Հինգ տարի առաջ այսօր վախճանվեց Սերո Խանզադյանըՙ «Մխիթար սպարապետ» եւ «Հողը»ՙ «Թագուհին հայոց» ու «Մեր գնդի մարդիկ» վեպերի, «Հայրենապատում» պատմա-հրապարակախոսական բազմահատոր ստեղծագործությունների եւ ճակատային հուշավեպերի հեղինակը։ Հինգ տարի առաջ հեռացավ նա մեզանից, թողնելով ոչ միայն լավ գրքեր, արժեքավոր գրականություն, այլեւ բարի հիշատակ։ Սերո Խանզադյանի անվան հետ սերտորեն կապված է ղարաբաղյան շարժման պատմությունն ու ճակատագիրը։ Երկար տարիներ նա ղեկավարել է Հայաստանի գրողների միության սկզբնական կուսկազմակերպությունը եւ կուսակցական գրեթե բոլոր ժողովները Սերո Նիկոլաեւիչը վեր էր ածում մի յուրօրինակ միտինգի, որը համարձակորեն կարելի է ասել, թե նախակարապետը դարձավ Ստեփանակերտի ու Երեւանի կենտրոնական հրապարակներում հետագայում տեղի ունեցող ապագա համաժողովրդական ցույցերի։
1977 թվականին լույս տեսավ «Պրոբլեմի միրա ի սոցիալիզմա» ամսագրիՙ մոլորակի կոմունիստական ու աշխատավորական կուսակցությունների տեսական ու տեղեկատվական հրատարակության վեցերորդ գիրքը։ Այդ ամսագիրը հրատարակվում է 32 լեզուներով, աշխարհի 145 երկրներում (ահա թե, ամեն ինչից բացի, ուր էին գնում ԽՄԿԿ-ի փողերը)։ Այդ համարում հարցազրույց էր տպագրվել ԼՂԻՄ-ի մարզկոմի առաջին քարտուղար Բ. Կեւորկովի հետ։ Զրույցը վարում էին Ս. Միրտան եւ Ա. Խաբան։ Այն հարցին, թե «Լեռնային Ղարաբաղը ինչո՞ւ է գտնվում Ադրբեջանի կազմում եւ ոչ թե Հայկական ԽՍՀ-ի, որից այն բաժանված է մի նեղլիկ հողաշերտով», Կեւորկովը պատասխանել էր. «Մարզը Հայաստանից բաժանված է բարձր սարերով»։ Այնտեղ ուրիշ գոհարներ էլ կային, այդ թվում նաեւՙ Ալիեւից մի մեջբերում. «Ղարաբաղը ծաղկել է Ադրբեջանի կազմում։ Եվ միայն ազգայնամոլները կարող են ասել. «Թող ես վատ ապրեմ, բայց կապված լինեմ Հայաստանի հետ»։ Ընդ որում, այդ նյութը փարիսեցիաբար վերնագրված էր. «Մենք տեսանք ազգերի եղբայրությունը»։
Այսօր երեւի քչերն են հիշում, թե Սերոն ինչպիսի նրբությամբ ու սրամտորեն էր օգտագործում նման բնույթի վայրի «արգումենտները» Բրեժնեւին հասցեագրված իր հեռագրերում. «Թանկագին Լեոնիդ Իլյիչ, պատկերացրեք, եթե Ճապոնիան ու Չինաստանը հավակնեին Սիբիրի ու Հեռավոր Արեւելքի բուն ռուսական հողերին միայն այն պատճառով, որ այդ տարածքները Ռուսաստանի կենտրոնական մասից բաժանված են Ուրալյան բարձր լեռնաշղթայով...»։ Մեկ այլ հեռագրում մի այսպիսի արտահայտություն կար. «Թանկագին Լեոնիդ Իլյիչ, քսանական թվականներին «Պրավդան» եւ «Իզվեստիան» նույնպես գրում էին, թե Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում «տեսել են ազգերի եղբայրությունը»։ Այսօր այնտեղ այլեւս հայ եղբայրներ չկան...»։
Ամբողջ հանրապետությունը տարակուսել էր «Պրոբլեմի միրա ի սոցիալիզմա» ամսագրում տպագրված հոդվածի առնչությամբ։ Եվ շուտով Բեյրութի «Զարթօնք» օրաթերթում (ՌԱԿ կենտրոնական պաշտոնաթերթ) տպագրվեց Սերո Խանզադյանի բաց նամակըՙ ուղղված ԽՄԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղարին։ Նամակի արձագանքները եւ մեկնաբանությունները կես տարի շարունակ մեզ էին հասնում ոչ միայն լրագրերի, այլեւ գրեթե ամեն օրՙ «Ամերիկայի ձայն» եւ «Ազատություն» ռադիոկայանների միջոցով։
Իր բազմաթիվ գործընկերների հետ Սերո Նիկոլաեւիչն ակտիվորեն ու կրքոտությամբ հասարակական կարծիք էր ստեղծում ղարաբաղյան շարժում սկսելու անհրաժեշտության մասին։ Նրա ողջ ստեղծագործությունները կոչ էին հանուն հայրենիքի ազատության ու անկախության։
Չնայած «Սպարապետի» հեղինակը մահանում էր տանջալիորեն երկար, այնուամենայնիվ, հատկապես վախճանի նախօրեին նա համառորեն պնդում էր, որ ինքը երջանիկ մարդ է, քանզի, ինչպես բազմիցս կրկնում էր, ապրեց մինչեւ Շուշիի ազատագրումը, որի մասին էր նրա վերջին գիրքը։
Մահացող վարպետին ես հաճախ էի այցելում, իսկ նրա ամենավերջին օրերինՙ գրեթե ամեն օր։ Եվ երբեք չեմ մոռանա, թե ծանր շնչառությամբ ծերուկը, հազիվ շարժելով շրթունքները, ինչպես խնդրեց ինձ իր մոտ տանել Հայաստանի եւ Արցախի քարտեզները։ Քիչ սպասելուց հետո ավելացրեց. «Ուզում եմ քարտեզի վրա ցույց տալ, որ եթե մենք ազատագրված հողերից թեկուզ մի թիզ էլ զիջենք, հետո այլեւս չենք կարող պահել ո՛չ Արցախը, ո՛չ Զանգեզուրը։ Դա չի՛ կարելի անել։ Դա իմ կտակն է»։ Ես նայում էի մեռնող մարգարեին եւ հպարտանում մեր երկարամյա բարեկամությամբ։ Դրանք մեր շփման վերջին րոպեներն էին։ Աչքերը գունաթափվել էին, այտերը ներս ընկել, մազերը վաղուց խուզված չէին, մորուքը գզգզվել էր, ընչացքը դեղնել անընդմեջ ծխելուց։
Արցախի եւ Հայաստանի քարտեզը ես չհասցրի տանել նրան։ Երեկոյան տիկին Ժենյան զանգեց եւ հայտնեց, որ Սերոյի սիրտը կանգ առավ։ Ես անմիջապես գնացի Նորքՙ մտածելով մարգարեի կտակի մասին։
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ