«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2003-06-21 | #118, 2003-06-24 | #119, 2003-06-25


ՃԱՀՃԱՏԵՆԴԻ ՕՋԱԽ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«Երեւանյան լիճը մայրաքաղաքի համար դանդաղ գործողության ական է, որի առկայությունը վաղ, թե ուշ զգացվելու է», ասում է Էկոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը։

Լճի որոշ հատվածներում ակտիվ ճահճացում է ընթանում. տիղմը ընդհուպ հասել է ջրի մակերեսին։ Ըստ էության, քաղաքի կենտրոնում մոծակների իսկական բուծարան է ստեղծվել, այսինքնՙ մալարիայի (ճահճատենդ) առաջացման իրական վտանգ։

Այն բոլոր աղտեղությունները, որոնցով հագեցած է Հրազդան գետը, վերջին հաշվով հանգրվանում են Երեւանյան լճի մեջ։ Արագ հոսող ջուրը, հանգստի կայան գտնելով, այստեղ բեռնաթափում է թունավոր նյութերն ու մեխանիկական մասնիկները։ Անվերջ խտանալով ու ծանրանալով, դրանք, ի վերջո, նստում ենՙ լճի հատակում առաջացնելով տիղմի հաստ շերտ։ Լիճը 40 տարվա պատմություն ունի, եւ այդ ամբողջ ժամանակում տարբեր հատվածներում, մասնագետների գնահատմամբ, տիղմի հաստությունը հասել է մի քանի տասնյակ սմ-ից մինչեւ 5¬6 մետրի։ Մոտավոր հաշվարկներով, այսօր լճի մեջ կուտակվել է 1 մլն խ. մ. հատակային նստվածք։ Գյուղատնտեսության մեջ տիղմը սովորաբար օգտագործվում է հողահանդակների պարարտացման համար։ Հայտնի է, որ օրինակ, Նեղոսի ողջ հովիտը իրացվում է գետի բարեբեր տիղմի հաշվին։ Սա, իհարկե, չի վերաբերում Երեւանյան լճի տիղմին։ Էկոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունները պարզել են, որ այն գերթունավորված է 10¬15 առաջին կարգի վտանգավորության քիմիական նյութերով։ Իբրեւ տոքսիկ այդ զանգվածից ազատվելու խելամիտ ուղի, բնապահպաններն առաջարկում են հետեւյալ միջոցը. կարելի է տիղմը լցնել լքված քարհանքների դատարկությունների մեջ եւ կանաչապատել։ Զարմանալի է, բայց դեկորատիվ ծառերի շատ տեսակներ այսօրինակ բաղադրությամբ տիղմի վրա իրենց հիանալի են զգում։

Մյուս լուրջ հանգամանքը այն ակնհայտ իրողությունն է, որ թունանյութերով բերնեբերան լցված լիճն այլեւս ի վիճակի չէ ընդունելու լրացուցիչ բեռ։ Առայժմ լճի վերնամասից արտահոսող ջրերը, ըստ հաշվարկների, բարեբախտաբար 4¬5 անգամ ավելի քիչ են աղտոտված լիճը լցվող ջրերից, քանի որ տիղմն ու ավազը նստում են հատակին։ Իսկ արտահոսող ջրերը հիմնականում ծախսվում են ոռոգման նպատակներով։ Միանգամայն հավանական է, որ հետագա զարգացումները կարող են հանգել արտահոսող ջրերի հետ նաեւ տիղմի զանգվածների արտահոսքին, եւ ցածր հոսանքներում տեղակայված գյուղատնտեսական հողատարածքները կլցվեն ծանր մետաղներով։

Երրորդ խիստ իրական վտանգը կապվում է գետի ամբարտակի հետ։ Շուրջ 40 տարի շահագործվող պատնեշը, անշուշտ, սպառել է իր երկարակեցության ժամկետները, բայց թե իրականում ֆիզիկական ինչ վիճակում է, հնարավոր չէ պարզել, քանի որ պատած է տիղմի շերտով։ Իսկ ընդամենը ամիս ու կես առաջ հեղեղումները սպառնում էին նաեւ Երեւանյան լճին։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ քաղաքային իշխանությունների հիշողությունը անթույլատրելի կարճ է, եւ փորձանքի հեռանկարն անհետանալուց հետո նրանք սովորաբար ընկղմվում են մոռացության գիրկը։

Կար ժամանակ, որ Երեւանյան լիճը մայրաքաղաքի ամենագողտրիկ հանգստավայրերից էր։ Այսօր այստեղ գարշահոտությունն է տեր ու տնօրենը։ Եվ հաճախ այստեղ էլ կարելի է հանդիպել լողացող երեխաների։ Սակայն Երեւանյան լճի ներսի ու դրսի հանդեպ հավասարապես անտարբեր է մարդկային հայացքը։ Որեւէ խնամք ու վերահսկողություն բացակայում է այստեղ։ Ավելորդ է ասել, թե անգիտությամբ ինչպիսի սպառնալիքի են ենթարկում իրենց լողացող երեխաները։ Դեռ չհիշենք, որ ամեն ինչից զատ անցած տարիներին լիճը նաեւ բազմաթիվ մարդկային կյանքեր խլեց։

Մի ուրիշ իրողություն եւս լրացնում է ընդհանուր պատկերը։ Հատկապես ամռանը Գետառում նվազում են բնական հոսքաջրերը, այստեղ հոսող հեղուկ զանգվածի գերակշիռ բաղադրությունը կոյուղաջրերն են։ Փաստորեն քաղաքի կենտրոնով բաց կոյուղատար է հոսում։ Եվ դրա ջրերը եւս լցվում են Երեւանյան լիճ։

Դանդաղորեն նեխող ջրերում ձկներ էլ կան եւ ձկնորսներ նույնպես։ Բայց բնապահպանները խստորեն նախազգուշացնում են չօգտագործել դրանք, քանի որ այդ ձկնատեսակների մարմինը եւս հագեցած է ծանր մետաղներով։

Մենք ամեն ինչ բացատրում ենք ֆինանսների բացակայությամբ, բայց ըստ իս, ցանկության ու նախաձեռնության բացակայությունն ավելի լուրջ խոչընդոտ է։ Չէ՞ որ, երբ ի վերջո փորձանքը հարվածում է, էլի միջոցներ ենք ծախսում, գուցե շատ ավելին, քան անհրաժեշտ էր այն կանխելու համար։ Ինչեւէ, մի հարցում միայն Երեւանյան լճի բախտը բերել է։ Հայտնի է, որ այս տարածքում տեղավորվելու են ԱՄՆ դեսպանատան նոր շենքն ու Հայաստանում գործող ամերիկյան կազմակերպությունները։ Ենթադրաբար, արեւմտյան կենցաղավարության պահանջներին հավատարիմ, նրանք երեւի կօգնեն լիճը փրկել կործանումից։

Այժմ էկոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնը եւ քաղաքապետարանի բնապահպանական վարչությունը լիճը տիղմից մաքրելու նախագիծ են մշակում։ Ֆինանսավորումակնկալում են միջազգային կազմակերպություններից։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4