«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2003-06-18 | #115, 2003-06-19 | #116, 2003-06-20


ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Կարագին ոչ յուրահատուկ համ եւ հոտ, սերուցքին բնորոշ համի բացակայություն, առկա է կողմնակի համ ու հոտ», սա ՀՀ փորձագիտական կենտրոնի կողմից Սպառողների միության պատվերով իրականացված «Մարիաննա» կարագի հետազոտության եզրահանգումներից է։ Այսպես ասածՙ զգայաբանական ցուցանիշները խոնավության, յուղայնության, խառնուրդների առկայության վերաբերյալ նույնպես չեն համապատասխանում նորմատիվ փաստաթղթերի (ՆՓ, գոստ 37¬91) պահանջներին։ Ըստ ՆՓ-ի, կարագի մեջ խոնավության պարունակությունը չպետք է ավելի լինի 16 տոկոսից, «Մարիաննայում» 25,1 տոկոս է։ Յուղայնության զանգվածային մասը 82 տոկոսից պակաս չպետք է լինի, «Մարիաննայի» կազմում 73,5 տոկոս է։ Ստացվում են որակական խիստ անցանկալի ցուցանիշներՙ բարձր խոնավություն եւ ցածր յուղայնություն։ Չսխալվելու եւ թյուրիմացություններից զերծ մնալու համար Սպառողների միությունը կաթնամթերքի տեսականու նմուշները (ոչ միայն այս ֆիրմայի) հետազոտության է ներկայացրել միանգամից մի քանի փորձագիտական լաբորատորիաների, նաեւ «Երթեսթ»-ին ու Առողջապահության ազգային ինստիտուտին։

Սպառողների միության նախագահ Արմեն Սաղաթելյանի հավաստմամբ, կաթնամթերքի տեսականին փորձաքննության է ներկայացվել պատահական ընտրությամբ, հաշվի առնելով սպառողների բազմաթիվ ահազանգերը։ Աննպաստ հետեւություններ են արվել նաեւ այլ ֆիրմաների վերաբերյալ։

Առողջապահության ազգային ինստիտուտում հետազոտվել են «Զոհրաբյանի Տիգրան Մեծ» եւ «Ագրոսպասարկում» ձեռնարկություններում արտադրված պաստերիզացված կաթի նմուշները։ Ըստ եզրակացության, այդ նմուշները եւս զգայաբանական ցուցանիշներով չեն համապատասխանում ՆՓ պահանջներին։

Իբրեւ համընդհանուր օրինախախտում, որ ուղղված է սպառողի շահերի շրջանցմանը, պիտակները կազմվել են ՆՓ-ով պահանջվող այս կամ այն մակնշումների բացակայությամբ։ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի եւ «Չանախ» ՍՊԸ-ի արտադրած թթվասերների պիտակների վրա բացակայում է արտադրության տարեթիվը, «Ջոնսոն» ՍՊԸ-ի թթվասերի պիտակի վրաՙ նաեւ գծային ծածկագիրը։ Արտադրության տարեթվի, գծային ծածկագրի, նաեւ սննդային արժեքի վերաբերյալ տվյալները չկան «Հրաշք կարագի» պիտակի վրա։ Վերջինիս վերաբերյալ ՀՀ փորձագիտական կենտրոնի եզրակացության մեջ նաեւ նշվում էՙ փաթեթի մեջ առկա է սպիտակադեղնավուն, կարագին ոչ բնորոշ հոտով զանգված։ «Գոսագրոպրոմ ՍՍՍՌ» ձեռնարկության արտադրած կաթի վերաբերյալ նույն լաբորատորիան գրում է. «Ապրանքատեսակի մակնշումները ոչ մի կետով չեն համապատասխանում ՀՀ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի պահանջներին»։ Ի լրումն սրա ավելացվում է. «Փաթեթում առկա է սպիտակ գույնի, կաթին ոչ բնորոշ թթվածության հոտով հեղուկ զանգված»։

Կաթնամթերքի շուկայում խիստ բազմազան արտադրանք են ներկայացնում տասնյակ ձեռնարկություններ։ Դժվար է ճիշտ կողմնորոշվել ու անվրեպ գտնել որակյալ ապրանք առաջարկողին։ Հեռուստատեսային շռայլ գովազդն էլ մյուս կողմից է թյուրիմացության մեջ գցում... Գրագետ սպառողի համար առաջին կողմնորոշիչը նախ պիտի լինի պիտակըՙ ձեռնարկության անվանումով, արտադրության ու պիտանելիության ժամկետներով։ Այդ տվյալներից մեկնումեկի բացակայությունն արդեն իսկ կասկածի տեղիք է տալիս, որ արտադրողը գնորդի շահերին անհարիր ինչ-որ բան է փորձում քողարկել։ Անշուշտ, գնորդի առողջությանը սպառնացող ինչ-որ իրողություն։ Եվ քանի դեռ պետական վերահսկողական կառույցները չեն կարողանում կամ չեն ցանկանում պաշտպանել նրա շահերը, իր միակ պաշտպանն իր ակտիվությունը պիտի լինի։ Ի դեպ, չվախենալով ֆինանս վճարելու հեռանկարից, նա նույնիսկ կարող է կասկածելի արտադրանքը փորձաքննության ներկայացնել որեւէ լաբորատորիայում։ Սպառողների միությունը պատրաստակամություն է հայտնում հոգալու նման ծախսերը։

Միությունը սննդային փորձաքննության է ներկայացրել նաեւ «Դերեւուշկա» կարագը, որը կասկածելի ծագում ունի. պիտակի վրա չկա ե՛ւ արտադրության ու արտադրողի, ե՛ւ պիտանելության ու սննդային արժեքի վերաբերյալ որեւէ տվյալ։ Ըստ նկարագրության, այն եւս կարագին ոչ բնորոշ հոտով յուղանման զանգված եւ «սպառման համար ոչ պիտանի սննդամթերք է»։

Ի դեպ, փորձաքննությունը մերժելի իրողություններ է արձանագրում կաթնամթերք արտադրող ոչ բոլոր ձեռնարկությունների համար։ Valio ֆիրմայի եւ «Աշտարակ կաթի» կաթնամթերքի որակական հատկանիշները համապատասխանում են պահանջվող չափանիշներին։ Ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի, «Աշտարակ կաթի» (նաեւ «Ալբատրոսռուի» կաթնամթերքում յուղայնության տոկոսը նույնիսկ գերազանցում է սահմանված նորմանՙ 13-ի փոխարեն 16 տոկոս։ Թեեւ այս ցուցանիշը եւս որպես շեղում է դիտարկվում։

Հայտնի է, որ կաթնամթերքի արտադրության ոլորտում ամուր դիրքեր գրավող հիշատակված ֆիրմաներից մի քանիսի տերերին հաջողվեց տեղեր գրավել նորընտիր ԱԺ¬ում։ Բարձրագույն ատյանում օրենսդիր գործունեություն ձեռնարկելուց առաջ թերեւս հարկ էր սեփական տնտեսությունը կարգի բերելՙ գործող օրենքների պահանջներին համապատասխան։ Ոչ թե առաջարկել սպառողին, որ իր ընտրողն է եղել, որակական ու համային ցածր հատկանիշներով, պիտակավորման կիսատ-պռատ տվյալներով կամ բոլորովին անհասցե արտադրանք։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4