«Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավարները շինարարության վայրերում
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Երեւան-Եղեգնաձոր-Մարտունի-Դիլիջան-Երեւան
Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերը թեեւ հարեւաններ են, բայց մի մարզից մյուս մարզ հնարավոր է մեկնել միայն Արարատյան դաշտը, Երեւանը եւ Կոտայքը շրջանցելով։ Այս տարվա նոյեմբերին այս մարզերը միմյանց կկապվեն Սելիմի լեռնանցքով անցնող ճանապարհով, որի բոլոր հատվածներում եռանդագին շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Այս կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի շինարարությունը եւս ֆինանսավորում է «Լինսի» հիմնադրամը, որի կառավարման խորհրդի նախագահ, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, խորհրդի փոխնախագահ, նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի գլխավորած պատվիրակությունը կիրակի վաղ առավոտյան մեկնեց ծանոթանալու կատարվող աշխատանքներին։
Առաջին կանգառը Տիգրանաշեն-Զանգակատուն նորոգվող ճանապարհին էր, որից հետո հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավարներն ու մյուս պատասխանատուները բազմիցս կանգ առան նորոգվող եւ կառուցվող ճանապարհների տարբեր հատվածներում, ծանոթացան աշխատանքների ընթացքին, ճանապարհաշինարարների խնդիրներին ու ծրագրերին։ Գլխավոր պահանջը ու նաեւ խոստումն ամենուր նույնն էրՙ շինարարությունը պետք է ավարտվի մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը, ինչպես նախատեսված է ծրագրով։
Երկրորդ կանգառը Մալիշկան շրջանցող 6,7 կմ երկարությամբ ճանապարհն էր, որի 1,3 կմ արդեն պատրաստ է։ Այս ճանապարհը կարեւորվում է անվտանգության առումով, քանի որ Մալիշկայով անցնող ճանապարհը համարվում է վտանգավոր եւ այստեղ հաճախ են ավտովթարները։
Երեւան-Եղեգնաձոր ճանապարհից սկիզբ է առնում 57 կմ-անոց ճանապարհը, որն անցնելով Սելիմի լեռնանցքով, միանում է Սեւան-Գավառ-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին։ Այս ճանապարհի 22 կմ-ը նախկինում ասֆալտապատ էր, որը սակայն քայքայվել եւ դժվարանցանելի է դարձել։ Այս հատվածում երկու փուլով պետք է կատարվեն վերակառուցման աշխատանքներ։ Այսինքնՙ լցվեն փոսերը, այնուհետեւ փռվի խիճը եւ ասֆալտապատվի։ 9 կմ-ն արդեն ամբողջությամբ նորոգվել է, մնացած մասի ասֆալտածածկումն ընթացքի մեջ է։
Այլ է խնդիրը ճանապարհի մնացած 35 կմ-ի համար։ Այստեղ մարդիկ ճեղքում են ժայռերը եւ փաստորեն նոր ճանապարհ կառուցում նախկին արահետի փոխարեն։ 1 մլն խմ բնահողից արդեն 800 հազար խմ հանվել է։ 15 մ լայնություն ունեցող ճանապարհը, որն անցնելու է բարձր լեռնային գոտիներով (ամենաբարձր հատվածը ծովի մակերեւույթից 2430 մ է), «Լինսի» հիմնադրամից 4 փուլով հիմնային նորոգման գործընթացում է։
Կառուցման ավարտից հետո կաշխուժանա կապը Հայաստանի տարբեր հատվածների միջեւ։ Ճանապարհը բարերար ազդեցություն կգործի դրա մոտ գտնվող բնակավայրերի զարգացման համար։ Տեսնել է պետք միայն, թե ինչպիսի նպաստավոր պայմաններ կան այս տարածքում անասնապահության զարգացման համար։ Ալպյան մարգագետինները, որոնք հրաշալի արոտավայր կարող են դառնալ, այժմ օգտագործվում են չնչին մասով։
Աստղաձոր գյուղի բնակիչները, որոնք կանաչապատ սարերի գրկում ստեղծել են անասնապահական ֆերմա եւ ամիսներ շարունակ բնակվում են այստեղ, խանդավառությամբ ընդունեցին Երեւանից եկած պատվիրակությանը։ Նրանք իրենց երախտագիտությունն ու դժգոհություններն էին հայտնում Արտաշես Թումանյանին։ Ուրախ էին, որ վերջապես կկառուցվի ճանապարհը, խնդրում էին իրենց ֆերմա-բնակավայրերում էլեկտրական հոսանք անցկացնել, դժգոհ էին հացի եւ ալյուրի գների բարձրացումից։ Նախագահի աշխատակազմի ղեկավարը խոստացավ տեխնիկական հնարավորության դեպքում հոսանքը հասցնել բնակավայր, բայց անպատասխան մնացին ալյուրի թանկացման վերաբերյալ գյուղացիների հարցերը։ Սակայն հեռավոր լեռներում անասնապահությամբ զբաղվող աստղաձորցիներին միայն իրենց առօրյա խնդիրները չէին հետաքրքրում։ Նրանցից մեկը «ընկեր Օսկանյանին» հարցնում էր, թե ո՞ւր փախավ Սադդամ Հուսեյնը...
Ի տարբերություն այս գյուղի, «Լինսի» հիմնադրամի այս ճանապարհի կառուցման ծրագիրը խոչընդոտների է հանդիպում Գեղահովիտ գյուղում։ Նրա բնակիչներից մեկն իր նոր տան պատերը կառուցել է անմիջապես կամրջի վրա, որտեղով պետք է անցնի նորակառույց ճանապարհը։ Մի քանիսն էլ հրաժարվում են կես մետր տարածք տրամադրել հենապատերի կամ ճանապարհամայթի կառուցման համար։ Ամենատարօրինակն այստեղ գյուղապետի անտարբերությունն ու մարզային եւ անգամ երկրի իշխանությունների անզորությունն էին։
Հաջորդ կարեւոր կառույցը շուրջ քառորդ դար առաջ սկսված Դիլիջան-Սեւան թունելն է, որի շինարարությունը վերսկսվել է 1 տարի առաջ։ 2,2կմ երկարություն ունեցող այս թունելը շուրջ 4 կմ-ով կրճատում է Սեւան-Դիլիջան ճանապարհը եւ, որ առավել կարեւորն է, շրջանցում է Դիլիջանի ոլորանների զգալի մասը։ 7 մլն դոլարի արժողությամբ ծրագիրը մոտ է իր վերջնագծին։ Եթե մինչ շինարարության վերսկսելը 150 մ էր մնում, թունելի երկու կողմերի միացման համար, այժմ արդեն դա հաղթահարված է եւ գրեթե այդքան տարածք է մնացել, որ փորվի նաեւ ավտոմեքենաների երթեւեկման համար հատվածը։
Եվ վերջապես այդ օրը մեր այցելած վերջին վայրը Ծաղկաձորն էր։ Այստեղ «Լինսի» հիմնադրամի միջոցներով նորոգվում է օլիմպիական մարզաբազան։ 1,2 մլն դոլար արժողությամբ այս ծրագիրն իրագործվում է այս տարվա հունվարից։ Ինչպես տեղեկացանք, բազայի հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծային ժամկետը 11 ամիս է, բայց սա նույնպես պետք է ավարտվի մինչեւ այս տարվա նոյեմբեր։