Նրանք հույս ունեն, որ իշխանությունները չեն անտեսի պրոֆեսիոնալների փորձը
Աշխարհում ոչինչ հավերժական չէ, նաեւ պատգամավորի բաղձալի մանդատը։ Հայաստանի երրորդ հանրապետության երրորդ գումարման խորհրդարանն այլեւս փաստ ու իրողություն է։ Այս անգամ, սակայն, խաղից դուրս հայտնվեցին նաեւ քաղաքական հարուստ կենսագրություն ունեցող մարդիկ, ովքեր օրինաստեղծ դաշտում որոշակի կշիռ ու դերակատարում են ունեցել։ Իրադարձությունների իրենց համար անսպասելի շրջադարձը, անկասկած, հարկադրում է նոր հայացքով վերլուծել քաղաքական իրականությունը, վերանայել դիրքորոշումները։ Մենք հանդիպեցինք մի քանիսին եւ նույնաբնույթ հարցեր ուղղեցինք նրանց։
1. Ինչպե՞ս են գնահատում նոր խորհրդարանի կազմն ու գործունեության հեռանկարը նախորդի հետ համեմատելիս։
2. Որտե՞ղ են տեսնում իրենց դերն ու անելիքն այսուհետեւՙ դարձյալ քաղաքականությո՞ւն, պաշտոնի ակնկալի՞ք...
3. Ի՞նչը կիսատ թողեցին, որ կուզեին շարունակել։
4. Ի՞նչ զգացողություններ ունեն նոր պատգամավորների հանդեպՙ խա՞նդ, դառնությո՞ւն...
Մեր առաջին զրուցակիցը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն է։
1. Խորհրդարանը հասարակության բոլոր շերտերի ներկայության վայրն է, այստեղ պիտի գերակայեն քաղաքական ուժերը, դա աքսիոմա է։ Ցավոք, նոր ԱԺ-ում գերակշիռ տեղ զբաղեցնում են գործարարները, նրանց լոբբիինգը ներկայացվել է մեծ ծավալով։ Սա ԱԺ-ն թեքում է ավելի շատ դեպի տնտեսական դաշտ, ներքին տնտեսական շահեր։ Փորձեր են արվում տնտեսական կապիտալը վերածելու քաղաքական կապիտալի, բայց դա հեշտ բան չէ։ Չեմ ուզում վատ կանխատեսումներ անել եւ մաղթում եմ, որ նոր խորհրդարանը կարողանա լրացնել գործադիր իշխանությանըՙ չհակադրվելով նրան եւ կարողանա դիմակայել այն մարտահրավերներին, որ մեր երկրին են ուղղվել։ Մեր տարածաշրջանը հայտնվել է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի մեջ, եւ նոր խորհրդարանի դերն անգնահատելի է լինելու։
2. Քաղաքական գործիչներն իրավունք չունեն պատեհ-անպատեհ խռովելու իրենց պետությունից, նեղացածի կերպարանք ընդունել։ Ես պիտի փորձեմ մնալ քաղաքականության մեջ, ծառայել երկրին։
Թե ինչպես դա կիրագործվի, հիմա դժվարանում եմ ասել։ Ինչ վերաբերում է պաշտոնին, ինձ ոչ մի առաջարկ չի արվել եւ հիմա չեմ կարող ասել, թե ինչ-որ բանի կհամաձայնեմ կամ ոչ։
3. Հունիսի վերջին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստն է, որտեղ նաեւ մեր ընտրությունները պիտի քննարկվեն։ Կարծում եմ, ծանր քննարկումներ կլինեն։ Պետք է եռանդուն եւ ճկուն աշխատել։ Մեզնից շատ ավելին էին սպասում, բայց, ցավոք, մենք ընտրությունների ընթացքում մեր միջազգային վարկին լուրջ հարված հասցրեցինք։ Ըստ կանոնակարգի, ես շարունակելու եմ մնալ Հայաստանի պատվիրակության ղեկավար։ Եթե մեր ղեկավարությունը գտնի, որ ես էլի պիտի գնամ Ստրասբուրգ իբրեւ պատվիրակության ղեկավար, կգնամ եւ ամեն ինչ կանեմ պաշտպանելու մեր երկրի շահերը։ Կցանկանայի, որ մեր նոր պառլամենտը, նոր հանձնաժողովն իրենց մեջ ուժ գտնեն եւ մեր արտաքին քաղաքական ինստիտուտների հետ փոխլրացման կարգով աշխատեն։ Որովհետեւ արտաքին քաղաքականությունը շատ նուրբ ու զգայուն ոլորտ է, եւ այդտեղ հավակնությունները տեղ չպետք է ունենան։
4. Ափսոսանքն ավելի շատ է, որովհետեւ մանավանդ վերջին 4 տարվա մեջ բավական փորձ կուտակվեց, լուրջ կապեր ու հարաբերություններ ստեղծվեցին։ Չէի ցանկանա, որ ԱԺ-ում իմ տեղը դատարկ մնար, բայց կյանք է, անակնկալների պիտի պատրաստ լինել։ Ես շատ կուզեի, որ մեր ընտրատարածքում իրապես քաղաքական պայքար գնար, բայց բացարձակ այդպես չեղավ։ Կարեւոր դարձավ, թե ով ավելի շատ ընտրակաշառք կբաժաներ։ Ես խաղի կանոններին ու նման խաղի պատրաստ չէի, եւ հենց ընտրության օրը պայքարն ընդհատեցի։
Գագիկ ԹադեՎոսյանըՙ ԱԺ սոցիալական առողջապահության, բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահը, «Ազգային միաբանության» համամասնական ցուցակում 11-րդն էր, անցավ 9-րդ հորիզոնականը զբաղեցնողը։
1. Նոր պառլամենտում քաղաքական գործիչները, պրոֆեսիոնալները, ցավոք սրտի, ավելի քիչ տեղ գտան։ Բայց ակնկալիքը պիտի լինի այն, որ նրանք, ովքեր մտան պառլամենտ, զբաղվեն իրապես օրենսդրական գործունեությամբ, հանուն մեր երկրի կայունության։ Օրենսդրական դաշտի կատարելագործման անսպառ խնդիրներ կան, կարեւորն այն է, որ մեր նորընտիր պառլամենտը ոչ միայն սեփական, այլեւ կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների հանդեպ ստեղծագործական եւ մասնագիտական ճիշտ մոտեցումներ ցուցաբերի, հակառակ դեպքում կվերածվի ընդամենը դակիչ մարմնի։ Շատ կուզեի, որ այն ավանդույթները, որ ստեղծվել են կոնկրետ մեր հանձնաժողովում, շարունակվեին։ Հիանալի փորձագետներ ունենք, նաեւ 120-ից ավելի արտահաստիքային փորձագետներ են ներգրավված մեր ենթահանձնաժողովներում, լավագույն մասնագետներ։ Լավ կլիներ, որ նոր ապագա հանձնաժողովը նաեւ շարունակեր սերտ համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ։ Պատրաստ եմ օգնել իմ ֆրակցիային ու հանձնաժողովին, եթե, իհարկե, իմ ծառայությունների, փորձի կարիքը կզգան։
2. Ես կարծում եմ, որ մեր իշխանությունները չպետք է անտեսեն պրոֆեսիոնալների փորձն ու գիտելիքները։ Ֆրանսիայում շատ հետաքրքրական ավանդույթ կաՙ պառլամենտականը գործադիր է տեղափոխվում, ավելինՙ բարձր պաշտոն ստանում է անպայման պառլամենտի դպրոցն անցնելուց հետո։ Ակնկալիքներ ունեմ, որ իմ գիտելիքները մի տեղ կօգտագործվեն, անուշադրության չեն մատնվի։
3. Մեր հանձնաժողովը 50 օրինագիծ է անցկացրել ԱԺ-ում 40 տոկոսըՙ սոցիալական, 30 տոկոսըՙ առողջապահության, 30 տոկոսըՙ բնապահպանական ոլորտների։ Չափազանց կարեւորում եմ Սեւանի մասին պատմական օրենքը, ջրային օրենսգրքի ստեղծումը, ընդերքի օրենքը։ Առողջապահության ասպարեզումՙ ամենամյա նպատակային ծրագիրն օրենք դարձավ, ափսոս, կիսատ մնացին արդեն շրջանառության մեջ դրված իմունիզացիայի եւ առողջապահության ապահովագրության օրենքները։ Կարծում եմ, աշխատելու լայն բազա կար։
4. Նոր պառլամենտ մտնող խորհրդարանականների հանդեպ խանդի զգացումներ չունեմ։ Հակառակըՙ աշխատանքային մեծ ակտիվություն եմ ցանկանում։ Ափսոսանք, իհարկե, կա։ Ընթացքի մեջ էր ընկել օրենսդրական գործունեությունը, կիսատ գործեր կային։
Մյասնիկ Մալխասյանըՙ նախկին ԱԺ «Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար, պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ 2 գումարումների պատգամավոր է եղել։
1. Այս խորհրդարանը զիջելու է նախորդին, որովհետեւ երկրի իշխանությունները շահագրգռված չէին որակյալ խորհրդարան ունենալու։ Կարծես խնդիր էր դրված, թե ով ավելի շատ պատգամավոր կունենա։ Եվ պառլամենտարիզմի սկզբունքները կրող պատգամավորները կամ դուրս մնացին, կամ թույլ չտրվեց մտնել ընտրապայքարի մեջ։ Նոր պառլամենտի մի մասում ինձ համար անհայտ դեմքեր են, մի մասում էլ, ում որ ճանաչում եմ, շատ տխուր պատկեր է, ուրախալի քիչ բան եմ տեսնում։ Նրանք ԱԺ նիստերին կմասնակցեն միայն այն ժամանակ, երբ կառավարությունն ինչ-որ հրատապ օրենսդրական նախաձեռնություն ունենա անցկացնելու եւ իր ապարատի միջոցով նրանց հապճեպ կհավաքիՙ քվեարկելու։ Զանգվածաբար դուրս մնացին մեծամասնական կարգով առաջադրված այն թեկնածուները, ովքեր հատկապես մարզերի, տարածաշրջանների, գյուղացիների խնդիրներ կարող էին բերել խորհրդարան, կառավարությանը միշտ զգաստ վիճակում պահել։ Բայց նոր եկածներին եթե նայում ենք, նրանց սեփական խնդիրները չեն թողնիՙ գյուղացիների խնդիրներով զբաղվել։ Կան նաեւ որոշ պատգամավորներ, ովքեր կկարողանան ինչ-որ չափով ԱԺ-ի դեմքը պահել։
2. Դեռ շարունակելու եմ իմ պայքարը, այն անարդարությունները, որ տեղի ունեցան իմ ընտրատարածքումՙ թիվ 20-ում (Արագածոտնի մարզ), որեւէ այլ տեղ երեւի չկատարվեցին։ Իմ դեմ էր հանվել պետական ողջ մեքենանՙ դատախազական, ոստիկանական, հարկային կառույցներով, մարզպետով ու վարչական ռեսուրսներով։ Իմ համակիրներին ահաբեկեցին, քրեական գործեր հարուցեցին, այսօր դեռ շարունակում են հաշվեհարդար տեսնել իմ օգտին քվեարկած նպաստառուների, թոշակառուների հետ։ Կարծում եմ, չեմ կարող մենակ թողնել այն 10 հազար մարդկանց, ովքեր իրենց արդար քվեն տվել են ինձ։ Համենայն դեպս, շարունակելու ենք պայքարը սահմանադրական դատարանում, եւ եթե այնտեղ հաջողության չհասնենքՙ Եվրադատարանում։
3. ԱԺ-ում բազմաթիվ խնդիրներ ու ծրագրեր ունեինք, որոնց հիմնական շեշտադրումը զինծառայողների, ազատամարտիկների խնդիրները կարգավորելն էր, նրանց սոցիալական հարցերը, եւ մեծ ջանքերի գնով հասել ենք լուծումների։ Հայաստանի սահմանամերձ գոտիների, Արցախի հետ կապված խնդիրներն ավելի շատ են։ Մի ուժ պակասեց, որ դրանք պիտի բարձրացներ ԱԺ-ում։ Մենք կողմնակից էինք ոչ թե պոպուլիստական, այլ ռեալ ու սթափ օրենքների եւ աստիճանաբար թրծվել էինք այդ դաշտում։
4. Ես պայքարի սովոր մարդ եմ, եւ շարունակելու եմ այն։ Զգացողությունս շատ հանգիստ է, հանդարտ, խաղաղ։ Լարվածությունը հակառակորդ թիմում է եղել։ Եվ հետո սա ի՞նչ պայքար էր։ Մեր խնդիրն այն չէ, թե ես կամ մեր ընկերներից մեկն անպայման պիտի պատգամավոր դառնանք։ Մեր նպատակն անկախությունն էրՙ հասել ենք։ Մեր նպատակը դրա ամրացումն է, մեր երկիրը զարգացած երկրների շարքում տեսնելը։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ