«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2003-06-17 | #114, 2003-06-18 | #115, 2003-06-19


ՈՒՇԱՑԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հասարակական կազմակերպությունների համագումարՙ ՀՀ նախագահի հովանավորությամբ

Հասարակական կազմակերպությունների թիվը Հայաստանում նկատելիորեն աճեց վերջին տարիներին։ Գրանցված են մոտ 3 հազար հասարակական կազմակերպություններ, որոնց մեջ քիչ չեն աշխատանքային մեծ փորձառությամբ աչքի ընկնողները։ Գործուն համագործակցություն հաստատելով գործադիր մարմինների եւ ԶԼՄ-ների հետ, միջազգային դրամաշնորհային ծրագրերի օգնությամբ նրանք օգտակարության իրենց գործակիցն են բերել մեր հասարակական կյանքում առկա մի շարք հիմնախնդիրների լուծմանը։ Այդօրինակ հասարակական կազմակերպություններում ընդգրկված են տարբեր բնագավառների հմուտ մասնագետներ, որոնց բարձրակարգ գիտելիքներն էլ հաջողություններ գրանցելու հիմնական նախադրյալներն են դարձել։

Ահա այս կարեւոր հանգամանքն էլ նկատի ունենալով Հայաստանի իշխանությունը, թեկուզ արդեն ուշացած, սակայն լավ է ուշ, քան երբեք սկզբունքով որոշել է հատուկ ուշադրություն հատկացնել ՀԿ-ների գործունեության համակարգմանը։ Այդ նպատակով հանրապետության նախագահի անմիջական հովանավորությամբ աշնանը կհրավիրվի հասարակական կազմակերպությունների համագումար։ Կստեղծվի համակարգող խորհուրդ, որն էլ կկրի բոլոր անհրաժեշտ պարտավորություններըՙ հանրապետության նախագահի, կառավարության եւ օրենսդիր մարմինների հետ համագործակցություն հաստատելու համար։ Իսկ երեկ կայացավ նախագահի խորհրդական Ռազմիկ Դավոյանի հանդիպումը համագումարի աշխատանքները նախաձեռնող խմբի հետ։

Խմբում ընդգրկված են հետեւյալ կազմակերպություններըՙ «Հայկական սոցիոլոգիական ընկերակցություն» (նախագահՙ Գեւորգ Պողոսյան), «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն (Հակոբ Աբրահամյան), «Համագործակցություն» (Եկատերինա Սիմոնյան), «Հայաստանի մայրության ֆոնդ» (Սուսաննա Ասլանյան), «Մեղվիկ» մանկապատանեկան (Վեհանուշ Հովհաննիսյան), «Ընդդեմ իրավական բռնության» (Լարիսա Ալավերդյան), «Զինվորի մայրը» (Գրետա Միրզոյան), «Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» (Սեյրան Մարտիրոսյան), «Շիրակի մարզի ՀԿ-ների միություն» (Մկրտիչ Ճարտարյան), «Հայաստանի առաջադեմ երիտասարդական միություն» (Տիգրան Ուրիխանյան), «Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» (Ռոմանիա Յավիր), «Առաքելություն Հայաստան» (Հռիփսիմե Կիրակոսյան), «Սպիտակ» փրկարարական ջոկատ (Գեւորգ Մանթաշյան), «Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ազգային կենտրոն» (Վլադիմիր Կարմիրշալյան)։

Ի դեպ, երեկվա հանդիպմանը ոչ բոլորն էին ներկա։ Նրանց բացակայությանը հանգիստ հայացքով նայելը հավանաբար կարելի է բացատրել այն հանգամանքով, որ նրանք իշխանության չեն ձգտում, ֆինանսապես անկախ ենՙ պատրաստ նվիրվելու հասարակությանն ու օգնելու իշխանությանը։ Այնպես որ, ավելի լավ գործընկերներ դժվար է պատկերացնել։ Պատահական չէր, որ պրն Դավոյանը նրանց դերն անչափ կարեւորեց նաեւ ընդդիմադիր դաշտի ու ԱԺ պատգամավորների հետ աշխատանքներում։

ՀԿ¬ների դերն ու կատարած գործերն ավելի ակնհայտ են մարզերում, քանի որ դրանցում բազմաթիվ են տեղական խնդիրների լուծմամբ մտահոգ անձինք։ Հենց նրանց շնորհիվ էլ առաջիկայում գուցե իրագործելի դառնան բաց թողնված շատ ու շատ ծրագրեր։

Համագումարը նախաձեռնող խումբը ուղերձ է հղել Հայաստանի բոլոր հասարակական կազմակերպություններինՙ տեղերում հանդիպումներ, քննարկումներ կազմակերպելու եւ իրենց ներկայացուցիչներին առաջադրելու, իսկ մարզպետներինՙ նրանց աջակցություն ցուցաբերելու։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4