Իր «ներքին համոզմունքը» հայտնեց Ռոբերտ Քոչարյանը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Անցյալ տարվա դեկտեմբերից «Դողագործում» սկսեց աշխատել օդախցիկների (կամերա) արտադրամասը։ Ձեռնարկությունը եւս մեկ անգամ վերագործարկվեց փետրվարի 18-ինՙ նախագահական ընտրությունների նախորդ օրը, երբ այստեղ այցելեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը։ Երեկ «Դողագործ» այցելեց արդեն ՀՀ նախագահը։ Արտադրամասերում շրջելուց հետո նա անցկացրեց խորհրդակցություն, ապա մամուլի ասուլիս հրավիրեց։
Մինչ այդ, ձեռնարկության ղեկավարներից Սարգիս Ջիբիլյանից տեղեկացանք, որ ամերիկյան TS investment ընկերության կողմից ձեռնարկության բաժնետոմսերի 75 տոկոսը ձեռք բերելուց հետո վերականգնողական աշխատանքներ են կատարվել։ Արտադրությունը գազիֆիկացվել է, ինչը կնպաստի արտադրանքի ինքնարժեքի նվազմանը։ Կաթսայատուն է կառուցվել օդախցիկների արտադրության համար։ 4 ամիս հետո առանձին կաթսայատուն կառուցված կլինի ավտոդողերի արտադրության համար։ Գործարանում տեղադրվել են նոր տեխնոլոգիաների հոսքագծեր։ Սարգիս Ջիբիլյանը հայտնեց, որ արտադրվելու են մարդատար, բեռնատար կիսաբեռնատար, գյուղատնտեսական մեքենաների դողեր։ Նախատեսվում է արտադրանքն արտահանել Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Թուրքմենստան։
Ինչ վերաբերում է նախագահի ասուլիսին, ապա Ռոբերտ Քոչարյանը սկսեց այս տարվա առաջին 5 ամիսների ցուցանիշների հրապարակմամբ։ Համաձայն դրանց, համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) արձանագրել է 13,8 տոկոս աճ, արդյունաբերական արտադրանքըՙ 21 տոկոս, կապիտալ շինարարությունըՙ 43 տոկոս, արտահանումըՙ 31 տոկոս։ Այս ցուցանիշները նախագահը համարեց լավագույն ապացույց, որ տնտեսությունը սկսել է քիչ կախում ունենալ քաղաքականությունիցՙ նկատի ունենալով, որ այս ընթացքում տեղի են ունեցել նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։
Կոնկրետ «Դողագործի» վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ նոր սեփականատերը կատարելու է լուրջ ներդրումներ։ Նախագահը խոստացել է աջակցել մի շատ կոնկրետ առաջարկի, ինչի շնորհիվ նաեւ 200 աշխատատեղ կբացվի։
Սակայն մամուլի ասուլիսի ժամանակ հնչած հարցերն ու պատասխանները հիմնականում վերաբերում էին ներքաղաքական զարգացումներին։ Կոալիցիոն կառավարության գործունեության հեռանկարներին անդրադառնալով, Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ որպես դրա նախաձեռնող, ինքը համարում է, որ հաջողությունն այստեղ նաեւ իր հաջողությունն է։ «Ամբողջ Եվրոպան այսպես է աշխատում, ինչո՞ւ մեզ մոտ չպետք է աշխատի», հարց տվեց նախագահը եւ ներկաներին հիշեցրեց 2000 թ. մայիսը, երբ կանխատեսվում էր, որ կառավարությունը կունենա երեք ամսվա կյանք։ Մինչդեռ երեք տարվա կյանք ունեցավ։ Նախագահը «ներքին համոզմունք» հայտնեց, որ այս կոալիցիան լինելու է երկարատեւ։
Համեմատություններ անցկացնելով 1999 թ. եւ այս տարվա խորհրդարանական ընտրություններին հաջորդող իրավիճակների միջեւ, նշվեց, որ ներքաղաքական կայունության առումով դրանք նման են միմյանց։ Սակայն ներկայիս վիճակը Ռոբերտ Քոչարյանն ավելի նպաստավոր համարեց։ Եթե 1999 թ. համաձայնություն եղավ երկու, ճիշտ է, ազդեցիկ անհատների շնորհիվ, ապա այժմ քաղաքական ուժերի միջեւ է։ Բացի այդ, 1999 թ. չկային տնտեսական զարգացման ներկայիս ցուցանիշները։
«Ավարտվե՞լ է պաշտոնների նշանակումը» հարցին նախագահը պատասխանեց, որ դա հավերժ գործընթաց է։ Այն պաշտոնյաները, ովքեր չեն արդարացնում իրենց, չեն ստանում անհրաժեշտ արդյունքները, կփոխվեն։ Ինչ վերաբերում է ընդդիմության հետ իշխանության հարաբերություններին, ապա Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ եթե ընդդիմությունը պաշտոններ ստանա, ապա կդադարի այդպիսին լինելուց։
Ընդդիմությունը պետք է իշխանությունների սխալները մատնանշի եւ քննադատի։ Ընդդիմության հետ համագործակցությունը հնարավոր է, երբ այս կամ այն կարեւոր հարցի շուրջ առկա է նման տեսակետ։ Իսկ որ ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում ԱԺ նիստերին, նախագահը «լուրջ միտում եւ հետեւանք» չի տեսնում, նշելով, որ ժողովուրդը նրանց քվե է տվել, որպեսզի մասնակցեն նիստերին։
Հացահատիկի եւ ալյուրի գների թանկացման վրա ազդել չի կարելի քաղաքական որոշմամբ, քանի որ, ըստ Ռոբերտ Քոչարյանի, շուկան մրցակցային է։ Եվ ներկայիս գների նվազումը, նրա հավաստմամբ, դարձյալ դրա հետեւանք է։ Այս առնչությամբ տրված հարցին պատասխանելովՙ նախագահը վերստին ընդգծեց Ռուսաստանից հացահատիկի ներմուծման պարագան եւ դրա հետ կապված հանգամանքները։