«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2003-06-27 | #122, 2003-06-28 | #123, 2003-07-01


«ԾՐԱԳՐԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՐԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԵՎԵՌԱՑՈՒՄԸ»

Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) վերջին տարբերակի առնչությամբ, որին այս տարվա մայիսին հավանություն է տվել ծրագրի համակարգող խորհուրդը, իր դիրքորոշումն է հայտնել Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտը (ՄԻԺԻ)։ Այս կազմակերպությունը ԱՀՌԾ նախագծի հանրային քննարկումը կազմակերպողներից է։ Ըստ նրա, «նկատելի են որոշակի սկզբունքային փոփոխություններ» 2002 թ.-ի հոկտեմբերին հրապարակված տարբերակի համեմատ։ Վերջին տարբերակում աղքատության հաղթահարման բացարձակ գերակայություն է հայտարարվել տնտեսական աճի ապահովումը։ Մինչդեռ, ՄԻԺԻ-ն գտնում է, որ տնտեսական աճը որպես բացարձակ, առավել եւս միակ գերակայություն հռչակելը ոչ միայն չի կարող արմատական դրական փոփոխությունների հանգեցնել այս հարցում, այլեւ ընդհակառակըՙ կարող է ավելի խորացնել սոցիալական բեւեռացումը եւ հնարավորությունների անհավասարությունը խոշոր ձեռներեցության ու հասարակության մնացած մասի միջեւ։

Մեր կողմից ավելացնենք, որ 2002 թ.-ի հոկտեմբերին հրապարակված տարբերակի անընդունելիության մասին ներկայացրել ենք մեր փաստարկված տեսակետը։ Եվ այն, որ դրական փոփոխությունների փոխարեն կատարվում են բացասական փոփոխություններ, եւս մեկ անգամ խոսում է ԱՀՌԾ այլեւայլ նպատակներով արտերկրից որպես սոսկ գումարներ պոկելու միջոց դիտարկելու կառավարության մոտեցման մասին։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4