Հետաքրքրական եւ ինքնատիպ մենակատարությամբ վերջերս Նյու Յորքի համալսարաններից մեկում հանդես եկավ սփյուռքահայ հայտնի դերասանուհի Նորա Արմանին։ Նախաձեռնությունն Ամերիկյան Մերձավոր Արեւելքի կենտրոնինն էր։ Ներկայացումը, որ կոչվում էր «Նորա Արմանիի հետ հանրակառքի մեջ» անակնկալային միջադեպեր ունեցավ։ Դերասանուհին բեմ է բարձրանում աղջնակի թեթեւ պահվածքով եւ ողջույնի անսեթեւեթ անմիջականությամբ։ Հանդիսականների մեջ Նորա Արմանին նշմարելով իր համակիրներից մեկինՙ սկսում է նրա կյանքի եւ սերերի մասին հիշողություններ պատմել։ Իր մենախոսության ընթացքում դերասանուհին խոսքի վարպետ մատուցմամբ անդրադառնում է կնոջ ինքնությանը, իր անձնական եւ տոհմիկ պատմությանը, իր տարբեր դերակատարություններին, զանազան երկրներում իր ապրած տարիներին։ Դրանք գեղեցիկ պատմություններ էին, հետաքրքրական դրվագներով ու անակնկալներով։
Իսկ խոսքը կենդանի էր, հմայիչ, տեսքըՙ առինքնող։ Վարպետ կատարմամբ նա հմտորեն իր զգայական աշխարհին կարողանում էր հաղորդակից դարձնել հանդիսականներին, որ վերապրելով այդ անցյալը, իր հետ կարոտում, տխրում ու հիանում էին։ Պատմությունները մերթընդմերթ ընդհատվում էին երաժշտական ու բանաստեղծական արտիստիկ կատարումներով։ Նորա Արմանին տաղանդավոր եւ օժտված անհատականություն էՙ բեմական տվյալների մեծ հնարավորություններով։ Իր ինքնությունը պրպտելու ընթացքում, արտիստուհին հասկանում է, որ ինքը «բազմամշակոյթ աշխարհի մը քաղաքացի է»։
Իր ապրած կյանքի, հետաքրքրությունների, կրակոտ աչքերի ու սերերի մեջ արտիստուհու ջերմ ու տրոփուն սիրտն է դրված, արվեստի ոգին։
Մ. Բ.