«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2003-05-28 | #101, 2003-05-30 | #102, 2003-05-31


«ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆԸ» ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԿԲԵՐԻ՞ ԱՆԿԱՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆԻՆ, ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻՆ

«Երջանիկ ենք, որ մեր երազանքը վերջապես իրականություն դարձավ»

«Վրաստանի կառավարությունն է պատասխանատու ապահովելու «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարի անվտանգությունը։ Մերՙ «Բրիթիշ փեթրոլեումի» կողմից կարիք չկա ռազմականացնելու խողովակաշարը», «Ազգի» հետ զրույցում ասաց Թբիլիսիում «Բրիթիշ փեթրոլեումի» կոմերցիոն ղեկավար Վիլյամ Թաունսենդը։

1743 կմ երկարությամբ նավթատարը, որ արդեն 2005 թ. սկզբին Կասպիցի ադրբեջանական հատվածից «սեւ ոսկին» Վրաստանի տարածքով հասցնելու է Միջերկրականի Ջեյհան նավահանգիստ, խոստանում է կայունություն բերել ազգամիջյան պատերազմներից խարխլված Վրաստանին, Անդրկովկասին։

«Երջանիկ ենք, որ մեր երազանքը վերջապես իրականություն դարձավ», մայիսի 23-ինՙ նավթատարի վրացական հատվածի շինարարության առաջին օրը Թեթրիծղարո ավանում ասաց նախագահ էդուարդ Շեւարդնաձեն։

Նավթատարի 235 կիլոմետրանոց վրացական հատվածը պետք է անցներ Գարդաբանի, Մառնեուլի, Թեթրիծղարոյի, Ծալկայի եւ Ախալքալաքի շրջաններով, սակայն քաղաքական նկատառումներով որոշվեց խույս տալ գերազանցապես հայերով բնակեցված Ախալքալաքից։

«Ախալքալաքը եղել է շատ խոսակցությունների թեմա։ Պատճառները մի քանիսն են, որոնք հաշվի առնելով, որոշվեց խուսափել այդ տարածքով խողովակաշար անցկացնելուց։ Ինչպես գիտեք, Ախալքալաքում տեղաբաշխված է ռուսական ռազմակայան։ Խողովակաշարը Ախալքալաքի շրջանը շրջանցելու որոշումն ընդունել է Վրաստանի կառավարությունը», ասաց Թաունսենդը։

«Ես հեռու եմ այն մտքից, թե խողովակաշարին վտանգ կսպառնա Ախալքալաքում տեղաբաշխված ռուսական ռազմակայանը, բայց ռազմակայանի գոյությունն իսկ կարող է օգտագործվել սադրիչ տարրերի կողմից», վերջերս հայտարարեց նախագահ Շեւարդնաձենՙ ընդսմին չորոշակիացնելով, թե ովքեր են «սադրիչ տարրերը»։

Մոտ 3 մլրդ դոլար արժողությամբ եւ տարեկան 50 մլն տոննա հզորությամբ նավթատարի վրացական հատվածի շինարարության առաջին օրըՙ մայիսի 23-ին, Վրաստանի նավթային միջազգային կորպորացիայի ղեկավար Գեորգի Ճանտուրիան Թեթրիծղարոյում հայտարարեց, որ բանակցություններ են վարվում ամերիկյան ընկերությունների հետՙ երաշխավորելու խողովակաշարի անվտանգությունը, քանի որ «անցնում է ազգամիջյան հակամարտությունների մի քանի շրջանների հարեւանությամբ»։

«Որոշ առումով «Բաքու-Թբիլիսի-Ջեյհանն» օժանդակելու է Վրաստանի անվտանգությանը», ասաց Թաունսենդը։

«Խողովակաշարի կառուցումը նպաստելու է, որպեսզի միջազգային հանրությունն ավելի լուրջ ուշադրություն դարձնի Վրաստանին։ Տարածաշրջանի անկայունության պատճառներից մեկը տնտեսականն է։ Այս նախագիծն օժանդակելու է տնտեսական զարգացմանը, ցույց է տալու, որ ներդրումները կարող են կայունություն երաշխավորել», ասաց Թաունսենդը։

Ըստ «Բրիթիշ փեթրոլեումի» հաշվարկների, կառուցվող խողովակաշարի շահագործման 40 տարվա ընթացքում Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, ստանալու է 600 մլն դոլար եկամուտ, եւս 100 մլն դոլար ուղղակի ներդրումՙ խողովակաշարի կառուցման մեկուկես տարվա ընթացքում։

Թե որքան են Կասպից ծովի ադրբեջանական հատվածում նավթի մոտավոր պաշարները, անգամ մոտավոր թվերով դեռեւս ճշտված չեն։ 90-ական թթ. սկզբներին նշվում էր, որ Կասպիցում է համաշխարհային նավթի ընդհանուր պաշարների 16¬20 տոկոսը կամ 200 մլրդ տակառ (մեկ տակառըՙ 159 լիտր)։ Այսօր խոսվում է մոտ 3 տոկոսի կամ 18¬34 մլրդ տակառի մասին, ընդ որումՙ դրա առյուծի բաժինը Կասպիցի ղազախական հատվածում է։

«Մենք շատ վերլուծություններ ենք արել եւ եկել ենք եզրակացության, որ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի» շինարարությունը տնտեսապես արդարացված է, անգամ եթե այդ խողովակաշարով չհոսի Ղազախստանի նավթը», ասաց Թաունսենդը։ Վերջինս, որպես «Բրիթիշ փեթրոլեումի» բարձրաստիճան պաշտոնյա, մի քանի տարի աշխատել է Մոսկվայում եւ Բաքվում։

Թաունսենդի ասելովՙ նավթի բիզնեսը չի կարող լինել ճշգրիտ։

«Իրականում դժվար է իմանալ, թե որքան են նավթի պաշարները, քանի դեռ չեն սկսվել հորատման աշխատանքները։ Կասպիցում նախնական կանխատեսումները չափազանց լավատեսական էին։ Մենք գտանք նավթի մեծ պաշարներ։ Վերջերս որոշ հորատման աշխատանքները պարզեցին, թե մի քանի դեպքերում հանքերը չոր են, բայց դա չի նշանակում, թե նավթ չկա այլուր։ Կասպիցի Ղազախստանի հատվածում հայտնաբերվել են նավթի հսկայական պաշարներ», ասաց Թաունսենդը։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4