«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2003-06-25 | #120, 2003-06-26 | #121, 2003-06-27


ԳՅՈՒՂՄԹԵՐՔԻ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՆ ԿԱՐՈՂ Է ԱՆՀԱՄԵՄԱՏ ԹԵԹԵՎԱՑՆԵԼ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՀՈԳՍԸ

Առայժմ այդ մասին ոչ ոք չի մտածում

Վերջին ամսվա ընթացքում ալյուրի ու հացի թանկացումը, նաեւ միրգ ու բանջարեղենի համառորեն բարձր ու կայուն գները կրկին հիշեցնում են գյուղատնտեսական մեծածախ շուկայի անհրաժեշտության մասին, որի ստեղծումը 6¬7 տարի առաջ մեզանում հաջողությամբ տապալվեց։

Տնամերձում կամ սեփականաշնորհված հողատարածքում գյուղմթերք աճեցնելովՙ գյուղացու նպատակն ամենից առաջ բերքի հաջողությամբ իրացումն է։ Թե ինչպիսի հուսախաբություններ ապրեց նա վերջին տարիներին իրացման խնդրին բախվելով, ակնհայտ է։ Կամ մթերքն էր ստիպված լինում չնչին գնով վաճառել, կամ էլ ի վիճակի չլինելով նույնիսկ տեղից-տեղ տեղափոխել, պարզապես ազատվում էր դրանից։ Մի քանի տարի առաջ Լոռու մարզում գյուղացիներից շատերն այդպես տոննաներով կաղամբ թափեցին Փամբակ գետի մեջ, որովհետեւ չիրացված բերքն արդեն սկսում էր նեխել։ Հողը սեփականաշնորհելուց հետո, իբրեւ գյուղմթերքների արտադրությունը կարգավորող գործոն, մասնագետներն առաջինը մատնանշեցին գյուղատնտեսական մեծածախ շուկայի ստեղծումը։ Եվրոպական երկրներից շատերում դրանք 100¬150 տարվա պատմություն ունեն։ Հայաստանում էլ ծրագրի իրականացմանը լծվել էին անգլիացի, իտալացի, գերմանացի մասնագետները։ Ազատական շուկայի կայացման այդ կարեւոր բաղադրատարրի շինարարությունը մեզանում իրականացվում էր «Եվրոբանկի» վարկային միջոցներով (նախատեսված էր 15 մլն դոլար)։ 800 հազար դոլար ծախսվելով, սակայն, ընդամենը մի կիսակառույց բարձրացավ Մերձավանում։ Ծրագիրն, առ այսօր էլ չպարզաբանված պատճառներով, ընդհատվեց, ու դրա հետ նաեւ գոլորշիացավ մեծածախ շուկայի գաղափարը։

Միայն հիմա, տարիներ անց, հայ մասնագետները խոստովանում են այն խոր հակասությունները, որ ի սկզբանե առաջացան տեղացիների եւ եվրոպացիների միջեւ։ Վերջիններս, հաշվի չառնելով տեղական առանձնահատկությունները, պարտադրում էին սկզբունքներ ու գործելաոճ, որ միանգամայն անհարիր էին մեր իրականությանը։ Բարձր տոկոսադրույքներով վարկային ծրագիրն ուղեկցվում էր եվրոպացիներիՙ իրար հերթ չտվող թանկարժեք խորհրդատվություններով, որոնք միջոցների ծախսման գլխավոր նշանակետն էին դարձել։

Ծրագրի աշխատանքներում ընդգրկված հայ մասնագետներից մեկի պատմելով, շռայլորեն միջոցներ էին ծախսվում (կամ գուցե փող էր լվացվում) գյուղմեխանիզացիա գնելու համար։ Ընդ որում, եվրոպացի բարերարները բառացի հարկադրում էին գնել իրենց եւ ոչ այլ երկրի ապրանքը։ Մեկ տրակտորի գինն, օրինակ, նշանակելով 70 հազար դոլար։

Անկախ եվրոպական անբարեհաճությունից, հայաստանյան իրողություններն էլ հիմքից աննպաստ էին ծրագրի իրականացման համար։ Մեկը մյուսի հետեւից իրար հերթագայող, ամենից հաճախ ոլորտի հետ կապ չունեցող պաշտոնյաներն էլ չէին հասցնում ծանոթանալ ծրագրին կամ եթե հետաքրքրվում էինՙ երեւի միայն վարկային կերամանից պատառ փախցնելու հոգեբանությամբ։ Համենայն դեպս, այսպես է վերլուծում իրողությունների ականատես միջին դասի մի պաշտոնյա։

Անհասկանալի տրամաբանությամբ, սխալ էր ընտրվել նաեւ մեծածախ շուկայի տեղը. քաղաքից հեռու, ամայի տարածք, ուր գյուղացին երեւի ցանկություն էլ չունենար հասնելու եւ բերքը հանձնելու։

Ազատականացված շուկայի գլխավոր դերակատարին մոռացության փոշուց հանելու համար դիմեցինք գյուղնախարարության ագրովերամշակման եւ ագրարային աջակցության վարչության պետ Միխայիլ Գրիգորյանին։ Նա նշեց այն հնարավոր տարբերությունները, որոնք կարող են իրական լինել մեծածախ շուկայի կերպարին գյուղատնտեսական մեր իրականության մեջ։ «Մեծածախ շուկան իրականացնում է միջնորդի ֆունկցիաՙ արտադրողի եւ մանրածախ շուկայի միջեւ։ Դա կարող է լինել մեծ պահեստարան, որի տերերն աշխատեցնում են կամ սեփական գումարով, կամ վարկային միջոցներով։ Նրանց խնդիրը լինելու է սեփական փոխադրամիջոցով հասնել գյուղացուն, բերքը գնել, պահեստավորել, հետո նոր կազմակերպել իրացումը։ Կա նաեւ դաշտի եզրերին թեթեւ կոնստրուկցիաներով ժամանակավոր շուկաներ ստեղծելու տարբերակը, որտեղ կիրականացվի բերքի ընդունումն ու հանձնումը։ Կարող է իրականացվել նաեւ տարբեր համայնքներում ստեղծվելիք կոմերցիոն կառույցների տեսքով», ասաց նա։

Ըստ Մ. Գրիգորյանի, գների կարգավորման հարցում անսպասելի թանկացումների կամ էժանացումների վրա մեծածախ շուկան, այնուամենայնիվ, վճռական ազդեցություն չունի։ Ինչպես դրա գոյության, այնպես էլ բացակայության պայմաններում բանջարեղենի ու մրգի գները, իբր, կախված են լինելու միայն առատ կամ նվազ բերքից, արժութային սակագների տատանումներից։

Գյուղացու եւ իրացման գոտիների միջեւ բուֆերային այս կայանը քաղաքակիրթ առեւտրի լավագույն չափանիշն էՙ ընդունված ու փորձարկված ողջ աշխարհում։ Առայժմ նրա գործառույթը Հայաստանում իրականացվում է խիստ տարերային, այսպես ասածՙ սոցիալական «խթանիչների» ներգործությամբ։ Հիմնականում քաղաքաբնակ վերավաճառողները մանրածախ շուկայից գյուղացու հետ փոխադարձ պայմանավորվածությամբՙ ուշ երեկոյան կամ կեսգիշերն անց ընդունում են բերքը, հաճախ կոպեկներ վճարելով կամ էլ իրենք են գնում դաշտերը եւ այնտեղ իրականացնում ձեռնտու առուվաճառքը։

Զարգացած գյուղատնտեսական երկրներում գործում է մեծածախ շուկայի պարզ ու արդյունավետ մի մոդել. այն միրգ ու բանջարեղենի բերքը կենտրոնացնող կառույց է, որը սպասարկում է ե՛ւ ներքին օղակներին, ե՛ւ կազմակերպում է մթերումներ ու արտահանում։

Ըստ Մ. Գրիգորյանի, պետության խնդիրը չէ մեծածախ շուկայի ստեղծումը, եւ պետբյուջեից այդ նպատակին հատկացումներ չեն արվում։ Ազատական տնտեսությունն ինքը պիտի հանգի դրա ստեղծման անհրաժեշտությանը։

Կարծում ենք, շուկայի ստեղծումը վաղուց ժամանակի ընթացքից հետ է ընկել, վկանՙ գյուղացու անելանելի վիճակը։ Նույնիսկ եթե միջոցներ էլ տրամադրվեն, պետությունը պարտավոր է աջակցել, նպաստել խնդրի լուծմանը, հեռանկար, որի ստվերներն առայժմ չեն էլ ուրվագծվում։ Գյուղատնտեսական արտադրությունում սա գործարարության բաց տարածք է, որի տնօրինումը փոխշահավետ կլինի ե՛ւ պետության, ե՛ւ գյուղացու համար։ Շուկայի նախապատմության դառը փորձը կաՙ Մերձավանի լքված կիսակառույցը, եւ գուցե դա օգնի խուսափել սխալների կրկնությունից։

Իսկ քանի դեռ իրավիճակը մնում է նույնը, չկանոնակարգված հարաբերությունների գլխավոր զոհը շարունակում է մնալ գյուղացին։ Ողջ տարին դառը դատելով, աշնանավերջին նա մնում է դատարկաձեռն, երբեք ծախսած դրամին ու աշխատանքին համարժեք փոխհատուցում չստանալով։ Նրա հոգսն է թեթեւացնելու գյուղատնտեսական մեծածախ շուկան։ Իսկ եթե գյուղացին իրեն լավ զգա, հաստատապես քաղաքի բնակչի ինքնազգացողությունն էլ լավ է լինելու։

Մենք մտադիր ենք շարունակել խնդրի վերաբերյալ խոսակցությունը։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4