Իսկ գործարքների թիվը նվազել է
Անցյալ տարվա ընթացքում անշարժ գույքի գների արագընթաց աճից հետո, այս տարի առկա է ավելի դանդաղ եւ կայունացող աճի միտումը։ Համաձայն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2003 թ. մայիս ամսվա ցուցանիշների վերլուծության, բազմաբնակարան շենքերի բնակարանների գների ամսական աճը Երեւանում կազմել է 2,5 տոկոս։ Տարեկան աճը կազմել է 56,7 տոկոս։
Ամենաբարձր գները շարունակվում են պահպանվել Կենտրոն համայնքումՙ 1 քմ համար դրանք տատանվում են 200¬970 դոլարի սահմաններում։ Հաջորդը Արաբկիր համայնքն էՙ 1 քմ 150¬550 դոլար։ Այս երկու համայնքները զգալի տարբերությամբ առջեւում են երրորդ տեղում գտնվողների համեմատ։ Դրանք են Քանաքեռ-Զեյթուն համայնքըՙ 100¬330 դոլար, Դավիթաշենըՙ 100¬250, Էրեբունինՙ 90¬300 դոլար 1 քմ-ի համար։ Մյուս համայնքների ցուցանիշները սրանցից չնչին չափով են հետ մնում եւ տատանվում են 80¬240 դոլարի սահմաններում։ Միայն Նուբարաշենում է, որ այս թվերն ավելի ցածր ենՙ 50¬100 դոլար։ Երեւանում անշարժ գույքի գործարքների մեծ մասըՙ 65,5 տոկոսը, գրանցվել է բնակարանների նկատմամբ։
Մարզերում բնակարանների գների աննշան աճ է արձանագրվելՙ ամսական 0,8 տոկոս, տարեկանՙ 10,1 տոկոս։ Այդուհանդերձ, սա կարելի է որոշակի դրական տեղաշարժ համարել, քանի որ մինչեւ վերջերս մարզերում նման միտում չկար։
Առանձնատների առումով պատկերը հետեւյալն է։ Ամսական աճը մայիսին եղել է 2,3 տոկոս, տարեկանըՙ 51,6 տոկոս։ 250 քմ-ի շինություն եւ 400 քմ-ի հողատարածք տնամերձի միջին մակերեսներով առանձնատների նվազագույն եւ առավելագույն գներով անվիճելի առաջատարը Կենտրոն համայնքն էՙ 210¬990 դոլար 1 քմ-ի համար։ Երկրորդն այստեղ Նորք-Մարաշ համայնքն էՙ 185¬640 դոլար։ Այնուհետեւ գալիս են Արաբկիրըՙ 160¬580 դոլար, Քանաքեռ-Զեյթունըՙ 110¬360 դոլար։ Մյուս համայնքներում գներն ավելի ցածր են եւ դարձյալ միմյանցից շատ չեն տարբերվումՙ տատանվելով 85¬300 դոլարի սահմաններում։
Մարզերում, որտեղ անհատական տները գերակշռում են, դրանց գների աճն աննշան է։ Մայիսին դա կազմել է 0,6 տոկոս, տարվա կտրվածքովՙ 8,7 տոկոս։
Որոշակի հետաքրքրություն են առաջացնում գործարքների քանակի վերաբերյալ ցուցանիշները։ Այս տարվա սկզբին, ինչպես հայտնի է, մասնավորապես առուվաճառքի գործարքների թիվը նվազել էր, իսկ գների աճի տեմպերըՙ դանդաղել։ Մայիսի ցուցանիշները բնակարանների եւ առանձնատների առուվաճառքի առումով տարբեր են եղել։ Նախՙ չնայած ընդհանուր առմամբ գների աճի տեմպը պահպանվել է, գործարքները նվազել ենՙ այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ 5,9 տոկոս։ Բնակարանների մասով գործարքների քանակն անցյալ տարվա մայիսի համեմատ նվազել է ավելի քան 26 տոկոսով, իսկ այս տարվա ապրիլի համեմատՙ 4 տոկոսով։ Սա բացատրվում է սեզոնային գործոնով եւ քաղաքական գործընթացների հետ կապված սպասումային տրամադրություններով։
Ի տարբերություն բնակարանների, առանձնատների առուվաճառքի գործարքներն աճել են։ Այս տարվա ապրիլի համեմատ 1,1 տոկոսով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատՙ 8 տոկոսով։ Սա Երեւանում։
Մարզերում ապրիլի համեմատ աճը կազմել է 6,4 տոկոս, նախորդ տարվա մայիսի համեմատՙ մոտ 30 տոկոսով։ Սակայն հակասություն այստեղ չկա։ Ինչպես տեղեկացանք Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գնահատման վարչության պետ Արշակ Խաչատրյանից, առանձնատների շուկան ավելի ուշացումով է արձագանքում ընդհանուր միտումներին, քանի որ դրանց առուվաճառքի գործընթացն ավելի երկար է տեւում։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, գործարքների որոշ նվազման միտում այստեղ կարձանագրվի հուլիս-օգոստոսին։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ