«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2003-06-12 | #111, 2003-06-13 | #112, 2003-06-14


ԳԱԶԻ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ

Միջուկային վառելիքն արդեն ներկրված է Հայաստան եւ աշխատանքներ են ընթանում ատոմակայանը լիցքավորելու համար։ Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։ Նա նշեց, որ այս խնդրի կարգավորման համար 3¬4 ամսվա քննարկումներից հետո հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովը գտավ ընդունելի բանաձեւ։ Սովորաբար հայկական կողմը վառելիքը ստանում էր, բայց դրա դիմաց չէր վճարում։ Այդ պատճառով պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերի կառավարումը հանձնել ՌԱՕԵԷՍ-ին (5 տարի ժամկետով), իսկ տեխնիկական կառավարումը հայկական կողմինն է։ Ինչ վերաբերում է 40 մլն դոլար նախկին պարտքին, ապա դրա մի մասը պետք է փակվի հիմնական միջոցներովՙ Սեւան-Հրազդան կասկադով։ Այն գնահատվել է 25 մլն դոլար, գումարած 20 մլն դոլար վարկային պարտավորությունները։ Նախարարը տեղեկացրեց, որ 20¬30 օրվա ընթացքում ատոմակայանը կաշխատի եւ կմիացվի էներգացանցին։

Գազամատակարարման վերաբերյալ ասվեց, որ ռուսական շուկայում առաջացած խնդիրների հետեւանքով Հայաստանի գազամատակարարների թիվն ավելացել է։ Նախկինում միայն «Իտեռան» էր, այժմ նաեւ «Գազպրոմը»։ Գազի գինն անփոփոխ է։ Արմեն Մովսիսյանի համոզմամբ, դրա բարձրացում առաջիկայում չի սպասվում։ Հույս հայտնվեց նաեւ, որ երկարաժամկետ պայմանագիր կկնքվի «Գազպրոմի» հետ, ինչը հատկապես կարեւոր է քիմիական արդյունաբերության համար։

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխման առնչությամբ նախարարը տեղեկացրեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբՙ սակագների գնահատման համար։ Խումբն իր գնահատականը կտա 1 ամիս հետո, սակայն Արմեն Մովսիսյանը չի կարծում, թե այդ գնահատականն էապես կամ ընդհանրապես կազդի սակագնի վրա։

«Ազգի» հարցը հետեւյալն էրՙ ի՞նչ է արվում ատոմակայանին փոխարինող հզորություններ ստեղծելու ուղղությամբ։ Այդ խնդիրն արդեն մի քանի անգամ քննարկվում է, իսկ գործնականում այլընտրանքային էներգիայի զարգացման համար ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։ Արմեն Մովսիսյանն այս հարցին պատասխանելով նշեց, որ առանց ատոմակայանի մենք արդեն իսկ դաժանագույն ձմեռ անցկացրինք։ Նա կարեւոր համարեց համակարգի արդյունավետության բարձրացումը։ Օրինակ, Հրազդանի ՋԷԿ-ն այժմ էլեկտրաէներգիա է արտադրում, սպառելով 2,5 անգամ ավելի գազՙ նորագույն սարքավորումներով աշխատող կայանների համեմատ։

ԱԷԿ-ին փոխարինող ամենամեծ ծրագիրը հիդրոռեսուրսների օգտագործումն է։ Այստեղ առկա ռեսուրսը 300 մգվտ է։ Ըստ էներգետիկայի նախարարի, ստեղծվել է անհրաժեշտ դաշտ այստեղ ներդրումներ կատարելու համար։ Ժամանակին մասնավորեցված փոքր ՀԷԿ-երը կրկնակի էլեկտրաէներգիա են արտադրել եւ 100 տոկոսով վճարումներ են ստանում։

Քամու էներգիայի զարգացման համար նմանապես ստեղծվել է անհրաժեշտ ներդրումային դաշտ, կազմվել է քամիների քարտեզը։ Քամու էներգիայի օգտագործման համար 450 մգվտ-ի ռեսուրս ունենք։ Այս տարի կունենանք առաջին հողմակայանը Պուշկինի լեռնանցքում։ Այդ նպատակով 2,5 մլն դոլար դրամաշնորհ է տրամադրվել։ «Չեմ կասկածում, որ այս ոլորտում նույնպես ներդրումներ կլինեն», վերջում նշեց նախարարը։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4