«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2003-06-17 | #114, 2003-06-18 | #115, 2003-06-19


ՍԱՌՈՒՅՑԸ ՍԿՍՈՒՄ Է ՀԱԼՎԵԼ

Գիտական նորույթը կյանք ներդնելու առաջին փորձերն են արվում

Ամեն տարի գարնանը Երեւանի այս կամ այն հատվածում ծառատունկերի, անտառ-այգի ու անտառ-պուրակներ հիմնելու փորձեր են արվում։ Այս տարի Ծիծեռնակաբերդում ավանդական ծառատունկը եղավ։ Սակայն դժվար թե այս ձեռնարկումների հեղինակներն իսկապես ոգեւորված էին իրենց նախաձեռնությամբ։ Մինչ հաջորդ տարի նորատունկերի չնչին տոկոսն է պահպանվում։ Ոռոգման ցանցի, անբավարար ջրամատակարարման պատճառով ծառերը չորանում են։

Գիտնականների խմբի առաջարկած նորությունը կոչված է նաեւ նորատունկ անտառների ու այգիների փրկությանը։ Նորույթը, որ պատկառելի տարիքի համար արդեն դժվար է այդպիսին անվանել (դրա ստեղծման աշխատանքներն սկսվել են դեռ 1984 թ.), «Հույսիտն» էՙ պոլիմերների եւ ոչ տոքսիկ, հանքային նյութերի խառնուրդը։ Այն մշակել են ՀՀ ԳԱԱ գիտնականները. մանկավարժական համալսարանի պրոռեկտոր, քիմիկոս Մեժլում Երիցյանը, գյուղատնտես ակադեմիկոս Կարեն Պողոսյանը, երկրաբանության ինստիտուտի բնական գիտությունների բաժանմունքի նախագահ Սերգեյ Գրիգորյանը եւ ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ջրբաշյանը։ Աշխատանքային խումբը ղեկավարում է ինստիտուտի գեոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Ռուբեն Յադոյանը։ Այն հասցեագրված է միանգամից 3 ասպարեզներիՙ գյուղատնտեսություն, շինարարություն եւ բնապահպանություն։ Երեքի համար էլ ամենատարբեր արտահայտություններով նույն հիմնախնդիրըՙ հողերի ամրացումը, կամ երաշտի դեպքում վարելահողերում օպտիմալ խոնավության պահպանումը, տարիներ լուծում չգտնելով, ֆինանսական ու նյութական մեծ կորուստների պատճառ է դարձել։

Գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ վարչապետի խորհրդական Վլադիմիր Մովսիսյանի մասնակցությամբ քննարկվեցին «Հույսիտն» արտադրություն ներդնելու եւ նշված բնագավառներում կիրառելու հետ կապված հարցերը։ Ի դեպ, արդյունավետության վաղուց հաստատված հայտանիշներ ներկայացնող եւ տասնամյակներ համառորեն անուշադրության արժանացող այս նյութի մասին «Ազգն» էլ է հրապարակել։ Այս քննարկումը միակը չէ, որ վկայում է գիտական այս նորույթի հանդեպ վերաբերմունքի փոփոխության մասին։ Սառույցը կարծես թե սկսում է հալվել։ Երկու շաբաթ առաջ նույնօրինակ քննարկում էին կազմակերպել նաեւ ակադեմիայի բնական, տեխնիկական եւ երկրի մասին գիտությունների բաժանմունքների մասնագետները։

Պոլիմերահանքային այս համակազմը յուրօրինակ հատկություն ունի. հողում ջրի առկայության դեպքում կլանում է այն եւ պահումՙ առանց գոլորշիացնելու։ Հետաքրքրական է, որ իր ծավալին համարժեքորեն բազմապատիկ ծավալի ջուր կլանելուց հետո լրացուցիչ քանակ էլ չի ներծծում, եւ հողը ողողած անձրեւաջրերը պարզապես հեռանում են։ «Հույսիտով» պաշտպանված բույսի համար երաշտն էլ սարսափելի չէ։

«Հույսիտի» առաջին հայտատուները «Մասիս տոբակո» ձեռնարկությունը եւ Կոտայքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնն են։ Կոտայքում «Հույսիտը» փորձարկվելու է խնձորի այգիներում։ «Մասիս տոբակոն» Նոյեմբերյանի Կոթի գյուղում ծխախոտի ցանքերի 5 մեծ տեղամաս արդեն մշակել է այս խառնուրդով։

Նորույթը հանձնարարելի է հատկապես նորատունկ ծառերի համար, հենց առաջին տարում աճի սկզբից բավարար պայմաններ ապահովելու դրանց։ Նաեւ այս տարվա ցրտերից տուժած ծառերը վերականգնելու համար գիտնականներն առանց ցնցումների կենսաճ երաշխավորում են դարձյալ «Հույսիտի» օգնությամբ։

Առայժմ կենսաբեր խառնուրդը ստացվում է լաբորատոր պայմաններում, սահմանափակ քանակությամբ։ Դրանից է բաժին հանվել Կոտայքի այգիներին ու Մասիսի ծխախոտի ցանքերին։ Ծառի տարիքի հետ «Հույսիտի» քանակությունն ավելացվում էՙ նորատունկ ծառի համար անհրաժեշտ է 100¬200 գրամ, իսկ մինչեւ ծառի պտղատու դառնալը այդ քանակն աստիճանաբար պիտի հասնի 1 կգ-ի։

Կանխավ «Հույսիտը» ստացվում էր ճապոնական, ամերիկյան, գերմանական ու ուկրաինական պոլիմերների հիման վրա, որ բավական թանկ էր։ Օրինակ, ճապոնական պոլիմերի 1 տոննան առաջարկվում էր 2500 դոլարով։ Այս տարվանից արդեն օգտագործվում է պրոֆ. Երիցյանի հայտնաբերած պոլիմերը, որի 1 տոննայի արտադրությունը ամենաշռայլ հաշվարկներով 1200 դոլարից չի անցնում։

Գիտնականների եւ կառավարության ներկայացուցչի մասնակցությամբ երկու քննարկումներում առաջարկ եղավ դիմել Հայաստանի կառավարությանը եւ Ռուսաստանի հայերի միությանը (վերջինս մտադիր է գյուղատնտեսական լայնածավալ աշխատանքներ իրականացնել Հայաստանում)ՙ «Հույսիտի» արտադրության կազմակերպումը ֆինանսավորելու խնդրանքով։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4