Մինչդեռ հայերն ու ադրբեջանցիները միմյանց շուտ են հասկանում ...
«ԶԼՄ-ների դերը ղարաբաղյան հակամարտության լուսաբանման եւ կարգավորման մեջ» թեմայով քննարկում անցկացվեց երեկ Հայաստանի ժուռնալիստների միության տանըՙ Եվրախորհրդի «Վստահության ամրապնդման միջոցառումներ» ծրագրի շրջանակներում։
«Սպեկտր» ռազմավարական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Գայանե Նովիկովայի ներածական խոսքից հետո լսվեցին ծրագրով նախատեսված երկու հիմնական զեկուցումներըՙ «ԶԼՄ¬ների դերը ղարաբաղյան հակամարտության լուսաբանման մեջ. կարգավորման հեռանկարները» (զեկ.ՙ Ավետ Դեմուրյան) եւ «Ոչ կառավարական սեկտրի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխզիջումների որոնման մեջ» (զեկ.ՙ Ալեքսանդր Իսկանդարյան, Մոսկվա)։
Ադրբեջանի ԶԼՄ¬ների հետ երկարատեւ շփումների ու համատեղ ուսումնասիրությունների հիման վրա առաջին զեկուցողի կատարած վերլուծության մեջ հիմնականում շեշտվեց ղարաբաղյան հակամարտությանը դրանց խիստ ագրեսիվ մոտեցումը, որն անշուշտ, պայմանավորված է պետական դիրքորոշմամբ։ Պատահական չէ, որ հատկապես պատվիրված հրապարակումներում ադրբեջանցի լրագրողները հաճախակի են խախտում լրագրողական Էթիկայի նորմերըՙ հանդես բերելով ծայրագույն անհանդուրժողականություն։ Սերմանելով թշնամանք Հայաստանի ու հայերի նկատմամբՙ նրանք գործի են դնում պետական քարոզչական մեքենան եւ հնարավորինս նպաստում հասարակական կարծիքի բացասական դրսեւորումներին։ Ահա թե ինչու որեւէ հայ այսօր չի կարող ազատ քայլել Բաքվում. նման փորձն առնվազն ճակատագրական հետեւանք կունենա։
Երեւանի մամուլի ակումբի վերջին երկու տարիների դիտարկումները ցույց են տալիս, որ ադրբեջանական լրատվամիջոցներն անընդմեջ շարունակում են հարձակողական տրամադրություններ արտահայտելՙ էլ ավելի խորացնելով հակամարտության խնդիրը։ Նրանց համոզմամբ, խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու փորձերն անարդյունավետ են, քանի որ տարածաշրջանում դրական որեւէ տեղաշարժ իրականում չի նկատվում։ Մեղքի բաժինը, ըստ նրանց, կրում են հիմնականում միջնորդ երկրները, հետեւաբար հակամարտության կարգավորումը նրանք համարում են զուտ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների լուծելի խնդիր, ընդ որումՙ ակնհայտորեն նվազեցնում կամ ընդհանրապես չեզոքացնում են Ղարաբաղի իշխանության դերը։ Զեկուցողի կարծիքով, նման դատողությամբ վերստին գործի է դրվում հակամարտության կարգավորման այն սխալ մոտեցումը, որ ժամանակին իշխող էր մեզանում։ Տարիների փորձը ցույց տվեց, որ Ղարաբաղի հարցը լուծելու իրավունքը վերապահված է միմիայն ղարաբաղցիներին եւ գոյություն ունի հարցի լուծման երկու ուղիՙ կամ անկախության ձեռքբերում կամ էլ միացում Հայաստանին։ Երրորդ ուղի չկա եւ չի լինի։
Հայաստանի ԶԼՄ-ներն, ի տարբերություն Ադրբեջանի, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ լուսաբանումներում հեռու են մնում խիստ թշնամական որակումներ տալուց եւ ադրբեջանցիներին դիտում են ոչ որպես թշնամու, այլ միայն հակառակորդի։ Հասարակությունն այդպիսով չի վարակվում բացասական սուր զգացմունքներով։
Երկրորդ զեկուցման թեման շաղկապված էր նախորդի հետ, սակայն առավելապես շոշափվեց երկու ժողովուրդների շփման խնդիրըՙ դրանում կարեւորելով հասարակական կազմակերպությունների դերը։ Զեկուցողի տեսակետով, թեպետ թյուր կարծիք կա, թե ոչ կառավարական սեկտրները Անդրկովկասում զարգացած չեն, սակայն դա չի համապատասխանում իրականությանը։ Դրանք մարդկանց համախմբելու կարեւոր օղակներ են, որոնց առավել զարգացման միջոցով անհրաժեշտ է հասնել ցանկալի արդյունքի։ Լայն քննարկումներ ծավալելով պետք է հնարավորություն ստեղծել իրապես հասկանալու խնդրի էությունը եւ խուսափելու ավելորդ բարդություններից։ Թեպետ միջազգային շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները հակված են կարծելու, թե Անդրկովկասի ժողովուրդները բնավ չեն հասկանում միմյանց, սակայն դա խաբուսիկ տպավորություն է։ Բազմաթիվ հանդիպումների ընթացքում պարզվել է, որ նրանք հաճախ միմյանց հասկանում են առանց խոսքերի, այսինքնՙ լավ գիտեն սեփական արժանիքներն ու թերությունները։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար գործող դրամաշնորհային ծրագրերի ներկայացուցիչներն էլ քաջ գիտեն, որ ամենուրեք գործում են գրեթե նույն մոդելներըՙ մշակված երկար տարիների ընթացքում։ Բոլորն են գիտակցում, որ հակամարտող ժողովուրդներն, ըստ էության, միմյանց հետ լուրջ խնդիրներ չունեն, դրանց սրումը ձեռնտու է հատկապես քաղաքական շահեր հետապնդող ուժերին։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ