2¬3 շաբաթ անց առաջին անգամ Երեւան կժամանի ԵԱՀԿ ոստիկանական հարցերով պատասխանատու, ավագ խորհրդական Ռիչարդ Մոքը։ Բարձրաստիճան պաշտոնյայի այցը ճանաչողական է լինելուՙ հետագայում Հայաստանի հետ երկարաժամկետ համագործակցության ծրագրեր կազմելու համար։ Նախատեսվում է, որ Ռիչարդ Մոքը կհանդիպի Հայաստանի անվտանգության, ոստիկանական ծառայությունների պաշտոնյաների հետ։
Մեթյու Գուդշտայնը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմական եւ անվտանգության հարցերով զբաղվող ոլորտի պատասխանատուն է, ծագումով կիսաամերիկացի, կիսաֆրանսիացի։ Չնայած երիտասարդ տարիքին, միջազգային կոնֆլիկտների կարգավորման մասնագիտացմամբ մագիստրոսի գիտական աստիճան ունի։ Երեւան է եկել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հրավերով, երբ 1 տարի առաջ այստեղ ստեղծվեց նոր կառույցը։ Հայաստանում ԵԱՀԿ այս նոր առաքելության հիմնումը դարձյալ կապվում է ահաբեկչական հնարավոր վտանգների հետ։ Նրա խոսքերով, ԵԱՀԿ ավագ խորհրդականի այցը շատ կարեւոր նշանակություն կունենա այս համակարգի գործընթացներն ակտիվացնելու առումով։ Առայժմ իրենք հասցրել են շատ լավ հարաբերություններ հաստատել տեղական կառույցների հետ եւ իրականացնել միայն տեսական բնույթի 1¬2 միջոցառում։
Անցած տարի հունիսին կայացավ ռազմաքաղաքական ոլորտի աշխատողների, այսպես ասած, վարքի կանոնակարգի խնդիրներին նվիրված աշխատանքային հանդիպում, որը կազմակերպել էին ԵԱՀԿ քարտուղարությունը եւ ՀՀ արտգործնախարարությունը։ Եվս մեկ միջոցառում նվիրվել է հակաահաբեկչական պայքարին եւ փաստաթղթերի կեղծման իրողությանը։ Ներգրավվել են նաեւ ոստիկանական սահմանապահ ծառայությունների պաշտոնյաները, որոնց միջազգային փորձագետները ներկայացրել են նաեւ փաստաթղթային, կոնկրետ դեպքումՙ անձնագրերի, վիզաների կեղծումների դեպքում իրենց գործունեության սկզբունքներն ու փորձը։ Այս երեւույթը, ըստ Մեթյու Գուդշտայնի, տարածված հանցատեսակ է հատկապես Հարավային Ամերիկայի եւ Արեւմտյան Եվրոպայի երկրներում։ Այս առումով Հայաստանը եւս ռիսկի գոտում է։ Կոնկրետ հանրապետությունում անձնագրային կեղծումները որեւէ ցուցանիշ չեն կազմում, բայց Հայաստանը տարանցիկ երկիր է, եւ ենթակա ահաբեկիչներիՙ այս բնույթի հնարավոր զեղծարարություններին։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են կեղծված անձնագրերի օրինակներ, որոնք փորձել են օգտագործել Հայաստանի տարածքով այլ երկիր անցնելու համար։ Ընդհանրապես, որքան էլ աշխարհի երկրները շարունակաբար փորձում են կատարելագործել վիզաների ու անձնագրերի տեխնիկական պաշտպանվածությունը, զեղծարարները, միեւնույն է, հնարը գտնում են։ Հիմնականում դա տեղի է ունենում միջազգային կազմակերպված ցանցերիՙ հատկապես աշխարհում հզոր ցանց ստեղծած մարդկանց ապօրինի փոխադրումներով ու առեւտրով զբաղվող թրաֆիկինգային կառույցների միջոցով։ Գաղտնիք չէ, որ անձնագրային տվյալներ կեղծում են նաեւ հենց Հայաստանում, հատկապես Եվրոպա եւ ԱՄՆ ընկնելու նպատակով։ Մեթյու Գուդշտայնը, սակայն, որեւէ այսօրինակ փաստի տեղյակ չէր, թեեւ ԵԱՀԿ նորաստեղծ կառույցը համագործակցում է նաեւ Հայաստանում գործող դեսպանատների հետ։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ