«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2003-06-11 | #110, 2003-06-12 | #111, 2003-06-13


ԱՐՑԱԽԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՈՒՆԻ

Արցախի պետհամալսարանը միջազգային գիտական կազմակերպությունների հետ համագործակցության առաջին լուրջ քայլերն է անում, որի նպատակն է մայր բուհը ինտեգրել այն նշանակալից գործընթացներին, որոնք այսօր տեղի են ունենում գիտության աշխարհում։

Օրերս ԱրՊՀ ռեկտոր Համլետ Գրիգորյանը Մոսկվայում համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ Օ. Կուզնեցովի հետ։

Գիտական այս պատկառելի կազմակերպությունն ընդգրկում է նաեւ օտարերկրյա անդամներ աշխարհի 47 երկրներից։ Նրանց մեջ կան Նոբելյան եւ միջազգային ուրիշ հեղինակավոր մրցանակների դափնեկիրներ, որոնք ներկայացնում են գիտական տարբեր բնագավառներ։

ՌԲԳԱ-ն ՄԱԿ-ում հավատարմագրվել է 1995 թվականին, իսկ 2002թ. նրան տրվել է ՄԱԿ-ին կից ոչ կառավարական կազմակերպության կարգավիճակ։

Ինչպես նշված է համաձայնագրում, Ռուսաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գիտության ներկայացուցիչների համագործակցությունը պատմական հուսալի հենք ունի։ Ոչ քիչ թվով արցախածնունդ գիտնականներ իրենց համաշխարհային ճանաչմամբ փառավորում են ռուսական գիտությունը։

Արցախի պետհամալսարանը ԼՂՀ բնական գիտությունների ու կրթական միակ կենտրոնն է։ Ներկայումս ԱրՊՀ-ի հիմնական կազմակերպչական կառույցներն են ֆիզիկա-մաթեմատիկական, քիմիական-կենսաբանական, ինժեներա-տնտեսական, ագրարային, հումանիտար, բանասիրական եւ այլ ֆակուլտետները։

Համաձայնագիրը նպատակ է հետապնդում միավորել Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ու Արցախի պետհամալսարանի ինտելեկտուալ ներուժը, համատեղ անցկացնել գիտական, կրթական ու լուսավորչական աշխատանքներ, ինչպես նաեւ կազմել համատեղ գիտակրթական նախագծեր։

Համաձայնագիրն իրականացնելու համար ստեղծվել է մշտական գործող աշխատանքային կոմիտե։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4