«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2003-06-17 | #114, 2003-06-18 | #115, 2003-06-19


«ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐ»

Կոչ արեց «Գրանդ հոլդինգի» ղեկավարը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ «Գրանդ սան» ընկերությունում լրագրողներին ներկայացվեց արեւային ջրատաքացուցիչ, որն առայժմ ներմուծվում է Իրանից, բայց առաջիկայում կարտադրվի այստեղ։ «Գրանդ սանի» ներկայացուցիչը նշեց, որ այդ սարքը ստեղծվել է ակադեմիկոս Պարիս Հերունու մտահղացմամբ։ 180 լ ջուրն այս սարքի շնորհիվ կարելի է տաքացնել մինչեւ 70¬80 աստիճան, իսկ ամպամած եղանակինՙ մինչեւ 40¬45 աստիճան։ Արժե 400 դոլար։ Ինչպես նշեց «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը, տեղում արտադրելու դեպքում ջրատաքացուցիչը 25 տոկոսով էժան կլինի։ Սկզբնական շրջանում այդ սարքավորումները 6 ամսից մինչեւ 1 տարի ժամկետով կտրամադրվեն ընտանիքներին, որոնք ցանկության դեպքում այդ ժամկետից հետո կարող են գնել դրանք։ Հրանտ Վարդանյանը կոչ արեց լրագրողներին քարոզել, որ ժողովուրդն օգտվի արեւային ջրատաքացուցիչներից, ինչն էական տնտեսում կլինի։ Համաձայն ներկայացրած հաշվարկների, երեք տարբերակների դեպքում, երբ 1 մարդուն օրական անհրաժեշտ է 25 լ, 50 լ եւ 100 լ ջուր, ամբողջ հանրապետությունում արեւային ջրատաքացուցիչների օգտագործման դեպքում համապատասխանաբար կխնայվի տարեկան 40 մլն, 69 մլն եւ 119 մլն դոլար։ Տեղեկացվեց նաեւ, որ արդեն ստեղծվել է ջրատաքացուցիչների տեղադրմամբ եւ սպասարկմամբ զբաղվող մասնագետների խումբ, որոնք ապահովված են բոլոր կոմպլեկտավորող պահեստային սարքավորումներով։

Ասուլիսի ժամանակ «Գրանդ հոլդինգի» նախագահն անդրադարձավ նաեւ ընկերության կողմից իրականացվող այլ ծրագրերին։ Դրանցից մեկն արեւային էլեկտրակայանի ստեղծումն է, որի հեղինակը դարձյալ ակադեմիկոս Հերունին է։ Կայանն արդեն պատրաստ է մոտ 70 տոկոսով։ Եկող տարի այս փորձնական ծրագիրը կավարտվի։

Հաջորդը կենսագազերի օգտագործման ծրագիրն է գյուղական բնակավայրերում։ Այն գյուղացիները, ովքեր 5-ից ավելի անասուններ ունեն, կարող են ունենալ համապատասխան սարքավորումը։ Այն թույլ է տալիս գոմաղբից 4 օրվա ընթացքում ստանալ ազոտական պարարտանյութ։ Նման եղանակով կենսագազ ստանալը մաքուր է, չի աղտոտում շրջապատը եւ տհաճ հոտեր չի առաջացնում։

«Գրանդ հոլդինգը» նպատակ ունի ձեռք բերել նաեւ Վանաձորի քիմիական համալիրը։ Հրանտ Վարդանյանը հայտնեց, որ ինքը բանակցել է Սենիկ Գեւորգյանի հետ, եւ շուտով այդ գործարքը կլինի։

Սկզբնական շրջանում քիմհամալիրը կարտադրի ացետիլային ժապավեն (ժգուտ) ծխախոտների համար, կարբիդ եւ կորունդ։ Կարեւորվեց այն հանգամանքը, որ Հայաստանը կունենա իր կարբիդը։ Առայժմ քիմհամալիրը չի արտադրի մելամին։ Արտադրելու փորձ մասնավորեցումից հետո կատարվել է, բայց ինքնարժեքը բարձր է ստացվել։

Կոնկրետ «Գրանդ սանի» գործունեության եւ ծրագրերի մասին խոսելով, ի պատասխան մեր հարցի Հրանտ Վարդանյանն ասաց, որ այդ ծրագրերը կատարվում են, պարզապես հետ են մնում նախապես նշված ժամանակացույցից։ Նա նաեւ տեղեկացրեց, որ մեծ դժվարություններից հետո Իրանում (Թավրիզում) վերջապես ստեղծվեց լամպերի արտադրության համատեղ ձեռնարկություն։ «Հաղթահարեցինք նաեւ պարսկական բյուրոկրատիան», նշեց «Գրանդ հոլդինգի» ղեկավարը եւ ավելացրեց, որ այս ձեռնարկության ստեղծումը նոր շունչ կտա «Գրանդ սանին»։ Վերջինիս արտադրանքի սպառման կարեւոր շուկա է Իրանը։

Պատասխանելով հարցերից մեկին, Հրանտ Վարդանյանը հպանցիկ անդրադարձավ հացի գների թանկացմանը, ասելով, որ ինքը որպես քաղաքացի այդպես էլ չհասկացավ, թե ինչու դա տեղի ունեցավ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4