Այս հարցով «Հայռուսգազարդը» կդիմի բնական մենաշնորհները կարգավորող հանձնաժողովին
Հացի գներում կատարված «խաղարկումներից» հետո, երբ, այնուամենայնիվ, փոքրիկ նահանջից հետո գները «հանգրվանեցին» մենաշնորհյալների նախանշած նիշի վրա, թանկացման հերթն այժմ բնական գազինն է։ Այս պարագայում, սակայն, կարող ենք մեզ ավելի «երջանիկ» զգալ, քանի որ «Հայռուսգազարդը» գոնե խաղեր չի տալիս, այլ նախապես տեղեկացնում եւ փորձում է պատճառաբանել գների հավելումը։
Ինչպես տեղեկացանք «Հայռուսգազարդ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, տեղի է ունեցել ընկերության ընդհանուր ժողովը (հիմնադիրներՙ ռուսական «Գազպրոմ», ՀՀ էներգետիկայի նախարարություն, «Իտեռա» ընկերություն)։
Ժողովի ընթացքում մասնավորապես նշվել է, որ առաջին անգամ կատարվել են ընթացիկ պարտավորությունները «Իտեռայի» առջեւՙ 107 տոկոսով։ Մարվել է նաեւ նախկինում կուտակված պարտքի մի մասը։
Վարձավճարների հավաքման ընդհանուր ցուցանիշը կազմել է 118 տոկոս 2001 թ.-ի 91 տոկոսի փոխարեն։ Շուրջ 20 հազարով անցյալ տարվա ընթացքում ավելացել է բաժանորդների թիվը։
Այդուհանդերձ, «Հայռուսգազարդի» 2002 թ. գործունեությունը գնահատվել է ոչ շահութաբեր, ինչի պատճառներն են համարվել ջերմային էլեկտրակայանների կողմից բնական գազի սպառման կտրուկ նվազումը եւ գործող սակագնի անհամապատասխանությունը ընկերության մատուցած ծառայություններին։ Ժողովն արձանագրել է, որ ծառայությունների արժեքի ներկա չափը բավարարում է միայն շահագործման եւ գազի տնտեսության կառույցների պահպանման ծախսերին, ինչը «խարխլում է «Հայռուսգազարդ» ընկերության գործունեության տնտեսական հիմքը»։
Ընդհանուր ժողովը պարտավորեցրել է «Հայռուսգազարդի» տնօրենների խորհրդին, վարչությանը եւ վարչական աշխատակազմինՙ միջոցներ ձեռնարկել ՀՀ բնական մենաշնորհները կարգավորող հանձնաժողովի կողմից բնական գազի տեղափոխման եւ բաշխման սակագինը բարձրացնելու համար։ Որոշվել է նաեւ մշակել եւ ոչ ուշ, քան մինչեւ 2003 թ.-ի օգոստոսի 1-ը ներկայացնել ընկերության վնասները վերացնելու եւ շահութաբերությունն ապահովելու ծրագիր։ Որպես առաջնահերթ միջոցառումներ նախատեսվում են նվազեցնել բնական գազի կորուստները, ընդլայնել սպառման շուկան Երեւանում եւ վերականգնել գազամատակարարումը մյուս տարածքներում։
Ա. Մ.