«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2003-05-27 | #100, 2003-05-28 | #101, 2003-05-30


«ԱԶՆԱՎՈՒՐ»-«ԻՆՏԵՐԿԱՊ» ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐՈՎ

Հոլանդացիների բարեգործական խոշոր ներդրմամբ Վանաձորում կկառուցվի առողջապահական գերժամանակակից համալիր

Օրերս, այս տարի արդեն երկրորդ անգամ, Վանաձոր էին այցելել Նիդեռլանդների թագավորական ընտանիքի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Հենդրի դը Ֆրիսը եւ «Ազնավուր» բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Վարդան Հովհաննիսյանը։

Վանաձորի Ազնավուրի անվան (քիմիագործների) մշակույթի պալատի հարեւանությամբ կառուցվելիք մարզային նշանակության գերժամանակակից առողջապահական կենտրոնի շինարարության կապակցությամբ նրանք հանդիպեցին Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի հետ։ Մարզպետը երախտագիտություն հայտնեց նրանց, ինչպես նաեւ «Ինտերկապ» բարեգործական միության նախագահ Նորայր Զուլոյանինՙ այդ ծրագիրը մեր տարածաշրջանում իրականացնելու համար։

Այնուհետեւ Հենդրի դը Ֆրիսի եւ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանի միջեւ կնքվեց կենտրոնի շինարարության պայմանագիր։

Արքայազն Կլաուսի անվամբ կոչվելիք համալիրի կառուցումը բարեգործական խոշոր ծրագրի մի մասն է, եւ նախատեսվում է մեր մարզի համար աննախադեպ ֆինանսական եւ տեխնիկական ներդրում։

Ծրագրի իրականացմանը մեր մարզում մեծապես նպաստել է Վարդան Հովհաննիսյանըՙ վստահելով «Ինտերկապի» ղեկավարին եւ ծանոթ լինելով կազմակերպության գործունեությանը։ Տեղեկացանք, որ «Ազնավուր» անվանումն իրենց կազմակերպությանը տրվել է նկատի ունենալով Շառլ Ազնավուրի համաշխարհային հռչակը եւ համալիրի բացմանը եւս կհրավիրվի նաեւ նա։

Շինարարական աշխատանքները, որոնք կսկսվեն այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, Վանաձորում կհամակարգի Ա. Մանուկյանը, իսկ բուժհաստատության շահագործումը կիրականացնի Նորայր Զուլոյանը։

Համալիրի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2004 թվականի վերջին։

Համալիրն ունենալու է ախտորոշիչ կենտրոն, ծննդատուն, հիվանդանոցային բոլոր ծառայությունները եւ նախատեսված է 200 մահճակալի համար։ Ծննդատունն ու գինեկոլոգիական բաժանմունքը բնակչությանն սպասարկելու են անվճար, իսկ մյուս բուժծառայությունները կգործեն ապահովագրական սկզբունքով (հաշվի կառնվի բնակչության սոցիալական վիճակը)։ Նախատեսված է նաեւ շտապօգնության ծառայություն։

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4