Երեկ աշխարհի տարբեր անկյուններում նշվեց անապատացման ու երաշտի դեմ պայքարի միջազգային օրը
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Վահագն Հովնանյանի եղբայրըՙ նույնպես մեծահարուստ Ժիրայր Հովնանյանը մի տարի առաջ ցանկություն է հայտնել ֆինանսավորել փոքր ջրամբարների կառուցումը Թալինի շրջանում եւ մերձակա այն տարածքներում, ուր ջրի պակասի հետեւանքով հողն ամլացել ու գործնականում անօգտագործելի է դարձել։ Սակայն ոչ նա, ոչ էլ խնդրով շահագրգիռ գիտնական մասնագետների խումբը չկարողացան համոզել կառավարության իրավասու ատյաններին պրոբլեմի կարեւորությունը. «Մենք ավելի հրատապ խնդիրներ ունենք, օրինակ, կոյուղու վերականգնումը», այսպես են պատասխանել նրանց։ Ծրագիրն այդպես էլ չի մեկնարկել, թեեւ գիտնականներն արդեն գրքույկներով ներկայացրել էին անջուր տարածքները, որտեղ փոքր ջրամբարներ կառուցելու խիստ կարիք կա, հիմնավորել ծրագրի իրականացման տնտեսական ու էկոլոգիական արդյունավետությունը։
Հողերի անապատացումը, այլ խոսքովՙ դեգրադացիան, համեմատաբար երիտասարդ խնդիր է մեր հանրապետության համարՙ 10¬15 տարվա։ Գուցե այդ իրողությամբ են պայմանավորված անիրազեկությունը եւ իբրեւ հետեւանք ծրագիրն առաջնահերթությունների շարքից դուրս մղելը։
«Թալինի շրջանի մի շարք գյուղերում հողն անապատացել է, մարդիկ թողել, գնացել են ոռոգելի հողերով գյուղեր։ Մենք նախագծել ենք մի քանի փոքր ջրամբարներ այդ տարածաշրջանի համարՙ մինչեւ Բաղրամյան ու Արմավիր, ուր հեղեղաջրերը քշել, տարել են հողի վերին շերտը», ասում է գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Հայրապետյանը։ Գիտնականը համոզված է, որ անջրդի տարածքները անապատացումից կարելի է փրկել բացառապես փոքր ջրամբարների միջոցով։ Եվ հետաքրքրական դիտարկում է անումՙ մեծ ջրամբարների կառուցումը սովորաբար փող լվանալու հնարավորություն է ընձեռում։ Բացի այդ, մեծ ջրամբար կառուցելով հնարավոր չէ ջուր հասցնել դրա գործողության շրջանակից մի փոքր էլ հեռու տարածք։ Մերժված ծրագիրը փոքր ջրամբարների կառուցում է նախատեսում նաեւ Սեւանի ավազանի մի քանի գյուղերի համար, որպեսզի լճի ջուրը հսկայական հոսանքի ծախսի գնով չգնա 15¬20 կմ հեռու անջուր գյուղերըՙ Վարդենիկ, Սարուխան, Աստղաձոր։
Հայաստանում հողն անապատի է վերածվում նաեւ սխալ օգտագործման հետեւանքով։ Վերջին 10 տարում Արարատյան դաշտավայրում, Սեւանի ավազանի հողերում զանգվածաբար սկսեցին ցորեն ցանել, որը հատուկ խնամք ու ոռոգում չի պահանջում։ Ըստ գիտնականի, իրենց ուսումնասիրությունների համաձայն, Սեւանի ավազանի հողահանդակներում հումուսի պաշարն արդեն 30¬40 տոկոսով նվազել է։ Թե որքան աղետալի ցուցանիշ է դա, հավաստելու համար ասենք, որ միջազգային չափանիշներով, 100 տարվա ընթացքում որեւէ տարածքում հումուսի քանակի 1 տոկոսով նվազումը տագնապի ազդանշան է համարվում այդ երկրի համար։ Մեզ մոտ 10 տարվա ընթացքում է հողի մեջ հումուսի պարունակությունը 1 տոկոսով նվազել։
Բերրիության անկումն Արարատյան դաշտավայրում նաեւ այլ պատճառներ ունիՙ հողի աղակալումն ու գերխոնավության պատճառով նաեւ ճահճացումը։ Իսկ ոչ հեռավոր անցյալում այդ հողերը եղել են բարձր բերքատու տարածքներ։ «Պատճառն այն է, որ ցամաքեցնող, կոլեկտորա-դրենաժային ցանցն անսարք վիճակում է... Ցավալի է, որ աղուտները հիմնականում սոդայի պարունակությամբ աղուտներ են, եւ առանց քիմիական մելիորացիայի հնարավոր չէ նատրիումը հեռացնել, իսկ դա հսկայական ծախսեր է պահանջում», ասում է Էդուարդ Հայրապետյանը։
Հայաստանում մշակովի հողերը կազմում են 475 հազար հա, ընդամենն այդքանը, պաշարների ավելացումը հնարավոր է 28¬30 հազար հա աղուտների, քարքարուտների եւ ճահճային տարածքների մասնակի յուրացումների շնորհիվ։ Հայաստանում հողի մոնիտորինգ չի իրականացվում։ Այսինքնՙ չի հաշվարկվումՙ որքանո՞վ են ավելանում կամ նվազում անապատային տարածքները, ինչպիսի՞ երեւույթներ են գրանցվում։
Ուշադրությունից դուրս, աստիճանաբար անապատանում են նաեւ լեռնային շրջանի այն տարածքները, ուր անասունների սխալ, գերարածեցման հետեւանքով հողը լերկանում է, զրկվում բուսածածկույթից։ Անապատացման լուրջ սպառնալիքի տակ են նաեւ այն շրջանները, որոնցում 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո գետնի մակերեսից ներս խզվածքներ են առաջացել եւ դրա հետեւանքով ջրային երակները չորացել են։ Անբարենպաստ գործոնների թիվը վերջին տասնամյակում ավելացրել են թունաքիմիկատների կամ պարարտանյութերի անգրագետ կիրառումը, ջրային ռեժիմների խախտումը։ Հողի ամլացումը կանխելու եւ գոնե վնասները նվազեցնելու նպատակով բուռն արտահայտված օջախներում հարկ է ձեռնարկել կանաչապատում, իսկ անապատացման ենթակա բոլոր տարածքները քարտեզագրել ու անհրաժեշտ «բուժումներ» նշանակել։ Չլինի այնպես, որ մինչեւ պրոբլեմի առաջնահերթության հասարակական հնչեղությամբ գիտակցումն արդեն շատ տարածքներ կորցնենք։ Հողն այսօր ոչ միայն գյուղացու հույսն է ու կերակրողը, մեզ նման պետության զարգացման հեռանկարը նաեւ գյուղատնտեսության ճակատագրի հետ է կապվում։
Մարդը կարող է անապատը ծաղկուն այգի դարձնել, կարող է անել եւ հակառակը։ Վկան Արարատյան դաշտավայրն է, ուր բարդիների անտառից միայն հիշողություն է մնացել։ Ուշագրավ է, որ նույն երեւույթն Արաքսի աջ ափին չի նկատվում։