Պետական եւ գիտական հայացքների հակադրություն....
Իսրայելի «Բաց համալսարանի» պրոֆեսոր, ցեղասպանագետ Յաիր Աուրոնի գործունեությանն ու հրատարակած գրքերին քանիցս անդրադարձել ենք։ Զորյան ինստիտուտի հաղորդագրությունից տեղեկացանք, որ լույս է տեսել նրա նոր գիրքըՙ «Ժխտման անհեթեթություն։ Իսրայելը եւ Հայոց ցեղասպանությունը», որում նա քննության է առնում Իսրայելի տարբեր կառավարությունների, ինչպես նաեւ առաջատար ինստիտուտների դիրքորոշումն ու վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ։ Որքան էլ հրեա որոշ պատմաբաններ ու ցեղասպանագետներ իրենց երկրում ու արտասահմանում անվերապահորեն պնդում են Հայոց ցեղասպանության իրողությունը, միեւնույն է, Իսրայելի պաշտոնական ժխտողական դիրքորոշումը մնում է անփոփոխ։
Նոր գիրքը կարծես նախորդիՙ «Սիոնիզմը եւ Հայոց ցեղասպանությունը» գրքի տրամաբանական շարունակությունն էՙ ամբողջապես հագեցած ցեղասպանության երեւույթը դատապարտող վերաբերմունքով։ Նա վեր է հանում ոչ միայն Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը, այլեւ հանգամանորեն քննում Իսրայելի կառավարության ժխտողական դիրքորոշման դրդապատճառները։
Յաիր Աուրոնն այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսություններով հանդես է եկել Մ. Նահանգների Բոստոն, Չիկագո եւ Դետրոյթ քաղաքներում, Երուսաղեմի հրեական համալսարանում։ Որտեղ էլ նա ելույթ է ունենում, բացահայտորեն ասում է ճշմարտությունը հայերի դեմ թուրքերի գործած ոճիրների մասին ու համարձակորեն քննադատում Իսրայելի ներկայիս կառավարության ժխտողական քաղաքականությունը։
Զուգահեռներ անցկացնելով հայ եւ հրեա ժողովուրդների պատմական անցյալի միջեւՙ նա ընդգծում է մի քանի ընդհանուր առանձնահատկություններ. երկուսն էլ եղել են էթնիկ-կրոնական փոքրամասնություններ եւ դարերով ապրել իրենցից քանակապես ավելի մեծ ժողովուրդների մեջՙ հայերն իրենց պատմական հայրենիքում, հրեաներըՙ տարբեր գաղութներում, հաճախ նույնիսկ իրենց թշնամի երկրում։ Երկու ժողովուրդների ցեղասպանության հիշատակի ամիսը զարմանալի զուգադիպությամբ նույնն է, հրեական օրացույցի փոփոխմամբ երբեմն համընկնում է նույնիսկ օրը։ Աուրոնի համոզմամբ, Հայոց ցեղասպանության հիշատակի օրը պետք է դառնա համայն մարդկության ինքնաճանաչման ու ինքնասթափման օր։ Հրեաներն իբրեւ շոայի (եբր. ցեղասպանություն) զոհեր պարտավոր են հաղորդվել մեկ այլ ժողովրդի ցավերին։ Վերհիշելով 1918 թվականին գրված «Հայկական հարցը սիոնիզմի հայացքով» հոդվածը, նա մեջբերում է սիոնիստների այն միտքը, թե Մերձավոր Արեւելքում խաղաղություն ու բարեկեցություն հաստատող երեք գլխավոր հիմնասյուները պետք է լինեն ազատ ու երջանիկ Հայաստանը, արաբական աշխարհն ու Հրեաստանը։
Հրեա գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքից խորապես ազդված գիտնականն իր սերնդակիցների պես չի մոռանում այն ահասարսուռ երեւույթը, որի դեմ լռող աշխարհը նույն լռությունը պահպանեց նաեւ իր ժողովրդի ոչնչացման ժամանակ։ Յաիր Աուրոնը ցավով նշում է, որ Իսրայելի նոր սերունդը ոչինչ չի լսել Մուսա լեռան մասին, շատ¬շատերը Հայոց ցեղասպանության մասին գրեթե ոչինչ չգիտեն։ Մինչդեռ հրեական Հոլոքոսթի գիտակցումը տարիների ընթացքում ավելի խորացավ սփյուռքի եւ Իսրայելի հրեաների մեջ եւ մեծ դեր խաղաց ազգային ինքնության ճանաչման համար։ Կարեւոր տեղ գրավելով Իսրայելի կրթական համակարգում, Հոլոքոսթը դիտվում է որպես հուդայականության եւ սիոնիզմի դաստիարակման գլխավոր բաղադրիչ։
Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի կառավարության դիրքորոշումը վերլուծելիս իսրայելցի ցեղասպանագետը ձգտում է հնարավորինս պարզ ու հստակ արտահայտել իր մտքերն ու հայացքներըՙ այդ կերպ ջանալով փոխել պետական գործիչների շարունակական ժխտողական վերաբերմունքը։ Իր ակադեմիական աշխատանքներում վեր հանելով պատմական ճշմարտությունը, նա իր պարտքն է համարում դա բացահայտորեն հնչեցնել տարբեր ամբիոններից։ Ճշմարտությունը, որն, ավաղ, նրան ամոթահար է անում Իսրայելի կառավարության ակնհայտ խուսափողական ու ժխտողական դիրքորոշման պատճառով, որի հիմքում ընկած են Թուրքիայի հետ հարաբերությունների եւ Հոլոքոսթի բացառիկության գործոնները։
Այդուհանդերձ, նա հավաստիացնում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հրեաները թե Իսրայելում, թե արտասահմանում կշարունակեն ամեն կերպ պայքարել ցեղասպանության միջազգային ճանաչման համար։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ