Վենետիկյան 5-րդ խորհրդաժողովը անցկացվեց անկազմակերպ ու տագնապահարույց մթնոլորտում
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Վենետիկ-Պրահա
Հունիսի 6-8-ը Վենետիկում անցկացված Եվրոպահայ միությունների ֆորումի 5-րդ տարեկան ժողովը դարձավ ֆորումի ապագայի լուրջ փորձաքար։ Թվում էր, թե հինգ տարիների աշխատանքային ու կազմակերպչական որոշակի փորձ ձեռք բերած ֆորումը պետք է որ արժանապատվորեն ամփոփեր կատարվածն ու լուրջ ծրագրեր առաջադրեր հետագա տարիների համար։ Սակայն իրականում կատարվեց հակառակը։ Հիշեցնենք, որ Եվրոպայի հայկական միությունների ֆորումը հիմնվել է 1998 թվականին Բրյուսելում եւ այսօր ներառում է եվրոպական սփյուռքի 29 միություններ ու համայնքներ։
Հանդիսավոր բացումը
Պաշտոնական մասի բացումը կատարվեց Վենետիկի Սան Մարկո հրապարակի Palacio Ducale-ի հիասքանչ դահլիճներից մեկում, որին ներկա գտնվեցին եւ Մխիթարյան միաբանության հայր Հարություն Պզտիկյանի ներածական խոսքից հետո ելույթ ունեցան Վենետիկի գավառապետ Մառա Ռումիցը, նշված պալատի տնօրեն պրոֆեսոր Ռոմանելին, ԵՀՄՖ ընդհանուր քարտուղար Թորոս Սակերյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայր Խորեն ծ. վրդ. Տողրամաճյանը, ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչ Ջիվան Մովսիսյանը։ Վերջում ներկաների համար ելույթ ունեցավ Հայաստանից հրավիրված օպերային երգչուհի Մագդա Մկրտչյանը։
Աշխատանքային նիստն սկսվեց մի այլ կղզումՙ Իզոլա Սան Սերվոլոյումՙ Վենետիկի միջազգային համալսարանի ընդարձակ դահլիճներից մեկում։
Ֆորումի բովանդակային քննարկմանն այս անգամ ներկայացվել էր «Սփյուռքի դերը հայ ազգային ընդհանուր անվտանգության ապահովման եւ ամրապնդման մեջ» թեման։ Նախապես հայտարարված զեկուցողներըՙ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, դեսպան Ջիվան Թաբիբյանը, ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը տարբեր պատճառներով չէին եկել։
Այսպիսով, նշված խորագրով հետաքրքրական ելույթներ ունեցան Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հիլդա Չոբոյանը («Սփյուռքն ու լոբբինգային գործունեությունը»), Գերմանիայի Բոխումի համալսարանի «Սփյուռք եւ ցեղասպանություն» ինստիտուտի տնօրեն Միհրան Դաբաղը («Սփյուռքը եւ հայ ազգային մշակութային ժառանգության պահպանումը»), Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Սպարտակ Կոստանյանը («Սփյուռքն ու տնտեսական հզորացումը»), ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը («Սփյուռքն ու ՀՀ անվտանգության խնդիրները») թեմաներով։
Ծավալվեց հետաքրքրական, երբեմն սուր հարցադրումներով, բայց բանավեճային կրքոտությամբ քննարկում, որի ընթացքում բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին։ Հայր Խորենը ընթերցեց նաեւ Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի ուղարկած «Մասնակից դառնանք Հայաստանի ապահովության ամրապնդման գործընթացին» ծրագրային ելույթը։
Կրկին հրաժարական, կրկին չընդունվեց
Գալով ֆորումի երկրորդ օրվա կազմակերպչական խնդիրներին, պետք է նշենք, որ օրակարգում նշված բոլոր կետերը սահուն կանցնեին, եթե ի սկզբանե ժողովականների մեջ անհարկի լարում չնկատվեր։
Նիստը նախագահում էին Թորոս Սակերյանը եւ ԵՀՄՖ քաղաքական խորհրդի անդամներ Կարո Հակոբյանը (Շվեդիա) ու Վարուժան Ոսկանյանը (Ռումինիա)։ Նիստի ատենադպիր ընտրվեց Րաֆֆի Պետիկյանը (Գերմանիա)։
Օրակարգում կանոնագրային փոփոխություններ մտցնելու հարցի շուրջ բանավեճ ծավալվեց եւ պարզվեց, որ նիստին ներկա մասնակիցների կազմովՙ 29 կազմակերպություններից 15-ն էին ներկա, անհնար էր 3/4-ով կանոնագրային փոփոխություն կատարել։
ԵՀՄՖ ընդհանուր քարտուղար Թորոս Սակերյանը հանդես եկավ տարեկան հաշվետվությամբ, որում ամփոփեց նաեւ վերջին հինգ տարիների գործունեությունը, հանդիպումներն ու պայմանավորվածությունները։ Իր ելույթում նա մասնավորապես շեշտեց. «Հարկ եմ համարում նշել, որ բոլորիս համատեղ ջանքերով հաջողվել է ստեղծել մի կազմակերպություն, որ եզակի է իր տեսակի մեջ հայ սփյուռքում, քանի որ տարածաշրջանային է եւ իր մեջ միավորում է Եվրոպայի տարբեր երկրների հայ համայնքային կազմակերպությունների եւ անհատների։ Ի տարբերություն սփյուռքի այլ կազմակերպությունների, ֆորումը բաց եւ ազատ է բոլորի համարՙ անկախ նրանց քաղաքական ուղղվածությունից կամ կրոնական դավանանքից։ Նման մոտեցումը բխում է ֆորումի նպատակներից եւ խնդիրներից, որոնք ամրագրված են 2000թ. Բուդապեշտում կայացած համաժողովում ընդունված կանոնադրությամբ։ Անցած տարիներին այդ կանոնադրությունը ապացուցել է իր կենսունակությունը եւ ապահովել ֆորումի ներդաշնակ եւ արդյունավետ գործունեությունը»։
Այնուհետեւ ընդհանուր քարտուղարը մեկ առ մեկ թվարկեց կազմակերպված միջոցառումներն ու կարեւոր որոշումները։ Ամփոփելով նա մի անգամ եւս շեշտեց, որ ֆորումի հնգամյա ամենամեծ նվաճումն այն է, որ իր նպաստը բերեց համագործակցության ոգու, համերաշխության, փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատմանը, նպաստեց համայնքների մերձեցմանը, միմյանց ճանաչելու եւ միասին աշխատելու անհրաժեշտությանն ու կարեւորությանը։ Սա մենք նույնպես կարող ենք նշել, որ իրոք ձեռքբերում էր։
Քաղաքական խորհրդի աշխատանքի մասին միմյանց լրացնող ելույթներ ունեցան խորհրդի անդամներ Վարուժան Ոսկանյանը (Ռումինիա), Կարո Հակոբյանը (Շվեդիա), Բագրատ Նազարյանը (Մեծ Բրիտանիա), Գեւորգ Զեյթունցյանը (Կիպրոս)։
Կարդացվեց նաեւ ֆորումի գանձապահի ուղարկած ֆինանսական հաշվետվությունը։ 2002-2003 հաշվետու ժամանակաշրջանում ծախսվել է 78 հազար 284 շվեյցարական ֆրանկ։ Պրն Կիզիրյանն անձամբ չէր կարողացել ժամանել։ Ի դեպ այս հաշվետվությունից պարզ դարձավ, որ 29 կազմակերպությունից անդամավճար մուծել են ընդամենը 12-ը։
Այնուհետեւ ներկաներն անցան կանոնագրի փոփոխության հարցին։ Քաղաքական խորհրդի կողմից ներկայացված տարբերակը թեեւ բաժանվել էր ժողովականներին, սակայն բաց քվեարկությամբ որոշվեց ուղարկել բոլոր անդամ երկրներին եւ բազմակողմանի քննարկումից հետո միայն, ներկայացնել հաջորդ ժողովին։
Այս ընթացքում ֆորումի ընդհանուր քարտուղարի ու քաղաքական խորհրդի անդամների միջեւ լարված երկխոսություն սկսվեց։ Անհասկացողության պատճառով անհարկի սրվեց նիստի մթնոլորտը։ Թորոս Սակերյանը անսպասելի ներկայացրեց իր հրաժարականը եւ լքեց նիստերի դահլիճը։
Այս իրավիճակը կրկին հիշեցրեց երկու տարի առաջ ֆորումի Բուդապեշտի 2-րդ ժողովում կատարվածը, երբ ԵՀՄՖ ընդհանուր քարտուղարը, չհամաձայնելով հնչող քննադատությանը եւ առաջարկներին, ներկայացրեց իր հրաժարականը եւ լքեց նիստերի դահլիճը։ Այն ժամանակ երկար համոզում-բանակցություններից հետո նա վերադարձավ եւ շարունակեց աշխատանքը։ Այս անգամ որքան էլ պատվիրակներ գնացին ու եկան, ընդհանուր քարտուղարը մնաց անդրդվելի եւ չվերադարձավ։ Ժողովն առանց նրա մասնակցության շարունակեց աշխատանքը, քվեարկությամբ չընդունեց նրա հրաժարականը, եւ ընդունվեցին ֆորումի հետագա անելիքների հետ կապված մի քանի որոշումներ։
Այս ամենը ծանր տպավորություն թողեց ժողովականների վրա։ Մարդիկ, որ կտրել-անցել էին մղոններ, ակնկալելով լուրջ քննարկումներ, հիասթափված լքեցին Վենետիկըՙ հուսալով, որ ի վերջո ղեկավար մարմինները կաշխատեն ֆորումի զարգացման օգտին։
Ոչ ոք չի նսեմացնում պարոն Սակերյանի նվիրվածությունը եւ նրա կատարած աշխատանքը։ Շատ հարցեր, իրոք միայն նրա հետեւողականության շնորհիվ լուծում ստացան։ Թորոս Սակերյանը պատճառաբանում է, որ ինքն էլ մարդ է եւ չի կարող դիմանալ իր հասցեին անհարկի հնչող քննադատություններին, մյուս կողմն էլ պնդում է, թե ընդհանուր քարտուղարը չի ընդունում որեւէ կարծիք, եւ ցանկանում է միանձնյա գործել ու որոշումներ կայացնել։
Ընդ որում հարկ է նշել, որ քաղաքական խորհրդի ու ընդհանուր քարտուղարի հակասությունները նոր չեն։ Դրանք երեւան եկան նաեւ Ուպսալայում եւ Բրյուսելում։
Այսպիսով վենետիկյան ժողովի մասին երեք մամուլի հաղորդագրություն տարածվեցՙ երկուսը ընդհանուր քարտուղար Թորոս Սակերյանի (Ժնեւի գրասենյակ) անունից, եւ երրորդըՙ ԵՀՄՖ քաղաքական խորհրդի կողմից։
Վերջաբանի փոխարեն
Իհարկե, այս ամենը կարելի էր քննարկել հանգիստ ու ոչ լարված մթնոլորտում։ Կողքից կատարվող անհարկի միջամտություններն ու բացականչությունները սրեցին վիճակը, եւ պատահեց այն, ինչի մասին արդեն նշեցինք։ Ընդ որում ասվածը վերաբերում է երկու կողմերի կողմնակիցներին։ Մեզ համար ընդունելի չէին պարոնայք Վ. Ոսկանյանի եւ Թ. Սակերյանի անձնավորված երկխոսությունը, ինչպես նաեւ ժողովականներից մեկի կողմից բոլոր ոչ քվեարկող մասնակիցներին դուրս անելու փորձերը։ Վերջինիս համար նախագահող Կարո Հակոբյանը ներողություն խնդրեց ներկաներից։
Այնուամենայնիվ, չնայած պատահածին, քաղաքական խորհուրդը 1 ամիս ժամանակ տվեց Թորոս Սակերյանին, որպեսզի նա որոշի իր անելիքը։ Վերջինս հեռանալով Վենետիկից, հանդես եկավ հայտարարություններով եւ կրկին խախտելով կանոնադրությունըՙ քաղաքական խորհուրդը համարեց լուծարված։ Այնինչ այդ իրավասությունն ունի միայն ընդհանուր ժողովը։ Եթե այդպիսի նպատակ կար, ապա ընդհանուր քարտուղարը կարող էր մնալ եւ ժողովին առաջարկ ներկայացներ քաղաքական խորհուրդը լուծարելու մասին։
Ի՞նչ դասեր ենք քաղում այս ամենից եւ ինչ առաջարկներ ենք բերում ֆորումի անդամ երկրներին ու մասնակիցներին։
Ֆորումի անդամ երկրները պետք է որոշենՙ ուզում են մեկ ընդհանուր էքսկուրսավարով տուրիստական կազմակերպության անդամ դառնալ եւ կոչվել Եվրոպայի հայ տուրիստների ֆորում, թե՞ իրոք հասարակական կազմակերպություն մնալ, որը կախված չի լինի մեկ անձից, այլ կլինի իրոք գործուն, բոլոր միությունների կարծիքը հաշվի առնող կազմակերպությունՙ իր ղեկավարով ու աշխատանքային մարմնով։ Այսինքն կազմակերպության ներքին դրվածքն այնպիսին պետք է լինի, որ եթե ընդհանուր քարտուղարը վաղը կրկին որոշի թողնել ֆորումը, այն չքանդվի, այլ մնա գործուն մարմին։
Ոչ ոք առանց մեծամասնության ձայների չի կարող ֆորումում հեղաշրջում անելՙ լինեն քաղաքական խորհրդի անդամները, թե ընդհանուր քարտուղարը։ Այնպես որ տարաբնույթ ազդեցությունների տակ ընկնելու փոխարեն, ֆորումի անդամ միությունները պետք է արտակարգ համագումար հրավիրենՙ առանց կողմնակի մարդկանց մասնակցության, եւ որոշեն իրենց ճակատագիրը։ Հակառակ դեպքում, մենք կարող ենք այսօր եւեթ ֆորումի մահախոսականը գրել։
Ամենացավալին կլինի կատարված աշխատանքի ու հույսերի կորուստը։
Վերջին ժամ
Երեկ գիշեր «Ազգը» տեղեկացավ, որ քաղաքական խորհուրդն իր հերթին հախուռն գործելով որոշում է կայացրել ֆորումի քարտուղարի պարտականությունից ազատելու պրն Թորոս Առաքելյանին։