Հայ-անգլերեն համակարգչային թարգմանիչ ծրագիրն առայժմ թերի է...
Համահայկական տեղեկատվական միասնական դաշտ ստեղծելու պահանջը վաղուց արդեն հասունացած լինելովՙ հայ մասնագետներին մղել է այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ կատարելու։ Ցավոք, դրանք առայժ թերի ենՙ արմատական մի շարք հարցերի պատճառով։ Դրանցից մեկը հայերեն¬անգլերեն համակարգչային թարգմանիչ ծրագրի ստեղծումն է, որի համար անհրաժեշտ է լուծել լեզվաբանական մի շարք խնդիրներ։ Հարցն այն է, որ մեզանում արդեն արմատացած միմյանցից անջատ աշխատելու գիտնականների սովորույթը մեծապես վնասում է ազգօգուտ շատ խնդիրների արագ լուծմանը, միաժամանակ ստեղծելով ֆինանսական ու կազմակերպական առավել դժվարին պայմաններ։
Օրինակ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում գործող ԻՍՄԱ ընկերությունը մշակում է համակարգչային ծրագրերի եւ ինտերնետի հայերեն տարբերակներ, սակայն անհրաժեշտ 50000 բառ քանակությամբ բառապաշար ներմուծելու խնդիրը չի հաղթահարել։ Ընկերության տնօրեն, համալսարանի կոմպյուտերային համակարգեր եւ ինֆորմատիկա բաժանմունքի պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանի աշխատակազմն իր ձեռքի տակ թեպետ արդեն ունի թարգմանչական ծրագրի փորձնական տարբերակը, որն իմաստային թարգմանություն է կատարում ցանկացած լեզվից, թարգմանությանը զուգահեռ ուղղագրական սխալներ է ուղղում, ինչպես նաեւ հնչեցնում է տեքստը, սակայն ծրագիրը հղկման ու մշակման կարիք ունի։ Ծրագիրը ներկայացվել ու քննարկվել է «Բաց հասարակության ինստիտուտի» եւ «Եվրասիա» հիմնադրամների կազմակերպած սեմինարներում։
Մեկ շաբաթ առաջ վերոհիշյալ հիմնադրամները անցկացրին «Հայ- անգլերեն թարգմանչի ստեղծման խնդիրները» սեմինարը, որին մասնակցեցին այդ խնդրի լուծմամբ զբաղվող անհատներ, կազմակերպություններ, դրանց թվումՙ ԳԱԱ Հր. Աճառյանի անվ. լեզվաբանական ինստիտուտը, ճարտարագիտական համալսարանի ԻՍՄԱ ընկերությունը եւ այլք։
Նկատի ունենալով հայ մասնագետների ձեռք բերած զգալի հաջողություններն այս բնագավառումՙ փորձ է արվում պահպանել արդեն եղածը եւ մտավոր ուժերի համատեղմամբ ծրագիրն ավարտին հասցնել։ Խնդիրն այն է, որ հիմնականում լեզվաբանական բնույթի դժվարություններ կան, որոնք էլ, բնականաբար, հաղթահարելի են լեզվաբանների հետ համագործակցելով միայն։ Ամենից առաջ անհրաժեշտ է ստեղծել բառակազմական բառարան, ուղղագրական փոխակերպիչ, որից հետո անցնել շարահյուսական եւ լեզվաբանական այլ հարցերի լուծմանը։
Թարգմանիչ ծրագրի այս քննարկման ժամանակ եւս, ինչպես նախորդում, դրամաշնորհ հատկացնելու վերաբերյալ որեւէ որոշում չի կայացվել, քանի որ ներկայացված աշխատանքներն, ըստ էության, առայժմ թերի են։ Ծրագիրը մշակողներին եւ լեզվաբաններին հանձնարարվել է միասնաբար վերացնել լեզվաբանական խնդիրները, որից հետո ծրագիրը նորից կվերանայվի։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ