Շարունակվում են քննադատությունները
Երեկ, ճիշտ այն ժամին, երբ կառավարության ընդունելությունների տանը երրորդ գումարման խորհրդարանի ազգընտիր պատգամավորները հանդիսավոր պայմաններում վկայականներ էին ստանում, ժուռնալիստի տանը փաստարկներ էին բերվում, որ ԱԺ ընտրությունների նախապատրաստումը եւ անցկացումն ապօրինի են եղել, հետեւաբար անօրինական է նաեւ մանդատների հանձնումը։ Ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովն Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման վերաբերյալ իր նախնական հայտարարության մեջ նշում է, որ այս ընտրությունների ընթացքում շարունակվել են ավանդույթ դարձած ընտրախախտումները, եղել են նաեւ առանձնահատուկ իրավախախտումներՙ ընտրությունների նախապատրաստումը եւ անցկացումը դարձնելով անօրինական, ինչպես նաեւ հայաստանյան ընտրական գործընթացներում հետընթաց արձանագրելով։ Մի շարք գործոններ էական ազդեցություն թողեցին քվեարկության արդյունքների վրա, ուստի դրանք արդարացի եւ օրինական չեն կարող համարվել։ Ըստ այդ հայտարարության, ԿԸՀ-ն բացարձակապես չի կատարել իր պարտականություններն ընտրությունների նախապատրաստման ընթացքի վերահսկման, ընտրությունների արդյունքների վրա այդ ժամանակահատվածում կատարված իրավախախտումների ազդեցության գնահատման ուղղությամբ։ Հասարակական հանձնաժողովը եզրակացնում է նաեւ, որ իշխանությունների անգործությունից կարելի է ենթադրել, որ նրանք մասնակից են ընտրախախտումների իրականացմանը։ Հանձնաժողովի համակարգող Ռուբեն Թորոսյանը հատկապես նշում է ՀՀ պաշտպանության նախարարի անթույլատրելի ակտիվ մասնակցությունն ընտրական գործընթացներին, Սերժ Սարգսյանը միակ պետական պաշտոնյան չէ, որ խախտել է օրենքը։ ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, Երեւանի քաղաքապետը, նախարարները, ԿԸՀ-ում գրանցվելուց հետո, առանց ազատվելու իրենց պաշտոնական պարտականությունները կատարելուց, ակտիվորեն մասնակցել են ընտրական գործընթացներին։ Ըստ բանախոսի, Հանրապետական կուսակցության ինտերնետային էջում միայն արձանագրված են այնպիսի կոպիտ խախտումներ, որոնք արդար դատարանի առկայության դեպքում ընտրություններն անվավեր ճանաչելու հիմք կծառայեին։
Քվեարկության օրըՙ մայիսի 25-ին իրականացվել են գրեթե բոլոր հնարավոր ընտրախախտումներըՙ ճնշումներ, բռնություններ, սպառնալիքներ, ընտրակաշառքներ, քվեատուփեր լցնել, քվեաթերթիկների գողացում. ընտրական հանձնաժողովները խախտումներ չեն գրանցել 56 ընտրատարածքներից մեկում միայն։
Ռուբեն Թորոսյանի խոսքով, այս ընտրությունները նախորդների համեմատ հետընթաց են ապրել նաեւ բողոքարկման առումով. եթե նախորդ ընտրություններին դատարաններն ընդունում էին դիմումները եւ դրանք լսելուց հետո միայն մերժում, այս ընտրություններին դիմումներն ընդհանրապես չեն ընդունվել։ Հանձնաժողովի համակարգողը նշում է նաեւ ընտրությունների օրինական անցկացմանը խոչընդոտած բազմաթիվ այլ փաստեր։
Մինչ ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովը եւ բազմաթիվ այլ կազմակերպություններ պնդում են անօրինականությունների մասին, իշխանություններն ամեն ինչ անում են այնպես, ինչպես իրենց անձնական շահերն են թելադրում։ Այդ տրամաբանության մեջ էր նաեւ նորընտիր (կամ նորանշանակ) պատգամավորներին մանդատներ հանձնելու պաշտոնական արարողությունը։ Երեկ 128 պատգամավորներից բացակայել է շուրջ 3 տասնյակըՙ ընդդիմության ներկայացուցիչները։ «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանությունը», ինչպես նախապես հայտարարել էին, ցուցադրաբար արարողակարգային միջոցառումներին եւ նիստերին չեն մասնակցել։ Նրանք ավելի ուշ առանձին են ստացել մանդատները։ Հավանաբար ՀԺԱՄ-ի պարտության հետ չհամակերպված, սակայն մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Հարություն Փամբուկյանը եւս չի մասնակցել արարողությանը։ Կառավարության ընդունելությունների տանը չեն եղել նաեւ վերջին պահին ինքնաբացարկ հայտնած եւ գործադիրում նշանակման սպասող պատգամավորները։ Հիշեցնենք, որ ընդհանուր թվով 56 ընտրատարածքներից ընտրություններն անվավեր էին համարվել երեքումՙ թիվ 12, 29 եւ 41։ Դրանք կկայանան հունիսի 14-ին եւ 15-ին, հավանաբար նույն տրամաբանությամբ, ինչպես մյուս 53-ում։
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ