հեսի գնահատմամբ, «Հայաստանը չցանկանա դուրս մնալ գլոբալ գործընթացներից», կամ «Մ. Նահանգները ցանկանա, որ Հայաստանը խաղին մասնակցի» հատկապես Կասպից ծոցի ավազանումՙ կապված նավթամթերքների արտահանման հետ։
Թերեւս դժվարության առումով պատահական չէր ամերիկացի պրոֆեսորի ընդգծումը, թե «Հայաստանն ավելի փոքր երկիր է, քան Թուրքիան», առավել եւս չէին կարող պատահական լինել նրա հետեւյալ խոսքերը. «Մենք այստեղ ենք, որպեսզի չկրկնվեն այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբներին»։ Վերոհիշյալ երկու նախադասությունների տրամաբանությունն ակամա հանգեցնում է Հայաստանի ազգային անվտանգությունը Թուրքիայի հետ հարաբերությունները Մ. Նահանգների օգնությամբ կարգավորելու միջոցով ապահովելու ամերիկյան տրամադրություններին։ Ուրեմն պրոֆ. Հեսի դասախոսությունը սոսկ ամերիկյան քարոզչություն չէր, այլեւ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ անկեղծ հոգատարությունից բխող լուրջ նախազգուշացում։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ