«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2003-06-05 | #106, 2003-06-06 | #107, 2003-06-07


ԵԿԱՏԵՐԻՆԱ ԵՐԿՐՈՐԴԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ

Քաղաքապետը սուսուփուս է գործում, թե՞...

Վերջին ժամանակներս մեր քաղաքում պտտվող լուրերը շատ հաճախ են ճշմարտություն դառնում։ Դեռ մարտ ամսին մեր թերթն անդրադարձել էր մշակույթի աշխատողների շրջանում պտտվող այն լուրին, թե Հայաստանի Ազգային պատկերասրահին պատկանող Եկատերինա թագուհու արձանը, որի հեղինակը ռուս հայտնի քանդակագործ Ալեքսանդր Ապիկուշինն է, որոշվել է նվիրել Ռուսաստանին («Ազգ», 21 մարտի, 2003)։ Լուրը ճշտելու նպատակով մեր թղթակիցը դիմել է պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանին, որն էլ տեղեկացված չլինելու պատճառով հերքել է, միաժամանակ համոզմունք արտահայտելով, որ մեր ղեկավարությունը լավ գիտի թանգարանային կոդեքսը եւ երբեք նման քայլի չի դիմի։

Բայց... խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ ռուսական էլեկտրոնային լրատվամիջոցներըՙ «Ռոսբալտ», «Ֆոտո ԻՏԱՌ-ՏԱՍՍ», «Արգումենտի ի ֆակտի», հաջորդաբար տարածում են, որ Երեւանի քաղաքապետարանից տեղեկացել են շատ շուտով արձանը Ռուսաստանին հանձնելու մասին, հետեւաբար Ռուսաստանում արդեն սկսվել են տեղափոխման համար անհրաժեշտ միջոցառումները։ Հիշեցնենք, որ արձանն այժմ տեղադրված է մեր պատկերասրահի ցուցադրության առաջին հարկում, թանգարան է բերվել հայաստանցի քանդակագործ Սերգեյ Մերկուրովի նվիրատվությամբ։ Իր նամակներից մեկում նա գրել է, որ արձանը իրեն տրվել է որպես հումք, սակայն գնահատելով դրա գեղարվեստական արժեքը նա չի ավերել, այլ իրականում փրկել էՙ նվիրելով Հայաստանին։

Քանի որ պատկերասրահի տնօրենն այժմ արտասահմանում է, երեկ փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանը հայտնեց, որ արձանը Ռուսաստանին նվիրելու կապակցությամբ իրենք դիմում են Հայաստանի իշխանությանը, հասարակությանը եւ լրատվամիջոցներինՙ սատարելու պատկերասրահին եւ կանխելու թանգարանային կոդեքսի համաձայն վաղուց արդեն ազգային հարստություն դարձած արձանի նկատմամբ նախաձեռնվող կամայականությունը։ «Ոչ Հայաստանի, ոչ էլ միջազգային օրենսդրական ակտերով չի թույլատրվում թանգարանի սեփականություն համարվող առարկաների, հատկապես նվիրատվության օտարումը», ասվում է հայտարարության մեջ։

Եթե հաշվի առնենք, որ օրենքը շրջանցելը մեր իրականությանը շատ է բնորոշ, ապա բնավ էլ զարմանալի չէ, որ դա վերաբերի նաեւ ազգային արժեքներին։

Գուցե վաղն էլ պարզվի, թե հայ¬ռուսական հարաբերությունների ընթացքը հենց Եկատերինայով է պայմանավորվա՞ծ...

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4