«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2003-06-07 | #108, 2003-06-10 | #109, 2003-06-11


ԿԱՊՈՒՅՏ ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ԿԱՆԱՉԸ ՄԱՀԱՆՈՒՄ Է

«Պետք է նախագահին նամակ գրել», ասում են կանաչները

Քաղաքաշինության եւ կանաչ տարածքների հակամարտության խնդիրն էր կրկին կանաչների հավաքի քննության առարկան։ Միության նախագահ Հակոբ Սանասարյանը հավաստում է, որ Դալմայի պատմական այգիների գլխին կառուցապատման նոր, իրական սպառնալիք է կախվել։ Կառավարության վերջին նիստերից մեկում նույնիսկ որոշվել է այս այգիների կարգավիճակը փոխել եւ հանձնել քաղաքապետարանին։ Բարեբախտաբար, գյուղնախարարությունն ու բնապահպանության նախարարությունն անհամաձայնություն են հայտնել։ Վիճարկվում է նույնիսկ Դալմայի այգիներիՙ պատմաճարտարապետական արժեք լինելու իրողությունը։ Հնագիտական պեղումներն ապացուցել են, որ ժամանակին այստեղ գինեգործական մառանների մեծ ցանց է եղել, ջրանցք է կառուցվել, 2 թունել։ Այստեղ պահպանվում է ուշագրավ մի հուշարձան եւսՙ երեւանցի մեծահարուստ Կարապետ Աֆրիկյանի երկհարկանի տունը։ Այդ տան մառաններն այսօր իսկական գինեդարանի են վերածվել, ուր 1927 թ.-ից առ այսօր արտադրված գինիների 34 հազար շիշ է պահպանվում։ Սարդարի այգիներում, որ Դալմայի մեջ են ներառվում, 20 հազարից 7 հա-ն արդեն կառուցապատվել է։ Այսօրվա զինվորական ոստիկանության շենքի տեղում նույնպես այգիներ էին, խաղողի այգիներ։ Խաղողի գենոֆոնդի արժեքավոր տեսականու բոլոր ներկայացուցիչները եղել են այստեղ։ Այստեղ է աճել հանրահայտ խարջին, որ այլ տեսակների հետ ոչնչացման եզրին է։ Դալմայի կենդանական աշխարհն արդեն իսկ շատ բան է կորցրել, վարդագույն սարյակների հսկայական երամները, որոնցից երկինքը սեւանում էր, վաղուց հիշողություն են դարձել։

ՀՀ բնապահպանության նախարար Սիմոն Պապյանի ելույթը փոքր-ինչ մեղմացրեց կրքերը։ Նա տեղեկացրեց, որ նախարարությունը որոշման նախագիծ է ներկայացրել Դալմայի այգիների ճակատագրի վերաբերյալ։ Ըստ այդմ նախատեսվում է վերականգնել Դալմայի այգիների նախկին կարգավիճակը եւ հոգալ պահպանության խնդիրների մասին։

Ի դեպ, Դալմայի այգիներին նվիրված նույնօրինակ հավաք, բողոքի հավաք նույն կանաչները կազմակերպել էին 2000 թ., 3 տարի առաջ։ Եվ դրանից հետո մեր կանաչ տարածքներն ավելի անձեռնմխելի չեն դարձել։ Մաս-մաս անդամահատվեց նաեւ օղակաձեւ զբոսայգին։ Այգու երկայնքով այսօր կրկին կապույտ պաստառներ են ձգվել, կրկին շինություններ են կառուցվում։ «Դրանց հետեւում աղետ է, դրանց հետեւում բնությունն է մահանում», ասում է հրապարակախոս Մարգո Ղուկասյանը։

Էկոլոգները հոգնել են պայքարի քննարկումային, դատափետումների պասսիվ ռազմավարությունից։ Հավաքին մասնակից գիտնականները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները համակարծիք են մի հարցումՙ պետք է նամակ գրել ՀՀ նախագահին, «նա տեղյակ չէ, որ անտառներն են ոչնչացվում, հանքերը, կենդանական աշխարհը», բետոնը լափում է կանաչը, բերրի հողերը։ Նախկինում 6 հազար հա կանաչ տարածք ունեցող Երեւանն այսօր փոշու տիրակալության գոտի է դարձել, օդ չկա շնչելու, ամեն տանն ու գերդաստանում էկոլոգիական խնդիրների հանցավոր անտեսման հետեւանքով ծագած հիվանդություններով տառապող մարդիկ կան։

Միայն թե հավաստի չէ, թե նախագահին հղված նամակից որքա՞ն ժամանակ անց էլի կհավաքվեն բնապահպաններըՙ նույն խնդիրների, գուցե թե ավելի սրված տարբերակը քննարկելու։

Կանաչները դեմ են կայուն զարգացման հայեցակարգին

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նոր է վերադարձել Կիեւում կայացած միջազգային էկոֆորումից, ուր քննարկվել է աշխարհի կայուն զարգացման հայեցակարգը։ Նա դեմ է արտահայտվել դրա պահանջներին ու տրամաբանությանը, համոզված, որ դրանք համայն մարդկության դեմ ուղղված դավադրություն են։ Գլոբալիզացիայի ծրագրեր կազմողները գտնում են, որ համընդհանուր բարօրության համար ողջ աշխարհում պետք է 8¬10 անգամ մեծացնել 1 շնչին ընկնող արտադրանքի քանակը։ Դա 1 մարդու հաշվարկով կնշանակի տարեկան 53 տ հումքի օգտագործում, այսինքնՙ բնական պաշարների աղքատացում ու ավերածություններ։ Գլոբալիզացիան կայուն զարգացման մի բաղադրամասն է։ Այն շրջանառության մեջ է դրել նոր իրողությունՙ ինտեգրացիան, որի նպատակը համաշխարհային նոր օրենսդրության ձեւավորումն է, ամենայն ազգայինի, ազգային պետությունների վերացումը։ Եվ արդեն իսկ փորձ է արվում սցենարն իրականացնել միջազգային կոնվենցիաների ներմուծումների տեսքով։

Սակայն սա արդեն այլ, ավելի լայն քննարկման թեմա էր։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4