«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2003-06-13 | #112, 2003-06-14 | #113, 2003-06-17


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԻՋՈՒՄ Է ԱՌԿԱ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՄՊԵՐՈՎ

Հեռահաղորդակցության բնագավառում Հայաստանի անմխիթար վիճակի մասին մինչ այժմ եղած հրապարակումներն առայժմ անարձագանք են մնում։ Իշխանության պահպանման համար մղվող պայքարում, բնականաբար, նման «մանրուքներով» զբաղվելու ժամանակ կառավարությունը չուներ, ինչպես եւ չի ունեցել նախորդ տարիներին։ Մեր երկիրը, ժամանակին տարածաշրջանում լինելով այս ոլորտում առաջատար, այժմ արդեն շնչասպառ է լինում։ Բնագավառում զարգացման բարձր տեմպեր ունեցող հարեւան երկրների եւ Հայաստանի միջեւ տարբերությունը տարեցտարի ավելի է մեծանում։ Դրա հերթական վկայությունը Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) վերջին երեք տարիների վիճակագրական տվյալներն են։

Առաջին ցուցանիշը տարածաշրջանի ընդհանուր (լարային եւ բջջային) հեռախոսակապի բաժանորդների թվին է վերաբերում։ Այս առումով Հայաստանում 2000¬2002 թթ. որեւէ զարգացում չի եղելՙ 100 բնակչի համար 15 բաժանորդ թիվը մնացել է անփոփոխ։ Ադրբեջանում եւ Վրաստանում այդ 22 բաժանորդ է 100-ից։ Այստեղ ամենայն հավանականությամբ կարեւոր դեր է խաղում բջջային կապի արագընթաց զարգացումը։ Ընդհանուր հեռախոսակապի Թուրքիայի ցուցանիշը շատ ավելի բարձր էՙ 100 բնակչից 62-ը բաժանորդներ են։

Լարային հեռախոսակապի քանակով Հայաստանը փոքր-ինչ առջեւում է Ադրբեջանից եւ Վրաստանից, բայց 1995 թ. համեմատ այստեղ եւս անկում է տեղի ունեցել։ Ճիշտ է, որոշակի անկում է արձանագրվել նաեւ Վրաստանում եւ Ադրբեջանում, իսկ Թուրքիայում աճը կանգ է առել, բայց դա պայմանավորված է այս երկրներում բջջային կապի զարգացմամբ, ինչ չես ասի Հայաստանի մասին։

Բջջային կապով ապահովված է Հայաստանի 100 բնակչից մոտ 1,5-ը, Ադրբեջանումՙ 100-ից 11-ը, Վրաստանումՙ 100-ից 10-ը։ Հայաստանի բաժանորդների թիվը 10 անգամ ցածր է հարեւաններից, իսկ բացարձակ թվով այդ ցուցանիշն առավել ցածր է։ Առիթ ունեցել ենք գրելու, որ Ադրբեջանում բջջային կապով ապահովված է 650 հազար բաժանորդ, Վրաստանումՙ 410 հազար, իսկ Հայաստանումՙ 40¬50 հազար բաժանորդ։

Ինտերնետ հանգույցների թվով, որը ցույց է տալիս կյանքում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման աստիճանը, Հայաստանի ցուցանիշն ամենաբարձրն է տարածաշրջանումՙ չհաշված Թուրքիան։ 1000 բնակչի համար Հայաստանում այդ թիվը կազմում է 7, Վրաստանումՙ 6, Ադրբեջանում 1։ Սակայն ցուցանիշային աղյուսակից երեւում է, որ Վրաստանն այստեղ սրընթաց զարգացման փուլում է, եւ եթե երկու երկրներում առկա միտումները շարունակվեն, ապա Վրաստանն այս ցուցանիշով եւս շատ շուտով կգերազանցի Հայաստանին։

Ինչ վերաբերում է ինտերնետ բաժանորդների թվին, ապա Հայաստանն արդեն իսկ զիջում է Թուրքիային եւ Ադրբեջանին։ Թուրքիայում այդ թիվը 1000 բնակչից ավելի քան 700 է, իսկ Ադրբեջանումՙ գրեթե 400։ Հայաստանում այդ թիվը ձգտում է 200-ի։ Գրեթե նույնն է նաեւ Վրաստանի ցուցանիշը, բայց աճի տեմպերով գերազանցում է Հայաստանին, ինչը նշանակում է, որ շուտով մեր հարեւան երկիրն առաջ կանցնի նաեւ բաժանորդների ընդհանուր թվով։

Վերոնշյալ ցուցանիշները հերթական ահազանգն են հրատապ, անհետաձգելի քայլեր ձեռնարկելու համար։ Գոնե հիմա, երբ իշխանակռիվն ըստ էության ավարտվել է, ձեւավորվել է նոր կառավարություն, վերջինս ի վերջո կատարի իր պարտականությունը բնակչության հանդեպ։ Այստեղ տարօրինակ է հատկապես երկրի ղեկավարի հրամանագրով ստեղծված տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցման խորհրդի օլիմպիական հանգստությունը կամ անարդյունավետ գործունեությունը։ Հարկ է օգտագործել գոնե այն առավելությունը, որ մենք ունենք հարեւանների նկատմամբ, այլ ոչ թե արհեստականորեն զսպենք զարգացումը։ Ժամանակն այժմ այս ոլորտում աշխատում է ի վնաս մեզ։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4