«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2003-06-21 | #118, 2003-06-24 | #119, 2003-06-25


ԱՎԱՆԴՆԵՐԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԼԻՆԵՆ

«Օրինաց երկիրը» որեւէ առնչություն չունի

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այս տարվա հուլիսի 1-ից ՀՀ Կենտրոնական բանկի կազմում կստեղծվի ավանդների ապահովագրման հիմնադրամ։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի, իր ավանդը ներդնելով Հայաստանի տարածքում գործող բանկերից մեկում, դրա սնանկացման դեպքում իր գումարը հետ ստանալու երաշխիք կունենա։ Արտարժութային ավանդների համար մինչեւ 1 մլն դրամ, դրամային ավանդների համար մինչեւ 2 մլն դրամ կկազմեն երաշխավորված ավանդները։ Հիմնադրամի ստեղծումից կշահեն ոչ միայն քաղաքացիները, այլեւ բանկերը։ Կբարձրանա վստահությունը նրանց նկատմամբ, հետեւաբար եւ բնակիչների խնայողությունները կուղղվեն դեպի բանկեր։ Վերջիններս պետք է իրենց ներգրաված ավանդների միջին տարեկան 0,5 տոկոսի չափով երաշխիքային վճարումներ կատարեն այդ հիմնադրամում։

Ավանդների ապահովագրման հիմնադրամ ստեղծելու գործընթացը վաղուց է սկսվել։ Այդ ընթացքում ԿԲ-ի եւ առեւտրային բանկերի միջեւ երկար բանակցություններ են տեղի ունեցել հիմնադրամի կառուցվածքի, գործունեության, բանկերի երաշխիքային վճարների չափի եւ այլ հարցերի շուրջ։ Միջազգային եւ օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունները ֆինանսական եւ այլ կարգի օժանդակության ցուցաբերման նպատակով համապատասխան քայլեր են ձեռնարկել։ Այսինքնՙ սա տեւական գործընթաց է եղել, որի հաջող ավարտին հասցնելու գործում հիմնական դերն ունեցել են Կենտրոնական բանկն ու առեւտրային բանկերը։ Ինչո՞ւ ենք սա ընդգծում։

Շատ ժամանակ չի անցել նախընտրական ժամանակաշրջանից եւ բոլորիս հիշողության մեջ են քաղաքական ուժերի ներկայացուցիչների աջ ու ձախ շռայլվող խոստումներըՙ իրական, անիրական, զարմանք կամ զայրույթ հարուցող։ Դրանից արժե առանձնացնել իր ամբոխավարությամբ անգերազանցելի «Օրինաց երկրի»ՙ ավանդների վերադարձման խոստումը։ Բնականաբար, ԱԺ նախագահ դարձած կուսակցության ղեկավարը, ինչպես եւ նախարարներ դարձած մյուս «կարկառուն» դեմքերն այժմ արդեն տհաճություն են զգալու, երբ այդ խոստումը հիշեցնեն իրենց։ Սակայն «Օրինաց երկիրը» պոպուլիզմի մեծ փորձ ունի եւ բացառված չէ, որ այս հիմնադրամի ստեղծումը ոչ հեռավոր ապագայում վերագրի իրեն։ Այսինքնՙ «մենք դարձանք իշխանություն եւ ավանդների հարցը լուծեցինք»։ Դե, իսկ խաբվելու մեծ հակում եւ հարուստ ավանդույթներ ունեցող «ընտրազանգվածն» էլ կհավատա ասածինՙ առանց հիշելու, որ «Օրինաց երկիրը» ոչ թե առաջիկայում ներդրվող, այլ խորհրդային տարիներին պահ տված ավանդների խնդիրն էր խոստացել լուծել, եւ առանց խորամուխ լինելու, որ ավանդների ապահովագրման հիմնադրամի ստեղծմանն այս կուսակցությունը որեւէ առնչություն չունի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4