«Մաշտոց» միավորման տնօրեն Նուրիսա Բեժանյանը լեզվի պետական տեսչությունում զբաղվում է լեզվաքաղաքականության հարցերով։ Միավորումն անցած տարի անցկացրել է «Լեզուն գոյատեւման գրավական» գիտաժողովը, որտեղ քննարկվել են լեզվագործածության, այլ լեզուների հետ հայոց լեզվի հարաբերակցության եւ այլ խնդիրներ։ Այս տարի անցկացվելիք գիտաժողովում տեղ կգտնեն հայապահպանությանն առնչվող հարցեր, այդ թվումՙ ազգային խորհրդանիշների համակարգը։ Մանրազնին ուսումնասիրելով հայոց ազգային խորհրդանիշները, տկն Բեժանյանը վերլուծության է ենթարկում դրանց նշանակությունն ու կիրառությունը մեր իրականության մեջ, քանզի ազգային խորհրդանիշներն ամեն մի ազգի էության դրսեւորման ու ինքնության պահպանման կարեւոր ու անքակտելի բաղադրիչներն են։ Դրանք, նախ եւ առաջ արտացոլում են տվյալ ժողովրդի հոգեկերտվածքը, ազգային իղձերը, սրբությունները։
Ազգային խորհրդանիշները Նուրիսա Բեժանյանը պայմանականորեն բաժանում է 3 խմբիՙ բարոյակերպարային, պատմաաշխարհագրական եւ պետական։
Այսպես, բարոյակերպարային խորհրդանիշները ձեւավորում են անհատի ազգային նկարագիրը։ Հայոց բարոյական հատկանիշները կրող խորհրդանիշներն ենՙ կեռխաչը, մաշտոցյան այբուբենը, «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպը, հայկական մշակույթի դասական այլ արժեքներ, ինչպես նաեւ սրբացած, հերոսացած անհատներ։
«Ութաթեւ կեռխաչը, որ հայոց հավերժության խորհրդանիշն է, մեզ է հասել հնագույն ժամանակներից։ Նա կրում է ծնունդի ու մահվան, արիության ու կատարելության, երջանկության խորհուրդը։ Ցավոք, այսօր կեռխաչը հայտնի է «սվաստիկա» անունով եւ հիմնականում տհաճ զգացումներ է առաջացնում, քանի որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Հիտլերը պղծեց արիականության խորհուրդը։ Մենք հայոց արժեքներից շատ բան ենք տվել այլոց եւ մոռացել։ Սակայն հրաժարվել հազարամյակների պատմությունից եւ մեր արմատական խորհրդանիշներից մեկը զիջել գերմանացի անհաջողակներինՙ չենք կարող։ Մեզ համար դա խորքային գիտակցության շերտ է ու կենսաուժի աղբյուրՙ դրոշմված մեր հոգում, նաեւ մեր ժայռերին» ասում է Բեժանյանը։
Մաշտոցյան այբուբենը նա համարում է տիեզերակարգ պարունակող համակարգ, որը ենթարկվել է փոփոխությունների եւ խախտվել է համակարգի խորհուրդըՙ ւ¬ին փոխարինել է ու¬ն, արհեստականորեն ավելացվել են եւ, օ, ֆ տառերը։ Այդ փոփոխությունները, ըստ նրա, ավելորդություններ են, որ ստեղծում են լեզվական խառնաշփոթ, ինչն էլ մտածողության խառնաշփոթություն է առաջացնում։ Կենսաբանական փորձերը ցույց են տվել, որ հայ տեսակի մեջ ֆ¬ն առաջացնում է բացասական կենսահոսանքներ։
«Սասունցի Դավիթ» դյուցազնավեպը հայ մարդուն պետք է ուղեկցի ողջ կյանքում։ Մինչդեռ, նրա դիտարկմամբ, այսօր ուսումնական ծրագրերի բարեփոխումներ անվան տակ կրթահամակարգում իրականացվում է հայոց արժեքային համակարգի նսեմացում։ Իրականում, հայ անհատի ձեւավորման համար չափազանց կարեւոր է ազգային արժեքներն ուսումնական ծրագրերի առանցք համարելը։
Հայոց պետականության խորհրդանիշները, տկն Բեժանյանի կարծիքով, չեն համապատասխանում մեր ազգային նկարագրին։ Պետականության բնույթը խեղաթյուրված է, չկա հայկականություն, որն, ըստ էության, տարվող քաղաքականության մի մասն է կազմում։ «Փաստորեն, մենք մեր ունեցած բարձրակարգ արժեքներից հրաժարվում ենքՙ դրանց տեղը դնելով կասկածելի, չգիտես ինչ ազգ ներկայացնող բարոյականություն ու ապրելակերպ։ Անկախության հռչակումից հետո մի տեսակ խառնակ վիճակ էր, որի պատճառով էլ առանց որեւէ ուսումնասիրության ու մրցույթի որոշվեցին պետական խորհրդանիշներըՙ դրոշը, զինանշանն ու օրհներգը։ Այսօր ունենք այն, ինչ ունենք։ Կատարվել են փոփոխություններ, որոնք մեզ ապազգայնացնելու նպատակ ունեն»։
Այսպես, սահմանադրության հոդված 13-ի համաձայն, ՀՀ դրոշը եռագույն էՙ կարմիր, կապույտ, նարնջագույն։ Տարօրինակ է, թե ի՞նչ տրամաբանությամբ է դեղինը դարձել նարնջագույն, երբ դեղինը հայկական մտածելակերպում զուգորդվում է արեւի, ծիրանի կամ ցորենի հասկի հետ։ Առավել զավեշտական պատկեր է արձանագրվել ՀՀ այսօրվա զինանշանը 1920 թվականի զինանշանի հետ համեմատելիս։ Դիտողունակ մարդիկ նկատել են 23 փոփոխություն։ Ուշագրավ են զինանշանի սահմանադրական ձեւակերպման վերջին տողերըՙ «...պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն»։ Գիտակցաբար, թե՞ անգիտակցաբար գրիչը փոխարինվել է ճյուղով, խուրձը փնջից չի տարբերվել, չի հստակեցվել շղթայի ու ժապավենի խորհուրդը։ Մռնչացող, լեզուն հանած, թշնամիներին հոշոտելու պատրաստ առյուծը դարձել է բերանփակ, հեզ ու խոնարհ, իսկ մեր պետականությունը պաշտպանող արծիվը կարծես զրկվել է այդ իրավունքից։ Անիմաստ կերպով Մասիսի ստորոտում ջուր է պատկերված, ասես մեզ նորից ջրհեղեղով են սպառնումՙ իր դիտարկումներում նշում է տկն. Բեժանյանը։
Ազգային օրհներգի մասին խոսելիս նա ընդգծում է հետեւյալը. «Անկախություն ձեռք բերեցինք, սակայն օրհներգ ստեղծել չկարողացանք։ Առաջին քառատողը տարակուսանք է առաջացնում, քանի որ բոլորիս է հայտնիՙ մեր հայրենիքը վերջին հազարամյակում դարեդար ազատ ու անկախ չի ապրել։ Երկրորդ քառատողը ողբերգական երանգ ունի, մյուսըՙ դրոշի մասին է, անգրագետ շարադրանքով։ Ամենասոսկալին այն է, որ օրհներգն ավարտվում է զոհվել բառով։ Ապրելու, հայրենիքը շենացնելու մասինՙ ոչ մի խոսք։ Աշխարհում երեւի թե նման օրհներգ գոյություն չունի։
Ներկայումս մեր պետության ոչ արտաքին եւ ոչ էլ ներքին քաղաքականության մեջ հայոց խորհրդանիշների համակարգը լիարժեք չի գործում։ Եղածն ընդամենը մեր ունեցածի ծաղրանկարն է»։
Որ մեր պետական այրերին (հատկապես կրթության ոլորտը ղեկավարող) գրեթե չի մտահոգում ազգային խորհրդանիշներն անաղարտ պահելու ու դրանցով սերունդ կրթելու խնդիրը, ակներեւ է։ Վկաՙ ամեն տեսակի ու որակի հանրակրթական դպրոցների գոյությունը, բացի հայագիտականներից։
Ցավն այն է, որ եվրոպական ու ամերիկյան կրթական չափորոշիչներով առաջնորդվելու քաղաքականության վտանգը զգալու զգոնությունն ենք կորցնումՙ մեր էությունից ու ինքնությունից օտարվելով։ Իսկ վտանգն արդեն իսկ մոտ է, մեր կողքին։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ