«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2003-06-27 | #122, 2003-06-28 | #123, 2003-07-01


ՉՆԱՅԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ՆՐԱ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ

Հունիսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարսում ելույթ ունեցավ եւ ասաց, որ հայ-թուրքական սահմանի բացումը բարդ խնդիր է, որովհետեւ Հայաստանը ընդառաջ քայլեր չի կատարում։ Խոսքը տվյալ դեպքում դիվանագիտական հարաբերությունների համար դեռեւս 1991-ին Հայաստանին առաջադրված հետեւյալ նախապայմանների կատարման մասին էր. չհիշատակել 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին, պաշտոնապես հրաժարվել պահանջատիրությունից, ազդել սփյուռքի վրա, որպեսզի սփյուռքահայությունը դադարեցնի իր «հակաթուրքական» գործունեությունը։

Չնայած Էրդողանի հայտարարությանը, Վաշինգտոնում «Միլլիեթի» թղթակից Յասեմին Չոնգարը նույն թերթի հունիսի 29-ի համարում «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը կարող է սահմանները բացել» խորագրով թղթակցություն հրապարակեց։ Ահա թե ինչ է գրում նա. «Հայաստանի առջեւ սահմանների բացման, նրա հետ սահմանային առեւտրի սկզբնավորման խնդիրը, որը տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության եւ Անկարա-Վաշինգտոն հարաբերությունների համար կարեւոր նշանակություն ունի, օրակարգում է։ Վերջին շրջանում, երբ Բուշի վարչակարգը Հայաստանի նկատմամբ նոր ռազմավարություն որդեգրելու, ինչպես նաեւ որպես առաջնահերթ քայլ սահմանները բացելու համար ուժեղացնում է ճնշումները, ապա իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունն, ի պատասխան Վաշինգտոնին, հասկացնում է, որ այդ ուղղությամբ առաջընթաց քայլի կատարումը միանգամայն հնարավոր է։

ԱՄՆ-ի ղեկավարները վերջին մի քանի շաբաթներին գրեթե ամեն մի հանդիպմանն արծարծեցին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրը։ Դա վերջին անգամ բարձրացվեց Վաշինգտոնում երկրի կառավարող եւ կոնգրեսական շրջանակների հետ բանակցություններ վարող Թուրքիայի Ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի պատվիրակության առջեւ։

Պատվիրակության ղեկավար «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախագահի տեղակալ, Անկարայի պատգամավոր Ռեհա Դենեմեչն այդ առումով ասաց. «Ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ անհրաժեշտ է առաջընթաց քայլ կատարել։ Առեւտուրն այստեղ կարեւոր դեր է խաղալու»։

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4