Եկատերինա Երկրորդի արձանը տեղափոխվեց ոչ թե Ռուսաստան, այլ ազգային պատկերասրահի նոր սրահ...
Ինչպես ամեն մի պատմություն, Եկատերինա Երկրորդի արձանն էլ ունի իր նախապատմությունը։ Այս անգամ նկատի ունենք ոչ արձանը փրկելու ու Հայաստան հասցնելու հայտնի քանդակագործ Սերգեյ Մերկուրովի նվիրական աշխատանքը, որին անդրադարձել ենք «Ազգի» նախորդ համարներից մեկում («Ազգ», 7 հունիսի 2003 թ.), այլ նորանկախ Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիվանագիտական «խորհրդավոր» ժեստը։ 1997 թվականից մինչ այսօր Եկատերինան դարձել է նախկինի պես խիստ ցանկալի տիկին ռուս իշխանավորների համար։ Հայաստանի իշխանավորներն էլ հարգելով նրանց տղամարդկային արժանապատվությունըՙ բացահայտ մերժելու փոխարեն խոստանում են, խոստանում ու... իշխանությունից հեռանում։ Ահա այս անգամ էլ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի բանավոր խնդրանքը չմերժած մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանն ու Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը պաշտոնաթող եղանՙ մերժելու վճիռը թողնելով նորերին։ Ուղղակի անհասկանալի է, թե ինչու է նախկին քաղաքապետը արձանը հանձնելու մասին ռուսական լրատվամիջոցների տարածած լուրը հերքում ոչ թե հայտարարությամբ պաշտոնապես հանդես գալով, այլ «Հայոց աշխարհ» թերթի թղթակցին իր մամուլի քարտուղարի միջոցով պատասխան տալով («Հայոց աշխարհ», 11 հունիսի, 2003)։ Մինչդեռ արձանը հանձնելու իրավասություն չունենալու մասին հարկավոր էր հայտարարել խորհրդարանական ընտրություններից առաջ, այսինքնՙ լուրը հայտնի դառնալուց հետո։ Մշակույթի նախարարությունն էլ մի տեսակ հեռու ու անխառն մնաց, կարծես իր ենթակայության տակ գտնվող Հայաստանի ազգային պատկերասրահին պատկանող արժեքավոր արձանի մասին չէր խոսքը, այլ ինչ-որ հեռավոր ավանում ընկած քարաբեկորի։
Այս օրերին մշակույթի նախարարությունից որեւէ պատասխան ակնկալելը անմիտ բան է։ Փոխնախարարի ընդունարանից հայտնեցին, որ հին շենքում աթոռ չի մնացել, նորում էլ հեռախոս չկա։ Ցավալի վիճակ է։
Այդուհանդերձ, մեզ հաջողվեց հեռախոսով զրուցել մշակույթի փոխնախարար Կարեն Արիստակեսյանի հետ, որն էլ նորից հայտնեց, թե նախկին նախարարը պաշտոնական որեւէ որոշում չի ընդունել։
Այսպիսով, ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի հավաստմամբ, անհանգստանալու լուրջ պատճառ չկա, քանի որ արձանը օտարելու ոչ մի հրահանգ չի տրվել։
Եկատերինա Երկրորդն արդեն փառավոր տեղ է զբաղեցրել պատկերասրահի մեծ սրահներից մեկում։
Մի խոսքով, մեծ աղմուկ դատարկ խոսքերից....
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ