Ասում է «Արմավիայի» գլխավոր տնօրենը
Ինչպես հայտնի է, «Արմավիա» ընկերությունը ներկայումս իրականացնում է «Հայկական ավիաուղիների» փոխադրումները։ Այս ավիաընկերությունը, որի հիմնական բաժնետերը «Սիբիրի ավիաուղիներ» ռուսաստանյանՙ իր նշանակությամբ երկրորդ ավիաընկերությունն է, ստանձնել է նաեւ «Հայկական ավիաուղիների» պարտավորությունները։ Մեր հարցազրույցը «Արմավիայի» նորանշանակ գլխավոր տնօրեն Փիթեր Սմիթի հետ ոչ միայն այս, այլեւ ընդհանրապես հայկական ավիացիային առնչվող մի շարք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ էր։
¬ Ո՞րն է ձեր գործունեության նպատակը, ինչի՞ն է միտված ձեր աշխատանքը Հայաստանում։
¬ Ցանկանում ենք Հայաստանում ստեղծել պրոֆեսիոնալ, միջազգային մակարդակի ավիաընկերություն։ Մինչ այժմ «Հայկական ավիաուղիները» վնասով է աշխատել։ Հատկապես վերջին շրջանում այն ծանր դժվարությունների առջեւ է հայտնվել։ Մասնավորապես ընկերությունն ունի մեծ պարտքեր միջազգային ընկերություններին եւ այլ լուրջ խնդիրներ։ Դրանք աստիճանաբար հստակեցվում են։ Անցումը «Հայկական ավիաուղիներից» մեր ընկերությանը բավականաչափ դժվար է եղել։ Նույնիսկ այսօր թռիչք է չեղյալ համարվում նախկին պարտքերի համար, ինչը հարուցում է ուղեւորների եւ, անշուշտ, մեր դժգոհությունը։ Սակայն աստիճանաբար ամեն ինչ հստակեցվում է եւ պետք է լուծումներ գտնել։ Ներկայումս մեր ավիաընկերությունն ունի մեկ «Էյրբաս» (A-320) ինքնաթիռ, որն այժմ թռիչքներ է իրականացնում։
Եվս մեկ «Էյրբաս» շուտով կբերվի։ Ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա երեք շաբաթ հետո։ Դրանից հետո մի քանի շաբաթվա ընթացքում կբերվի եւս երկու ինքնաթիռ։ Դրանք կլինեն ավելի փոքր օդանավեր (commiter), փոքր հեռավորության թռիչքների համար, բայցՙ արդիական։ Այս ամենը ցանկանում էինք 2 ամիս առաջ իրականացնել, բայց ոչ մեր մեղքով դա տեղի չունեցավ։ Ինչպես արդեն նշեցի, խնդիրները շատ էին։
Ռուսական կառավարության հետ բանակցություններից հետո հետեւանքով կարող ենք ասել, որ պարտքերի հարցը գրեթե ամբողջությամբ լուծված է։ Այսինքնՙ մենք ստանձնում ենք դրանց մարումը։
Սրանք են մեր ծրագրերը։ Ընդհանրապես ավիացիան շատ բարդ բիզնես է։ Մեր ծրագրերը կարող ենք իրականացնել կառավարության աջակցության (որը ստանում ենք) դեպքում։ Մեզ անհրաժեշտ է նաեւ օդանավակայանի ղեկավարության աջակցությունը, որի հետ բանակցում ենք։ Եթե այդ ծրագրերը իրականացնենք, ապա Հայաստանը կունենա ամենաառաջավոր ավիաընկերությունը նախկին ԽՍՀՄ տարածքում։
¬ «Հայկական ավիաուղիների» նախկին չվերթերն ամբողջությամբ «Արմավիայի՞ն» են տրվել եւ քանի՞սն են դրանք։ Օրինակ, Ամստերդամ, Ֆրանկֆուրտ կամ մյուս բոլոր չվերթերը վերականգնվե՞լու են։
¬ Ամստերդամի թռիչքն արդեն վերականգնվել է։ Մեկ-երկու շաբաթից կվերականգնվի նաեւ Ֆրանկֆուրտի չվերթը։ Բոլոր մյուս նախկին թռիչքները կվերականգնվեն։ Ընդհանուր առմամբ կունենանք 35¬38 չվերթեր։
Բացի այդ, Հայաստանն աշխարհագրականորեն ունի բոլոր հնարավորությունները թռիչքների տարանցիկ հանգրվան դառնալու համար։ Օրինակՙ Նովոսիբիրսկ-Ֆրանկֆուրտ, Նովոսիբիրսկ-Ստամբուլ, Մոսկվա-Թեհրան չվերթերի համար։ Այդ շրջաններից կլինեն մեծաթիվ հայ ուղեւորներ, ինչը նույնպես նպաստում է դրան։
¬ Որո՞նք են ձեզ մտահոգող հիմնական խնդիրները։
¬ Նախՙ հնից եկած պարտքերի խնդիրը։ Որեւէ մեկի համար, որ ստանձնում է «Հայկական ավիաուղիների» պարտավորությունները, հաճելի չեն այդ պարտքերը։ Հաջորդը հայ աշխատակիցների վերապատրաստումն է միջազգային չափանիշներին համապատասխան։ Այժմ մենք ունենք դրսից հրավիրված մասնագետներ, որոնք պետք է փոխարինվեն հայերով։ Դա հստակ ամրագրված է մեր պայմանագրում։ Մի քանի ամսվա ընթացքում այդ անցումը կկատարվի։ Ինքնաթիռների ուղեկցորդուհիներն արդեն հայեր են, որոնք անցել են վերապատրաստումը։
¬ Օդանավակայանի ղեկավարությունը մտադիր է նորոգել թռիչքուղին։ Դա ի՞նչ խնդիրներ կառաջացնի ավիաընկերությունների, մասնավորապես «Արմավիայի» համար։
¬ Եթե թռիչքուղին նորոգվում է, ապա պարզ է, որ թռիչքները սահմանափակվելու են։ Մենք այժմ բանակցում ենք, որպեսզի օրվա ընթացքում որոշակի ժամեր թռիչքուղին բաց լինի եւ օդանավերը չհայտնվեն պարապուրդի մեջ։ Հուլիսը բավականին ծանրաբեռնված շրջան է, որը մեզ համար նաեւ առաջին ամառային սեզոնն է։
¬ «Հայկական ավիաուղիների» աշխատակիցների թվի կրճատումը սոցիալական դժգոհություններ առաջացրեց։ Դուք ինչպիսի՞ մոտեցում ունեք այս հարցում։
¬ Դա մեր խնդիրը չէ։ Բայց աշխատակիցների այդ քանակը (1700) ուռճացած է ցանկացած ավիաընկերության համար։ Հայաստանն ունի սահմանափակ քանակությամբ թռիչքներ եւ ինքնաթիռներ, ինչը, իմ կարծիքով, նշանակում է, որ 400 հոգանոց անձնակազմը բավարար է։
¬ Եվ վերջին հարցը դարձյալ օդանավակայանի թռիչքուղու նորոգման առնչությամբ։ Եթե վերջինիս փակ եղած ժամանակ վթարային վայրէջքի անհրաժեշտություն լինի, ինչպե՞ս է դա արվելու։
¬ Այդպիսի դեպքի ժամանակ օդանավերը ստիպված կլինեն վայրէջք կատարել Թբիլիսիում։ Բանակցությունների ժամանակ զգացինք, որ օդանավակայանի ղեկավարությունը շատ լուրջ աշխատում է թռիչքուղու արագ նորոգման համար։ Հուսով ենք, որ այդպես էլ կշարունակվի։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ