«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2003-06-03 | #104, 2003-06-04 | #105, 2003-06-05


«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՔՐԵԱԾԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Ընդդիմությունը Շեւարդնաձեին ստիպեց ներողություն խնդրել Ալիեւից, Թուրքմենբաշուց

«Վրաստանում առկա քրեածին իրավիճակի պայմաններում մենք չենք կարող կազմակերպել ժողովրդավարական ընտրություններ», երեկ կառավարության նիստում ասել է նախագահ Էդ. Շեւարդնաձեն։

Երկրի ղեկավարն ասել է, որ ուժային կառույցները պետք է անողոք պայքար տանեն մարդասպանների, թալանչիների, քրեական հեղինակությունների, բոլոր նրանց դեմ, ովքեր ներգրավված են թմրանյութերի առեւտրի մեջ, ովքեր կործանեցին Վրաստանը։

Շեւարդնաձեն այս հայտարարություններն անուղղակիորեն կապել է նախօրեին ընդդիմադիր 5 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքի հետ, հավելելով, որ ուժային նախարարություններին եւ Անվտանգության խորհրդին հորդորել է մշակել երկրի տարածքում հակաքրեական գործողություններ անցկացնելու պլան։

«Միացյալ ժողովրդավարներ», «Ազգային շարժում», «Նոր աջեր», «Տրադիցիոնալիստներ», «Սախալխո» ընդդիմադիր կուսակցությունների երեքշաբթի օրը կազմակերպած հանրահավաքը մինչեւ ուշ գիշեր շարունակվեց Շեւարդնաձեի նստավայրի դիմաց։ Մոտ 5 հազար ցուցարարներ պահանջեցին պետության ղեկավարի հրաժարականն այն ժամանակ, երբ Շեւարդնաձեն պետանվտանգության նախարար Վ. Խաբուրձանիայի հետ քննարկում էր երկրում առկա քրեածին իրավիճակը հաղթահարելու ուղիները։

«Վրաստանն առանց Շեւարդնաձեի»ՙ վանկարկում էին Զուրաբ Ժվանիան, Միխայիլ Սահակաշվիլին, հիմնականում ուսանողներից կազմված ամբոխը։

Կառավարության նիստում երեկ Շեւարդնաձեն ներողություն խնդրեց Հեյդար Ալիեւից, Թուրքմենբաշուց, ադրբեջանցի եւ թուրքմեն ժողովրդից։ Բանն այն է, որ ընդդիմության կազմակերպած հանրահավաքում անվայել արտահայտություններ էին արվել Ալիեւի եւ Թուրքմենբաշու հասցեին։ «Վրաստանը չպետք է հետեւի Ադրբեջանում եւ Թուրքմենստանում ընտրություններ անցկացնելու օրինակին», ասվել էր հանրահավաքում։

Վրաստանում ժողովրդականություն վայելող գործիչներից Նինո Բուրջանաձեն, որին ընդդիմությունն առաջարկել է ղեկավարել նոյեմբերի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր դաշինքը, երեկ «Ռուսթավի-2» հեռուստատեսությամբ հայտարարեց, որ Շեւարդնաձեին սատարող քաղաքական ուժերի վարկանիշը զրոյից ցածր է։

Մի քանի շաբաթ առաջ տկն Բուրջանաձեն Շեւարդնաձեին հորդորել էր խույս տալ երկրում դիկտատուրա հաստատելու մտադրությունից։

Թվում է, Վրաստանում ներքաղաքական ցնցումներն անխուսափելի են։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4