«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2003-06-04 | #105, 2003-06-05 | #106, 2003-06-06


«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ» ԻՐԵՆ ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՎԵՐԱՊԱՀՈՒՄ

«Արդարություն» դաշինքը կմասնակցի խորհրդարանի աշխատանքներին։ Երեկ հրավիրված մամլո ասուլիսում դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Ստեփան Զաքարյանը նշեց, որ որոշում է կայացվել չմասնակցել արարողակարգային նիստերինՙ պատգամավորական մանդատները ստանալ լիազոր ներկայացուցիչների միջոցով, չմասնակցել «գործադիր իշխանության ձեւավորման առեւտրին», չառաջադրել թեկնածուներ ԱԺ ղեկավար պաշտոնների համար։ Բանախոսը նշում է նաեւ, որ այդ գործընթացներին մասնակցելու առաջարկ իրենք չեն ստացել։ Եթե դաշինքի անդամ պատգամավորներից մեկն, այնուամենայնիվ, գործադիր իշխանության մաս կազմի, մեխանիկորեն դուրս կմնա դաշինքից։

ԱԺ ղեկավար պաշտոնները նույնպես դաշինքին առաջարկվելու դեպքում դրանց ընդունումն առանց պարտավորությունների ընդունելի կլինի։ Այս բոլորը տեսականորեն, իսկ գործնականում «Արդարությունը», թեեւ կայացած ընտրությունների արդյունքները չի ընդունում եւ դրանք վիճարկում է Սահմանադրական դատարանում, խորհրդարանի աշխատանքներին կմասնակցի։

Ալբերտ Բազեյանը տեղեկացրեց, որ քննարկվել է խորհրդարանի աշխատանքները բոյկոտելը, մանդատներից հրաժարվելը, ինչը, թեեւ արժանապատիվ, բայց ռիսկային տարբերակ է համարվել, չեն ուրվագծվել հետագա անելիքները։ Մանդատը Էմմա Խուդաբաշյանին չի զիջի նաեւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը, օրերս մանդատից հրաժարված Ալբերտ Բազեյանը երեկ նշում էր. «Եթե իմ գործընկերները բացասական են վերաբերվում իմ քայլին, ես պետք է հրաժարվեի»։

«Արդարությունը» խորհրդարանում իրեն դիտորդի կարգավիճակ է վերապահում։ «Մենք շարունակելու ենք մնալ որպես մաքուր ընդդիմադիր քաղաքական ուժ եւ կարողության սահմաններում պայքարելու ենք հանուն օրինականության», ասում է Ա. Բազեյանը եւ խորհրդարանում իրենց գործունեության առաջին քայլերից նշում ընտրական օրենսգրքում, ինչպես նաեւ հանրաքվեի մասին օրենքում փոփոխությունների առաջարկները, ԱԺ կանոնակարգը, օրենքի համապատասխանեցումը երկրի սահմանադրությանը։

«Արդարություն» դաշինքը նաեւ մեծամասնական ընտրակարգերով է վիճարկում ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում։ Հավանականությունը, որ հօգուտ իրենց վճիռ կկայացվի, զրոյական է համարում։ Դատական այս ատյանին դիմելը պայմանավորված է միայն այնուհետեւ Եվրադատարան դիմելու որոշմամբ։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4