«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2003-06-26 | #121, 2003-06-27 | #122, 2003-06-28


«ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ» ՄՐՑԱՆԱԿՙ ՄԻՀՐԱՆ ԴԱԲԱՂԻՆ

Հունիսի 29-ին Մայնի Ֆրանկֆուրտի նշանավոր Փաուլսքիրշեում (Պողոսի տաճար) հանդիսավոր արարողությամբ առաջին անգամ մարդու իրավունքների «Ֆրանց Վերֆել» մրցանակ կհանձնվի Բոխումի Սփյուռք եւ ցեղասպանություն ինստիտուտի հիմնադիր ղեկավար Միհրան Դաբաղին։ Ժյուրիի որոշմամբ դոկտոր Դաբաղի հետ նույն մրցանակին են արժանացել չեխական «Հաշտության խաչ» նախաձեռնության 3 անդամներՙ չեխ-գերմանական երկխոսությանը նպաստելու համար։

Ինչպես ծանուցում է մրցանակը հեղինակած «Ընդդեմ հալածանքների կենտրոն» գերմանական հիմնադրամն իր ինտերնետային էջում, սահմանվածը կրում է մեծանուն գրող Ֆրանց Վերֆելի (1890¬1945) անունըՙ նկատի առնելով վերջինիսՙ աշխարհում լայն քննարկման արժանացած «Մուսա լեռան 40 օրը» վեպը, ուր մեծ արվեստով է պատկերված Թուրքիայից հայերի արտաքսումը եւ նրանց դեմ իրագործված ցեղասպանությունը։ Ժյուրին չեխերին մրցանակ շնորհելիս հաշվի է առել նաեւ այն հանգամանքը, որ մեծանուն գրողը ծնվել է Պրահայում։ Միհրան Դաբաղի պարագայում, ինչպես տեղեկացնում է ինտերնետային հաղորդագրությունը, ժյուրին գտել է այն մարդուն, ով Վերֆելի նման իրեն նվիրել է Հայոց ցեղասպանության հարցի արծարծմանը։

Միհրան Դաբաղի կողմից Բոխումի Ռուր համալսարանին կից հիմնադրված ինստիտուտի վերլուծության նյութ են դառնում հավաքական, պետականորեն հովանավորվող բռնությունը, բնաջնջման կառույցն ու ընթացքը, Հայոց ցեղասպանության հարցը, երիտթուրքերի գաղափարաբանությունը, հավաքական հիշողությունը, սփյուռքի խնդիրները։ Թուրքիայում ծնված գիտնականը բազմաթիվ գրքերի հեղինակ է, ցեղասպանության բնագավառում ճանաչված փորձագետ, ցեղասպանության կառույցի համեմատական հետազոտության տեսաբան։ Միհրան Դաբաղին «Վերֆել» մրցանակ շնորհելով, հաղորդում է տեղեկատվությունը, հիմնադրամը նպատակ ունի 20-րդ դարի մեծագույն ոճրագործության մասին հիշեցնել։ 2001-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը 100 հազարավոր հայերի արտաքսումն ու սպանդը ցեղասպանություն որակեց։ Սա ոչ թե ֆրանսիական, այլ եվրոպական բանավեճի նյութ է, գրված է հաղորդագրության մեջ։

10 հազար եվրո դրամական պարգեւ կազմող մրցանակային գումարը կբաժանվի 2 մասի։ Ժյուրին նախագահում են Բունդեսթագի պատգամավոր Էրիկա Շթայնբախը եւ պրոֆ. Պետեր Գլոցը։ Մնացած անդամներն ենՙ Եվրախորհրդարանի պատգամավոր Դանիել Քոհն-Բենդիտը, Ռալֆ Ջորդանոն, Օտտո ֆոն Հաբսբուրգը, Եվրախորհրդարանի պատգամավոր Քլաուս Հենշը, Հելգա Հիրշը, Բեռլինի արվեստների ակադեմիայի նախագահ Գեորգի Կոնրադը, Օտտո Գրաֆ Լամբսդորֆը, Էստոնիայի նախկին նախագահ (1992¬2001 թթ.) Լեննարթ Մերին։

Հիմնադրամի նպատակն է խաղաղ Եվրոպայի կերտումըՙ հայրենի, ինչպես նաեւ ուրիշՙ հատկապես եվրոպաբնակ ժողովուրդների հալածանքներին ուշադրություն սեւեռելով։

Հեսսեն երկրամասի վարչապետ Ռոլանդ Կոխի հովանավորությամբ անցկացվող մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգա Ֆրանկֆուրտի քաղաքապետ Պետրա Ռոթը, գովասանաճառովՙ ժյուրիի անդամ, գրող, հրապարակախոս Ռալֆ Ջորդանոն եւ հիմնադրամի նախագահ Պետեր Գլոցը։ Մրցանակակիրների շնորհակալական պատասխան խոսքից հետո օրվա հանդիսավոր ելույթը կկարդա գերմանական ազդեցիկ օրաթերթերից մեկիՙ «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» հրատարակիչ Բերթոլդ Քոհլերը։ Ի դեպ, ինչպես տեղեկանում ենք հանդիսավոր օրվաՙ մամուլի համար պատրաստված հակիրճ ծանուցումից, հայ ազգի դատի անխոնջ պաշտպանըՙ Ռալֆ Ջորդանոն մտադիր է իր ելույթում շեշտել, թե հայության հետ կատարվածը չի կարելի բնութագրել հալածանք կամ նմանօրինակ բառերով, միակ համապատասխան եզրը ցեղասպանությունն է։

«Ի՞նչ խորհուրդ ունի, ի՞նչ է նշանակում «Վերֆել» մրցանակը Սփյուռք եւ ցեղասպանություն ինստիտուտի ղեկավարի համար», մեր հարցին ի պատասխան Միհրան Դաբաղն ասաց, թե նախ եւ առաջ դա համարում է ինստիտուտի ստեղծման, գիտական աշխատանքի գնահատում։ «Առաջին անգամ է Գերմանիո մեջ հայկական փորձառությունը, անոր հետ կապված աշխատանքն այսպես պաշտոնական գնահատում ստանում։ Եվ կհուսամ, որ այս քայլեն վերջը Բունդեսթագի նեցուկ կանգնող կեցվածքն իր անդրադարձը կունենա. մինչեւ 2005 թվականը Բունդեսթագն այս քաղաքական ուրացումին հարմար քաղաքական պատասխան մը կուտա»։

Գերմանահայ համայնքի համար լուրը դեռ օրեր առաջ խոսակցության գլխավոր թեման էր։ Այս մրցանակը հայկական համայնքի համար, Հայոց ցեղասպանության ճանաչման համար շատ կարեւոր է։ Մեծ է մեր ուրախությունը, որ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) մեր վաստակաշատ անդամն է նման բարձր գնահատանքի արժանանում, ում նախաձեռնությամբ վերջին տարիներին կազմակերպված հիշատակի միջոցառումները, սեմինարները, ինչպես նաեւ ԳԿԽ հիմնադրամի ստեղծումը լուրջ առաջընթաց ապահովեցին 30-ամյա կազմակերպության համար, ասված է ԳԿԽ շնորհավորական ուղերձում։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Ազգը» ջերմորեն շնորհավորում է գերմանական պատվավոր մրցանակի արժանացած առաջին գիտնական հայինՙ հույս տածելով, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչող հաջորդ երկիրը Գերմանիան է լինելու։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4