Վանաձորում հունիսի 20-ին բնակարանամուտ տոնեցին «Լինսի-3» ծրագրով 2001 թ. նոյեմբերից ամրացվող Սուխումի թիվ 1ՙ 110 բնակարանով շենքի բնակիչները։ 7711 քմ բնակտարածքով շենքի ամրացման աշխատանքները կատարել է «Հ. Շահբազյան եւ ընկերներ» ԲԲԸ-ն, «Լինսի» հիմնադրամով շինաշխատանքներին հատկացվել է 515 մլն 400 հազար դրամ։
Բնակարանամուտի արարողությանը մասնակցում էին Վանաձոր ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներՙ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի համակարգող Արտաշես Թումանյանը, ՀՀ արտգործնախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը, հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Գյուլխասյանը եւ ուրիշներ։
Քանի որ այս տարի «Լինսի» հիմնադրամի ծրագրով իրականացվող աշխատանքներն ավարտվում են, պրն Թումանյանը մի քանի ցուցանիշ հիշեցրեց. «Նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում շուրջ 3600 բնակարան հանձնված կլինի 45 մլն դոլարի արժողությամբ, շուրջ 500 կմ ճանապարհ, մոտ 40 մշակութային օջախ, բարեկարգված կլինեն Երեւանի փողոցները։ Այս ամենը 150 մլն դոլարի ծրագիր է, որի իրագործումը մոտենում է ավարտին։ Աշխատանքները կատարվել են բարձր որակով։ Աղետի գոտում իրականացվող աշխատանքների կեսից մի փոքր պակասն ըստ էության Լոռու մարզում է։ Այս շենքը, փաստորեն, աղետի գոտում իրականացվող հերթական օբյեկտներից մեկն է»։
Լոռու մարզպետը շնորհակալություն հայտնեց «Լինսի» հիմնադրամի ներկայացուցիչներին, շինարարներին, վաստակաշատ շինարար Հենրիկ Շահբազյանին եւ, դիմելով բնակիչներին, ասաց. «Երկրորդ անգամ նորոգել չենք կարողանալու։ Խնդրում ենքՙ լավ պահեք ձեր տները։ Բարի վայելում բոլորիդ»։
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ